Կիմ Չեն Ընը հայտարարել է տնտեսական պլանի ձախողման մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է երկրի տնտեսական զարգացման հնգամյա պլանի «ջախջախիչ ձախողման» մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Հունվարի 5-ին, հանդես գալով Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարի բացման ժամանակ, Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ տնտեսական զարգացման պլանով սահմանված նպատակները, որոնք պետք է իրականացվեին մինչև 2020 թվականի ավարտը, որևէ ոլորտում չեն իրագործվել։
Նրա խոսքերով՝ բաց թողնված սխալները պետք է մանրամասն ուսումնասիրվեն և վերլուծվեն։ Ընդ որում, Կիմը նշել է, որ ԿԺԴՀ ժողովուրդը և Աշխատավորական կուսակցությունը, կորոնավիրուսի համավարակի պայմաններում, «վճռականորեն հաղթահարել են դժվարությունները»։
Ակնկալվում է, որ կուսակցության համագումարի ընթացքում, որը երկրի պատմության մեջ կազմակերպվում է ութերորդ անգամ, կընդունվի հաջորդ հնգամյա տնտեսական պլանը, ինչպես նաև կհաստատվի ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ հարաբերությունների նոր քաղաքական գիծը։
2021 թվականի հունվարի 1-ին Կիմ Չեն Ընը հրաժարվել էր ժողովրդին ամանորյա ավանդական ուղերձից՝ շնորհավորական նամակներ գրելով քաղաքացիներին, որտեղ Հյուսիսային Կորեայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել «դժվարին ժամանակներում իշխող կուսակցությանը աջակցելու համար»։
Լուսանկարը՝ Reuters-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել