HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2021-ին համաշխարհային տնտեսությունը կաճի 4% -ով. Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի բաժինը հրապարակել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների, ներառյալ Հայաստանը, տնտեսական զարգացումներրի և 2020-ի տնտեսական աճի գնահատման և 2021-22 թթ․ կանխատեսումների մասին հաղորդագրություն:

«Վերջին զարգացումները։ Կորոնավիրուսային հիվանդության (ԿՈՎԻԴ-19) համավարակի հետևանքով տարածաշրջանում առողջապահական և տնտեսական լուրջ ճգնաժամ է առաջացել, ինչը խորացել է հասարակական անկարգությունների և հակամարտության պատճառով։ 2020 թ․ կեսերին կայունացումից հետո՝ չորրորդ եռամսյակում դեպքերի տեմպի կտրուկ արագացումը կառավարություններին ստիպեց պահպանել կամ կրկին սահմանել մեղմացման միջոցառումներ։ Ըստ հաշվարկների՝ անցյալ տարի տարածաշրջանի ՀՆԱ-ն կրճատվել է 2,9 տոկոսով, ընդ որում գրեթե բոլոր տնտեսություններն անկում են ապրել, իսկ մոտավորապես երկու-երրորդում սպասվում է, որ արձանագրված անկումն ավելի խորը կլինի, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում։ Համավարակի հետևանքով ամենածանր հարվածը կրել են եվրագոտու հետ առևտրային կամ ֆինանսական ամուր կապեր և ծառայություններից ու զբոսաշրջությունից մեծ կախվածություն ունեցող երկրները (Խորվաթիա, Կոսովո, Չեռնոգորիա)։

Տարածաշրջանի ձևավորվող շուկայական և զարգացող տնտեսությունների պորտֆելից արտահոսքն ավելի մեծ է եղել, քան այլ տնտեսություններում՝ արտացոլելով վստահության կորուստն ու նահանջը դեպի անվտանգություն։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր տնտեսություններում հայտարարվել են հարկաբյուջետային աջակցության փաթեթներ։ Չնայած աջակցության այս և մյուս միջոցառումներին՝ համավարակն, ըստ հաշվարկների, անցյալ տարվա առաջին երեք եռամսյակներում միլիոնավոր աշխատատեղերի կորստյան պատճառ է դարձել։ Գործազուրկների թվի աճը հատկապես ցայտուն էր արտահայտված Կենտրոնական Եվրոպայում և Ռուսաստանում։

Հեռանկար։ 2021 թ․կանխատեսվում է տարածաշրջանային տնտեսության սոսկ չափավոր ընդլայնում՝  մինչև 3,3 տոկոս, քանի որ ԿՈՎԻԴ-19-ով վարակման դեպքերի աճի վերսկսումը տնտեսական ակտիվության տեղի չտվող խաթարումների պատճառ է դառնում։ Հեռանկարը հիմնվում է 2021 թ․ սկզբին առաջադեմ տնտեսություններում ու խոշոր ձևավորվող շուկայական և զարգացող տնտեսություններում, այդ թվում՝ Ռուսաստանում, իսկ տարվա ընթացքում ավելի ուշ՝ մյուս երկրներում արդյունավետ պատվաստանյութի բաշխման փաստի վրա։  Այն ենթադրում է նաև, որ տարածաշրջանում կրկին աշխարհաքաղաքական լարվածությունների ահագնացում չի լինի։

Ռուսաստանում՝ տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունում, 2021 թ․կանխատեսվում է սոսկ համեստ տնտեսական աճ՝ մինչև 2,6 տոկոս, քանի որ երկիրը փորձում է  հաղթահարել ԿՈՎԻԴ-19 վարակման արագության նոր տեմպը։ Ակնկալվում է, որ տնտեսական աճին կաջակցի պատվաստանյութի թողարկումը, արդյունաբերական ապրանքների գների աճը և քաղաքականության աջակցող միջոցառումների շարունակումը։ Կանխատեսվում է, որ Թուրքիայի՝ տարածաշրջանի երկրորդ խոշորագույն տնտեսության աճը 2021 թ․ կկազմի 4,5 տոկոս՝ ներքին պահանջարկի վերականգնման ամրապնդմանը և արտաքին պահանջարկի աճին զուգահեռ։

Կենտրոնական Եվրոպայում այս տարի ակնկալվում է, որ աճը կհաստատվի 3,6 տոկոսում, որին կսատարի առևտրի վերականգնումը, եվրագոտում ակտիվությունը վերականգնվելուն զուգահեռ։  2021 թ․ողջ ընթացքում սպասվում է, որ կպահպանվի բացառիկ մեղմ քաղաքականությունը, այդ թվում՝ քաղաքականության (վերաֆինանսավորման) գրեթե զրոյական տոկոսադրույքները (Հունգարիա, Լեհաստան)։ 2021 թ․ Արևմտյան Բալկաններում ակնկալվում է մինչև 3,5 տոկոս աճի վերականգնում՝ ԿՈՎԻԴ-19-ը վերահսկողության տակ առնելու և քաղաքական անկայունության մեղմացմանը զուգահեռ, սպառողների և տնտեսվարողների վստահությունը վերականգվելու ենթադրությամբ:

2021 թ․ կանխատեսվում է Արևելյան Եվրոպայի ենթատարածաշրջանային տնտեսության դանդաղ  աճ մինչև 1,3 տոկոս ՝ արտացոլելով համավարակի, ներքին թույլ պահանջարկի և Բելառուսի քաղաքական ճնշումների հետ կապված մարտահրավերները։ Հարավային Կովկասում կանխատեսվում է, որ 2021 թ․աճը կբարձրանա 2,5 տոկոսով, երբ համավարակի և հակամարտության հետ կապված ցնցումները ցրվեն և զբոսաշրջությունը վերականգնվի՝ սպառողների և տնտեսվարողների վստահության բարելավմանը զուգահեռ։ Կենտրոնական Ասիայում այս տարի սպասվում մինչև 3 տոկոս աճի վերականգնում՝ ապրանքների գների համեստ աճի և օտարերկրյա ուղղակի ներդրումների օգնությամբ,  «Չինաստանի գոտու և ճանապարհների նախաձեռնությանը» ենթատարածաշրջանի ինտեգրումը խորացնելուն զուգահեռ։

Ռիսկեր։  Հեռանկարի ռիսկերը նկատելիորեն նվազման ուղղությամբ են թեքված։ Մոտ ժամանակահատվածում աճի հեռանկարը մթանգնում է տարածաշրջանում դեպքերի վերջին կտրուկ աճի շուրջ առաջացած անորոշությունը, ինչը նպաստել է որոշ երկրներում հասարակական անկարգությունների և աշխարհաքաղաքական ճնշումների ահագնացման ռիսկին։ ԿՈՎԻԴ -19 դեպքերի թվի աճը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կարող է ավելի խիստ սահմանափակումների և հակազդումների հանգեցնել տնային տնտեսությունների և ընկերությունների կողմից»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter