HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ փորձագետներին չեն թույլատրել մուտք գործել Չինաստան. նրանք ուսումնասիրում են կորոնավիրուսի ծագումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներին, որոնք մտադրված էին պարզել կորոնավիրուսի ծագումը, չեն թույլատրել մուտք գործել Չինաստան։ Այդ մասին գրում է BBC-ն։ ԱՀԿ-ը հայտարարել է, որ կազմակերպության երկու փորձագետների մուտքը չի թույլատրվել չինական իշխանությունների կողմից, քանի որ խնդիրներ են ունեցել վիզայի հետ։ 

ԱՀԿ փորձագետները պետք է ժամանեին Ուհան, որտեղ 2019 թվականի վերջին, առաջին անգամ, հայտնաբերվել էր կորոնավիրուսը։ Փորձագետները կարծում են, որ այն առաջացել է տեղի շուկայում։ 

Դեռ 2020 թվականի դեկտեմբերին, մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում, Չինաստանի իշխանությունները համաձայնվել էին ընդունել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներին։ Ինչպես հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, նա շատ վշտացած է, որ Պեկինն այդպես էլ չի տվել մուտքի թույլտվություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու փորձագետներ արդեն իսկ եղել են Ուհանի ճանապարհին։

«Ինձ վստահեցնում էին, որ Չինաստանը արագացնում է իր ներքին ընթացակարգերը՝ միջազգային փորձագետների ժամանումն արագ կազմակերպելու համար»,- երեքշաբթի՝ հունվարի 5-ին Ժնևում կայացած մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել էր ԱՀԿ ղեկավարը։ Նա հավելել է, որ մշտական կապի մեջ է չինական արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

ԱՀԿ-ը մի քանի ամիս է փորձում է իր փորձագետներին ուղարկել Չինաստան, որտեղ նրանք պետք է պարզեին վիրուսի ծագումը, ինչպես նաև այն հանգամանքը, թե ինչպես է վիրուսը կենդանուց փոխանցվել մարդուն։ 2020 թվականի դեկտեմբերին ԱՀԿ-ը հայտարարել էր, որ աշխատանքները կսկսվեն 2021 թվականի հունվարից։ Հունվարի 5-ին աշխատանքային խմբի երկու անդամները մեկնել էին Չինաստան, սակայն, ինչպես նշում է Reuters գործակալությունը, հղում անելով ԱՀԿ արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Մայք Ռայանին, փորձագետներից մեկը հետ է ուղարկվել, իսկ երկրորդը դեռևս գտնվում է երրորդ երկրում։

Covid-19-ը առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականի վերջին չինական Ուհան քաղաքում, որը գտնվում է կենտրոնական Հուբեյ նահանգում։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ վիրուսն առաջացել է տեղի շուկայում, որտեղ պարենային ապրանքների հետ մեկտեղ վաճառվել են նաև էկզոտիկ կենդանիներ, մասնավորապես, թեփամորթ, որի միսը Չինաստանում հայտնի դելիկատես է։ Այդ կենդանիները Չինաստանում կիրառվում են նաև բժշկական նպատակներով։

Ամենասկզբում շրջանառվում էր այն վարկածը, որ հենց այդ շուկայում է վիրուսը մուտացիայի արդյունքում կենդանիներից փոխանցվել մարդուն։ Այդուհանդերձ, մինչ օրս չկա այդ վարկածի գիտական ապացույցը։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ վիրուսը ոչ թե առաջացել է Ուհանի շուկայում, այլ այդ շուկան եղել է նպաստավոր միջավայր՝ վիրուսի տարածման համար։ 

Կա վարկած նաև այն մասին, որ կորոնավիրուսները, տասնյակ տարիներ շարունակ, հայտնաբերվել են չղջիկների մոտ։ Բայց որպեսզի մարդը կարողանա վարակվել, անհրաժեշտ էր միջանկյալ փոխադրող: Մինչ օրս հայտնի չէ, թե որ կենդանին կարող էր լինել այդ փոխադրողը։

Reuters գործակալությունը պնդում է, որ չինական իշխանությունները փորձում են փոփոխել վիրուսի ծագման վերաբերյալ համընդհանուր պատկերացումները։ Չինացի բարձրաստիճան պաշտոնյաները մեջբերում են որոշակի հետազոտություններ, որոնք, նրանց խոսքերով, ցույց են տալիս, որ հիվանդությունը միանգամից ի հայտ է եկել մի քանի շրջաններում։

Լուսանկարը՝ Anthony Kwan/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter