HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անկարգություններ Վաշինգտոնում. ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը խոստացել է անցնցում հեռանալ

13:25

Դոնալդ Թրամփը խոստացել է անցնցում հեռանալ Սպիտակ տնից։ Քանի որ Թրամփի սոցիալական էջերը արգելափակված են, նրա գրառումը հրապարակվել է վարչակազմի պաշտոնյաներից մեկի՝ Դեն Սկավինոյի թվիթերյան միկրոբլոգում։ Գրառման մեջ Թրամփը ևս մեկ անգամ նշել է ընտրությունների արդյունքների կեղծման մասին։

«Չնայած նրան, որ ես կտրականապես համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, և փաստերը դրանք հաստատում են, այդուհանդերձ, հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության փոխանցում»,- նշել է Թրամփը։ Գրառումը հայտնվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը։

12:40

ԱՄՆ Կոնգրեսը հատուկ նիստի ժամանակ հաստատել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը` 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին գրել է նաև CNN-ը։ Ընտրությունների արդյունքում Բայդենը ստացել էր ընտրիչների 306 ձայն, իսկ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 232 ձայն։

Հանրապետականների փորձերը մի քանի նահանգներում վիճարկելու ընտրությունների արդյունքները, այդ թվում Փենսիլվանիայում և Ջորջիայում, տապալվել են։ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստը, որի ժամանակ պետք է հաստատվեր նախագահական վերջին ընտրությունների արդյունքները ընդհատվել էր Կապիտոլիում ցուցարարների ներխուժման պատճառով։ 

09:24

Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների զոհերի թիվը հասել է 4-ի։ Այդ մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը և Կոլումբիայի շրջանի ոստիկանության պետ Ռոբերտ Քոնթին։ Ավելի վաղ նշվում էր, որ մահացածներից մեկը կին է, որը ծնունդով Սան Դիեգոյից է և ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան։

Ոստիկանության պետը պատմել է նրա մահվան մանրամասները։ Կինը և մի քանի այլ մարդ ներխուժել են նիստերի դահլիճ, որտեղ տեղի էին ունենում լսումները։ Նրանց դիմադրել են քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնցից մեկը հանել է իր զենքը և կրակ արձակել։ Կոնջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Իշխանությունները չեն նշում կնոջ անունը, քանի դեռ չեն տեղեկացվել նրա մտերիմ բարեկամները։

Կապիտոլիումի տարածքում հայտնաբերվել է ևս երեք մարմին՝ կնոջ և երկու տղամարդու։ Նրանք բոլորը չափահաս են։ Անկարգությունների արդյունքում տուժել է ոստիկանության առնվազն 14 աշխատակից։ Երկուսը հոսպիտալացվել են։ Նրանցից մեկը ծանր վիրավոր է։ Ոստիկանության պետի խոսքերով, տեղի ժամանակով 21:30-ի դրությամբ, ձերբակալվել է 52 մարդ, որոնցից 4-ը անօրինական զենք կրելու, 1-ը՝ արգելված զենքի կրման, իսկ 47-ը՝ պարետային ժամի խախտման համար։

08:47

Վաշինգտոնում արտակարգ իրավիճակի դրությունը երկարաձգվել է ևս 15 օրով։ Նման որոշում է կայացրել Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը։ Արտակարգ իրավիճակի դրությունը կավարտվի Ջո Բայդենի երդմնակալության օրը։ Քաղաքում արդեն իսկ գործում է պարետային ժամը, որի խախտման համար տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել։ 

«Բազմաթիվ մարդիկ Կոլումբիայի շրջան են եկել զինված, որպեսզի մասնակցեն բռնություններին և ավերածություններին և նրանք մասնակցեցից բռնություններին և ավերածություններին։ Նրանք կիրառել են քիմիական խթանիչներ, աղյուսներ, շշեր և հրազեն»,- նշել է Բաուզերը։

Արտակար իրավիճակի դրությունը քաղաքային իշխանություններին հնարավորություն կտա երկարացնել պարետային ժամը, ուժեղացնել արտակարգ օգնության ծառայությունները, կազմակերպել առաջին անհրաժեշտության ապրանքների բաժանումը և օգտագործել հավելյալ ռեսուրսներ՝ բնակչության պաշտպանության համար։

06:37

Կապիտոլիումի վրա հարձակումը քննադատել է նաև ԱՄՆ նախագահի հանրապետական նախկին թեկնածու Միթ Ռոմնին։ «Հիասթափված ընտրողների նկատմամբ հարգանքի լավագույն դրսևորումը նրանց ճշմարտությունն ասելն է։ Իսկ ճշմարտությունն այն է, որ ընտրված նախագահ Բայդենը հաղթել է ընտրություններում։ Նախագահ Թրամփը պարտվել է։ Ինձ հետ նման բան եղել է։ Դա տխրեցնող է։»

Իր ելույթից ոչ շատ առաջ համացանցում տարածվել է Ռոմնիի լուսանկարը, որտեղ նա խեթ հայացքով նայում է հանրապետական սենատոր Ջոշ Հոուլիին։ Վերջինս այն սենատորներից է, որոնք կասկածի տակ են դնում նախագահական ընտրությունների արդյունքները և հրաժարվում ընդունել 6 «վիճելի» նահանգների քվեարկության արդյունքները։

06:11

Instagram-ը 24 ժամով ևս արգելափակել է Թրամփի օգտահաշիվը՝ Facebook-ից, Twitter-ից և YouTube-ից հետո դառնալով չորրորդ սոցիալական ցանցը, որն արգելափակել է ԱՄՆ գործող նախագահի օգտահաշիվը։ Այս սոցիալական ցանցից Թրամփն այդքան ակտիվ չի օգտագործում, չնայած ունի մեծ թվով հետևորդներ։ Instagram-ում Թրամփը հիմնականում կիվում է ընտանեկան և հայտնի մարդկանց հետ լուսանկարներով։

The New York Times-ը և CNN-ը, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ Դոնալդ Թրամփը չի ցանկացել Ազգային գվարդիան ուղարկել Կապիտոլիում։ Հրամանն արձակվել է փոխնախագահ Մայք Փենսի կողմից։ The New York Times-ի տվյալներով՝ Փենսն այդ որոշումն ընդունել է՝ համաձայնեցնելով Սպիտակ տան խորհրդական Փեթ Չիպոլոնեի հետ։ Վերջինս իրավաբան է և պաշտպանել է Թրամփին՝ իմպիչմենտի վերաբերյալ Սենատի լսումների ժամանակ։ The New York Times-ի և CNN-ի այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

05:29

ԱՄՆ Կոնգրեսում վերսկսվել են լսումները, որտեղ օրենսդիրները պետք է հաստատեն 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքները և Ջո Բայդենի հաղթանակը։ «Նրանք, որոնք այսօր մեր Կապիտոլիումում քաոս էին կազմակերպել, իմացեք, դուք չեք հաղթել։ Բռնությունը երբեք չի հաղթում։ Հաղթում է ազատությունը և սա, նախկինի պես, Ժողովրդի տունն է։ Աշխարհը կրկին ականատես կլինի մեր ժողովրդավարության կայունությանն ու ուժին, նույնիսկ աննախադեպ բռնությունից և վանդալիզմից հետո»,- հայտարարել է լսումներին ներկա փոխնախագահ Մայք Փենսը։ Երկու կուսակցությունների օրենսդիրները ցափահարություններով են դիմավորել Փենսի խոսքերը։

ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը կատարվածի ողջ մեղքը դրել են Դոնալդ Թրամփի վրա։ «Պատմությունը կհիշի այսօրվա հարձակումը, որոնք հրահրվել են գործող նախագահի կողմից։ Նա շարունակում է անհիմն ստել օրինական ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ որպես մեր երկրի «մեծագույն ամոթի»»,- տեղի ունեցածը այսպես է որակել նախկին նախագահ Բարաք Օբաման։

Իսկ Բիլ Քլինթոնի խոսքերով՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակումը «արդյունքն է ավելի քան չորս տարի վարվող թունավորման քաղաքականության, որը տարածում է աննախադեպ ապատեղեկատվություն, սերմանում անվստահություն և ամերիկացիներին տրամադրում մեկը մյուսի դեմ»։ «Հարձակումը հրահրվել է Դոնալդ Թրամփի և նրա մի քանի աջակիցների կողմից, այդ թվում որոշ կոնգրեսականների, որպեսզի չեղարկեն իրենց պարտված ընտրությունների արդյունքները։ Ընտրությունները եղել են ազատ, հաշվարկը՝ արդար, արդյունքը՝ վերջնական»,- նշել է Քլինթոնը։

05:20

ԱՄՆ Հանրապետական կուսակցության մեծ թվով անդամներ քննադատել են Կապիտոլիումի ուղղությամբ հարձակումը և Թրամփի հռետորաբանությունը։ Հյուսիսային Կարոլինայից հանրապետական սենատոր Ռիչարդ Բերը տեղի ունեցածի ողջ մեղքը դրել է Թրամփի վրա։ «Նախագահը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար՝ առաջ քաշելով չհիմնավորված դավադրության տեսություններ»,- հայտարարել է նա։ Նույն տեսակետին է նաև Վայոմինգ նահանգից հանրապետական կոնգրեսական Լիզ Չեյնին։ «Կասկած չկա, որ նախագահը հավաքել է ամբոխին, նախագահը հրահրել է ամբոխին, նախագահը դիմել է ամբոխին։ Նա վառեց կրակը»,- հայտարարել է Չեյնին։

Վաշինգտոն նահանգից կոնգրեսական Քեթի Մաքմորիս Ռոջերսը նշել է, որ ներկայումս ինքը որոշել է քվեարկել Ջո Բայդենի հաղթանակի օգտին։ Կապիտոլիում և դրա հարակից տարածքում տեղի ունեցածը նա որակել է անօրինականություն և անընդունելի հանգամանք, իսկ Թրամփին կոչ արել «քննադատել և վերջ դնել այդ խելագարությանը»։

Կոլորադո նահանգի հանրապետական կառավարությունը նույնպես քննադատել է ցուցարարների կողմից Կապիտոլիում ներխուժումը, իսկ Հանրապետական կուսակցության հանրային կապերի տնօրեն Մայքլ Արենսը տեղի ունեցածն անվանել է «ներպետական ահաբեկչություն»։ 

04:36

Իլինոյս նահանգի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերը պահանջել է իմպիչմենտի հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ։ «Նախագահ Թրամփը վտանգ է ներկայացնում մեր երկրի համար։ Նա պետք է ենթարկվի իմպիչմենտի և անմիջապես հեռացվի զբաղեցրած պաշտոնից»,- հայտարարել է Իլինոյսի դեմոկրատ նահանգապետը։

Twitter-ն էլ 12 ժամով արգելափակել է Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Ընկերությունը հայտարարել է, որ Թրամփի օգտահաշիվը կշարունակի մնալ սառեցված, եթե նա չջնջի իր երեք գրառումները։ Հետագա խախտումների պարագայում, Twitter-ը խոստացել է ընդմիշտ արգելափակել ԱՄՆ գործող նախագահի օգտահաշիվը։ 

Ավելի վաղ, Twitter-ը, Facebook-ից և YouTube-ից հետո, ջնջել էր ցուցարարներին ուղղված Թրամփի տեսաուղերձը և այն գրառումը, որտեղ Թրամփը հայտարարում է ընտրությունների կեղծման մասին։ Facebook-ը հայտարարել էր, որ տեսաուղերձի առկայությունը ավելի էր մեծացնում բռնության ռիսկը։ YouTube-ն էլ հայտարարել է, որ տեսաուղերձը ջնջվել է այն պատճառով, որ «խախտում էր կանոնները՝ կեղծ տեղեկատվություն տարածելով ընտրությունների արդյունքների վերաբերյալ»։

Ավելի ուշ, Facebook-ը 24 ժամով արգելափակել է Թրամփի էջին հասանելիությունը։

04:11

ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման գործընթացը։ Այն հնարավոր է դարձել այն պատճառով, որ իրավապահ մարմինները կարողացել են Կապիտոլիումի բլրից հեռացնել դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներին։

Ինչպես ընդգծել է Կոնգրեսում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Ջեյմս Քլայբերնը, երկու պալատների ներկայացուցիչները բանակցություններ են վարել ոստիկանության, ԱՄՆ արդարարադատության նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների հետ, որոնք վստահեցրել են, որ օրենսդիրները կարող են վերադառնալ ընտրությունների արդյունքների հաստատման գործընթացին։

Փոխնախագահ Մայք Փենսը, որը նույնպես մասնակցել է ընտրությունների արդյունքների հաստատմանը, նույնպես հայտարարել է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը։

03:55

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է Կապիտոլիումի շենքի գրոհը՝ այն անվանելով «նողկալի» և «սրտահույզ»։ Չնայած Բուշը չի հիշատակել նախագահ Թրամփին, նրա ուղերձում հստակ հղում կա ինչպես գործող նախագահի, այնպես էլ Հանրապետական կուսակցության մյուս ներկայացուցիչների վրա։ «Ես ցնցված եմ ընտրություններից հետո որոշ քաղաքական առաջնորդների անխոհեմ վարքագծից և այսօր մեր ինստիտուտների, մեր ավանդույթների և մեր իրավապահ մարմինների նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքից։ Այդպես ընտրությունների արդյունքները վիճարկում են «բանանային» հանրապետություններում, և ոչ թե մեր ժողովրդավար երկրում»,- նշվում է Ջորջ Բուշ կրտսերի հայտարարության մեջ։

BBC-ը փոխանցել է, որ Վաշինգտոնում ոստիկանությունը շրջափակել է Կապիտոլիումի բլուրը։ Սենատի և Կոնգրեսի շենքերի մոտ տեղադրվել են մետաղական արգելապատնեշներ, մի քանի հարյուր ոստիկաններ փակել են դեպի կառավարական հաստատություններ տանող բոլոր ուղիները։

03:26

CNN-ը գրում է, որ Կոնգրեսի Սենատի դահլիճը մաքրվել է Դոնալդ Թրամփի աջակիցներից: Ցուցարարներին դուրս են բերում Կոնգրեսի շենքից։ Նշվում է, որ առկա են ձերբակալվածներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում։

Զուգահեռաբար, ամերիկյան մյուս լրատվամիջոցներն էլ գրում են, որ վերականգնվել է Կապիտոլիումի անվտանգությունը։ Տեղում աշխատող լրագրողները հայտնում են, որ կոնգրեսականներն այդ լուրը դիմավորել են ծափահարություններով։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Կապիտոլիումում այսօր տեղի ունեցած անկարգությունների հետևանքով արդեն իսկ առկա է մեկ զոհ։ Կանանցից մեկը ստացել է մահացու վիրավորում։ NPR հանրային ռադիոն, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին, հայտնում է, որ դեռևս պարզ չէ, թե ով է կրակել կնոջ վրա։

Վաշինգտոնի ոստիկանությունը հայտարարել է, որ Կապիտոլիումի բլրի շրջանում հայտնաբերվել և վնասազերծվել են երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Դրանցից մեկը հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի շենքից ոչ շատ հեռու։

03:11

Washington Post-ը հայտնում է, որ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը Իվանկա Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ Կապիտոլիումը «պաշարած» անձանց անվանել է «ամերիկյան հայրենասերներ»։ Երբ գրառումը բացասական մեծ արձագանք է ստացել, նա հեռացրել է այն։

«Ամերիկյան հայրենասերնե՛ր, անվտանգության ցանկացած խախտում կամ մեր իրավապահ մարմինների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը անթույլատրելի է։ Բռնությանը անմիջապես պետք է վերջ դրվի։ Խնդրում եմ, ձեզ հանգիստ պահեք»,- նշվում էր Իվանկա Թրամփի ջնջված գրառման մեջ։ 

Facebook սոցիալական ցանցի ադմինիստրատորներն էլ հեռացրել են Դոնալդ Թրամփի տեսաուղերձն իր աջակիցներին, որտեղ նա Կապիտոլիում ներխուժած ցուցարարներին կոչ էր անում գնալ տուն՝ զուգահեռաբար խոսելով ընտրությունների կեղծման և իրենից հաղթանակի խլման մասին։ «Սա արտակարգ իրավիճակ է և մենք ձեռնարկում ենք համապատասխան արտակարգ միջոցներ, այդ թվում նախագահի Թրամփի տեսագրության հեռացում։ Մենք այն հեռացրել ենք, քանի որ վստահ ենք, որ այն ավելի շուտ մեծացնում է բռնության ռիսկը, քան նվազեցնում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Facebook-ի փոխնախագահ Գայ Ռոսենը։

02:57

Զուգահեռաբար փոքրաթիվ բողոքի ցույցեր են ընթանում նաև ամերիկյան մյուս նահանգներում, ներառյալ Օրեգոնում, Ջորջիայում և Կոլորադոյում։ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում մի քանի ցուցարարներ դրոշներով և Թրամփին աջակցող կարգախոսներով գտնվում են տեղի Կապիտոլիումի մոտ։ Ցուցարարների կողմից տեղադրված բարձրախոսներից հնչել է Թրամփի ուղերձը, որը ցուցարարներին կոչ էր անում գնալ տուն։ «Դա մեր նախագահն էր։ Բայց մենք տուն չենք գնա, մենք միայն նոր ենք սկսել մեր պայքարը»,- հայտարարել է ցուցարարների առաջնորդներից մեկը։

Օրեգոն նահանգից դեմոկրատ սենատոր Ջեֆ Մերքլին, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Կապիտոլիումի աշխատակիցները հասցրել են վերցնել ընտրիչների ձայների տուփերը, որոնք պետք է հաստատվեին Կոնգրեսի երկու պալատների միացյալ նիստի ժամանակ։ Դեմոկրատ սենատորը հայտարարել է, որ շենք ներխուժած ամբոխը կայրեր այն։ 

Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամ Իլհան Օմարն էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Թրամփը աջակիցների գործողություններն իրեն նորից ստիպում են հայտարարել հեռացող նախագահին, մինչև պաշտոնավարման ժամկետի պաշտոնական ավարտը, իմպիչմենտ (անվստահություն) հայտարարելու անհրաժեշտության մասին։ Ջորջիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ դեմոկրատները կարողացել են մեծամասնություն ստանալ նաև Սենատում և ներկայումս նրանք վերահսկում են Կոնգրեսի երկու պալատներն էլ, ինչը Թրամփին իմպիչմենտ հայտարարելու հարցը դարձնում է զուտ տեխնիկական։

«Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի։ Մենք չենք կարող նրան թույլ տալ զբաղեցնել այդ պաշտոնը։ Սա մեր պետության պահպանման հարցն է և մենք պետք է կատարենք մեր կողմից տրված երդումը»,- գրել է դեմոկրատ կոնգրեսականը։

02:45

ԱՄՆ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիս Միլերը հայտարարել է, որ Կապիտոլիումի շուրջ տեղի ունեցող իրավիճակը քննարկել է Կոնգրեսի առաջնորդների և փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած խորհրդակցության մասին Միլերը ոչինչ չի նշել։ Քննարկումներին մասնակցել է նաև ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան գեներալներից մեկը։

Զուգահեռաբար ամերիկյան հեռուստաընկերություններն ուղիղ եթերում ցույց են տալիս Կապիտոլիումի մոտ ծավալվող իրադարձությունները։ Տեսանյութերից պարզ է դառնում, որ մի քանի տասնյակ ցուցարարներ շարունակում են մնալ Կապիտոլիումի մուտքի մոտ և պարբերաբար բախվում ոստիկանության ներկայացուցիչների հետ։ Մուտքի աստիճանների մոտ երևում են արցունքաբեր գազի բալոնները, պարբերաբար լսվում են խլացուցիչ նռնակների ձայներ։ 

BBC-ի թղթակցի փոխանցմամբ, տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 02:00-ին), Կապիտոլիումի բլրի մոտ տեղակայվել են ԱՄՆ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումներ։ Ցուցարարները, իրենց հերթին, խոստացել են, որ կշարունակեն անժամկետ «բռնազավթել» Սենատի և Կոնգրեսի շենքերը։

02:38

Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել աշխարհի երկրների առաջնորդներ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կապիտոլիումում տեղի ունեցողն անվանել է «ամոթ»։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը աշխարհում ժողովրդավարության առաջամարտիկներից է և այդ իսկ պատճառով կարևոր է, որ տեղի ունենա իշխանության խաղաղ և կարգավորված փոխանցում։ Բրիտանական ընդդիմության առաջնորդ սըր Քիր Սթարմերն էլ գրել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցողը «ուղիղ հարձակում է ժողովրդավարության վրա»։ «Սարսափեցնող տեսարաններ են գալիս ԱՄՆ-ից։ Դրանք «ցուցարարներ» չեն, սա ուղիղ հարձակում է ժողովրդավարության և օրենսդիրների վրա, որոնք իրականացնում են ամերիկյան ժողովրդի կամքը»,- գրել է Սթարմերը։

Տեղի ունեցողի վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Պետք է հարգել ժողովրդավարական ընտրությունների արդյունքները»,- գրել է նա։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանն ու լիահույս են, որ ԱՄՆ-ը կհաղթահարի ներքաղաքական ճգնաժամը:

02:27

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով։ Նա հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունները կեղծվել են, սակայն իր աջակիցներին կոչ է արել «տուն գնալ» և իրենց «հանգիստ պահել»։

«Գնացեք տուն, մենք ձեզ սիրում ենք, դուք ամենահատուկն եք»,- իր ուղերձում հայտարարել է Թրամփը։ Թվիթերն արդեն իսկ Թրամփի այս գրառումը պիտակել է որպես ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվություն։ Այն հնարավոր չէ կիսվել կամ հավանել։

02:14

Ուղերձով հանդես է եկել 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված Ջո Բայդենը։ Նա Վաշինգտոնում տեղի ունեցողը որակել է որպես «ժողովրդավարության վրա աննախադեպ հարձակում, որն իրականացվել է ոչ մեծ թվով ծայրահեղականների կողմից»։ 

Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել անմիջապես հանդես գալ հեռուստաուղերձով և պահանջել, որպեսզի Կոնգրեսի շենքի «պաշարումը» ավարտվի։ «Ուզում եմ շատ պարզ արտահայտվել. Կապիտոլիումում քաոսի տեսարանները այն չեն, ինչը մենք իրականում կանք։ Մենք տեսնում ենք անօրինականություններ գործած ծայրահեղականների մի փոքր խումբ։ Սրանք ցույցեր չեն, սրանք անկարգություններ են։ Սա մոտ է ապստամբությանը և պետք է դադարեցվի։ Հենց հիմա։»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բայդենը։

02:05

CNN-ը գրում է, որ Կապիտոլիում ներխուժող ցուցարարներին կանգնեցնելու ժամանակ տուժել են մի քանի ոստիկաններ, առնվազն մեկը հոսպիտալացվել է։

NBC հեռուստաընկերության թղթակից Փիթ Ուիլյամսը, MSNBC կաբելային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ անկարգությունների վայրում հայտնաբերվել է առնվազն մեկ պայթուցիկ սարք։ Այն արդեն իսկ իրավապահների մոտ է։

01:54

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մաքքենանին հայտնել է, որ դեպի Կապիտոլիում է շարժվում Ազգային գվարդիան։ The New York Times-ը հայտնում է, որ մարտական պատրաստության են բերվել Ազգային գվարդիայի մայրաքաղաքային բոլոր ուժերը (1100 մարդ)։ Թերթի տվյալներով՝ Վաշինգտոն է շարժվում նաև հարևան Վիրջինիա նահանգի ոստիկանությունը և Ազգային գվարդիան։

Ավելի ուշ, Մերիլենդ նահանգի նահանգապետն էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Մերիլենդի Ազգային գվարդիայի ուժերի ևս ուղղևորվում են մայրաքաղաք Վաշինգտոն։

The New York Times-ը նաև գրում է, որ Թրամփի աջակիցները ավիրել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասենյակը։ Նրանք պատերից պոկել են նկարները և շրջել սեղանները։

01:37

Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցության օրենսդիրները Վաշինգտոնում տեղի ունեցողը որակում են որպես պետական հեղաշրջման փորձ։ «Սա հեղաշրջման փորձ է»,- գրել է Իլինոյս նահանգից հանրապետական կոնգրեսմեն Ադամ Քինզինջերը։ 

«Մենք ականատես ենք հեղաշրջման փորձի, որն ուղղակիորեն սատարում է Սպիտակ տանը գտնվող հանցագործը»,- թվիթերյան իր միկրոբլոգում էր գրել է Նյու Ջերսիից դեմոկրատ կոնգրեսմեն Բիլ Փասքրել կրտսերը։ 

Կոնգրեսմենները և սենատորները տարհանվել են Կապիտոլիումի շենքից այն բանից հետո, երբ այնտեղ են ներխուժել գործող նախագահ Դոնալդ Թրամփի զինված աջակիցները։

01:19

ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները հունվարի 6-ին Վաշինգտոնում ներխուժել են Կապիտոլիում, որտեղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատում էր 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Մինչ այդ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, որոնք շրջափակել էին Կապիտոլիումը։ Ոստիկանական ուժերը ցուցարարներին փորձել են ցրել արցունքաբեր գազի միջոցով։

Ցուցարարների գործողությունների պատճառով ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները դադարեցրել են աշխատանքը։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը մասնակցում էր ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստին, տարհանվել է Կոնգրեսի շենքից։

Ցուցարարները կարողացել են մուտք գործել Սենատի նիստերի դատարկ դահլիճ։ Կապիտոլիումում տեղի ունեցող անկարգությունների պատճառով Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը քաղաքում հայտարարել է պարետային ժամ, որը կգործի հունվարի 6-ից, ժամը 18:00-ից մինչև հունվարի 7-ի առավոտյան 06:00-ն։

Դոնալդ Թրամփը, Կապիտոլիումի մոտ հավաքված իր աջակիցներին, կոչ է արել խուսափել բռնությունից։ Այդ մասին նա գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում։ Տեղում աշխատող լրագրողները փոխանցում են, որ ցուցարարների մի մասը զինված են։ Ավելի վաղ, ելույթ ունենալով բազմահազարանոց հավաքի ժամանակ, Թրամփը հավաքի մասնակիցներին կոչ էր արել շարժվել Կապիտոլիումի ուղղությամբ։

PBS հեռուստաընկերությունը փոխանցում է, որ բողոքի ցույցի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն։ CNN-ն էլ հայտնել է, որ կրծքի հատվածում ստացած հրազենային վիրավորումից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է մի կին։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանություններ (1)

Մկրտիչ
Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիում.....ոչ թե ներխուժել են "ինչ-ում"... այլ Կապետալը․․․․արդեն "ներ"ը այդ է նշանակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter