HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը չի պատասխանում՝ Լաչինի միջանցքի համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ անհրաժե՞շտ են, թե՞ ոչ

Կառավարությունը խուսափում է պատասխանել այն հարցին, թե Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով կամ ինչպես ասվում է եռակողմ հայտարարության մեջ, Լաչինի միջանցքով, քաղաքացիական անձանց տեղաշարժը կազմակերպելու համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ անհրաժե՞շտ են, թե՞ ոչ։ Այս հարցը ու ևս երեք հարցեր գրավոր տարբերակով 2020թ․ դեկտեմբերի 4-ին ուղարկել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեր հարցմանը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է դեկտեմբերի 30-ին։

Այս հարցման անհրաժեշտությունը առաջացավ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհից Ադրբեջանի զինված ուժերը քաղաքացիական անձանց են առևանգել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր էինք հղել հրադադարի հաստատումից հետո այդ ճանապարհից առևանգված քաղաքացիական անձանց քանակի և վերադարձի կազմակերպման վերաբերյալ, հետաքրքրվել էինք, թե այս հարցի առնչությամբ հայկական կողմը իր մտահգությունը հայտնե՞լ է Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանություններին, ինչպես նաև արդյոք անհրաժե՞շտ չեն լրացուցիչ երաշխիքներ Լաչինի միջանցքով քաղաքացիական անձանց անվտանգ տեղաշարժը կազմակերպելու համար, և եթե անհրաժեշտ են, ապա ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում այդ երաշխիքները։

Հարկ է նշել, որ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը մեր հարցերից երկուսին պատասխանել է՝ հղում անելով դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին։ Այսինքն՝ այն հարցազրույցին, որը հրապարակվել է մեր հարցումն ուղարկելուց 12 օր անց։

Մասնավորապես մեր՝ անվտանգության երաշխիքների մասին հարցին, պատասխանել են՝ վարչապետի հարցազրույցի հետևյալ հատվածով՝ «․․․կա հետևյալ պայմանավորվածությունը՝ Լաչինի միջանցքում, ինչպես բխում է համատեղ հայտարարությունից, չպետք է լինեն ո՛չ ադրբեջանական և ո՛չ էլ հայկական զորքերի ստորաբաժանումներ, և ամբողջությամբ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Եվ հիմա խնդիրն այն է, որ այդ պրոցեսը պետք է տեղի ունենա սինխրոն»։

Ինչպես նկատում ենք, մեր հարցին կոնկրետ պատասխան չի տրվել։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

Հարցրել էինք, թե ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող և Ադրբեջանի երաշխավորած անվտանգության պայմաններում ինչպես է ստացվում, որ այդ ճանապարհից քաղաքացիական անձինք են առևանգվում։ Վարչապետի աշխատակազմից կրկին հղում են արել «Ազատությանը» տրված հարցազրույցին՝ մեջբերելով ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցության վերաբերյալ խոսքերը։ Վարչապետը շեշտել էր, որ եռակողմ հայտարարության երաշխավորը Ռուսաստանն է, և դրույթների խախտումները պետք է արձանագրվեն և այդ խախտումներին պետք է հետևեն կոնկրետ քայլեր։

Անպատասխան է մնացել նաև Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհից առևանգված քաղաքացիական անձանց քանակի վերաբերյալ հարցը, ընդամենը նշվել է, թե պետական գերատեսչությունները պարբերաբար տեղեկություններ են հաղորդում գերեվարված զինծառայաողների և քաղաքացիական անձանց մասին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրեց 2 քաղաքացիական անձի, ևս 3-ը վերադարձվեցին դեկտեմբերի 9-ին։ Նույն օրը ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց նաև մեկ տղամարդու դի։

Ամենամեծ թվով գերիները Հայաստան վերադարձվեցին դեկտեմբերի 14-ին։ Այդ օրը Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 գերիներ և պահվող այլ անձինք, իսկ հակառակ ուղղությամբ՝ 12։ Դեկտեմբերի 28-ին ևս 4 հայ գերիներ վերադարձվեցին հայրենիք։

Լուսանկարում՝ Բերձորի (Լաչինի) անցակետը / © Հակոբ Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter