HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփի վարչակազմի 6 պաշտոնյաներ վաղաժամկետ հրաժարական են տվել. պատճառը Կապիտոլիումի վրա հարձակումն է

Սպիտակ տան 6 աշխատակիցներ վաղաժամկետ հրաժարական են տվել այն բանից հետո, երբ հունվարի 6-ին գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհով վերցրել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսի երկու պալատների անդամները միացյալ նիստի ժամանակ հաստատում էին 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը։

Հրաժարականի մասին առաջինը հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի վարչակազմի ղեկավար Սթեֆանի Գրիշեմը, որը նախկինում զբաղեցրել է նաև Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնը։ Թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման մեջ, Գրիշեմը հրաժեշտ է տվել Մելանյա Թրամփին։ Սթեֆանին Թրամփի հետ աշխատել է 2015 թվականից։ Նրանք միասին են սկսել նախընտրական քարոզարշավը։

Գրիշեմը չի նշել հրաժարականի պատճառը, սակայն The Hill-ը գրում է, որ նման քայլի նա գնացել է նախօրեին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։

The Hill-ը նաև գրում է, որ Սթեֆանի Գրիշեմից հետո, հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուսը և Սպիտակ տան արարողակարգի ղեկավար Ռիկկի Նիսեթան։

Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ հունվարի 6-ի երեկոյան հրաժարական է տվել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Մեթյու Փոթինջերը։ Փոթինջերի ղեկավարը՝ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը կոնֆլիկտի մեջ է մտել նախագահի հետ՝ սատարելով փոխնախագահ Մայք Փենսին, որը պնդում էր, որ չպետք է ընդդիմանալ Կոնգրեսի որոշմանը։

Bloomberg-ի տվյալներով՝ նա ևս մտադիր է հրաժարական ներկայացնել, սակայն Սպիտակ տան վարչակազմը փորձում է համոզել Օ’Բրայենին՝ մնալ աշխատակազմում։

NBC News-ը գրում է տրանսպորտի նախարար Էլեյն Չաոյի հրաժարականի մասին։ Չաոն հանրապետական սենատոր Միտչ Մաքքոնելի կինն է։ Թրամփի կուսակից Մաքքոնելին դեմ է արտահայտվել Դոնալդ Թրամփի տեսակետին՝ պնդելով, որ պետք է հաստատել Բայդենի հաղթանակը։ «Ընտրիչները, դատավորները, նահանգներն իրենց խոսքն ասել են։ Եթե մենք հիմա չեղարկենք նրանց որոշումները, դա մեծ հարված կլինի հանրապետությանը»,- Կոնգրեսում հայտարարել է Մաքքոնելին։

Դեմոկրատ Դևիդ Չիչիլինեն հրապարակել է նամակ, որտեղ առաջարկել է կիրառել ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը, որով երկրի ղեկավարի իրավասությունները նախագահ Թրամփից, մինչ պաշտոնավարման ավարտը, կփոխանցվեն փոխնախագահ Մայք Փենսին։

CBS-ի լրագրող Մարգարետ Բրենանը հայտնել է, որ այդ փոփոխությունը կարող է կիրառվել հենց վարչակազմի կողմից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները հունվարի 6-ին Վաշինգտոնում ներխուժել էին Կապիտոլիում, որտեղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատում էր 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Մինչ այդ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, որոնք շրջափակել էին Կապիտոլիումը։ Ոստիկանական ուժերը ցուցարարներին փորձել են ցրել արցունքաբեր գազի միջոցով։ Բախումների արդյունքում զոհվել է 4 մարդ։ 

Ցուցարարների գործողությունների պատճառով ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները դադարեցրել էին աշխատանքը, ավելի ուշ, սակայն, նիստը շարունակվել է, և Կոնգրեսը հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը։ 

Լուսանկարում Սթեֆանի Գրիշեմը, Alex Wong/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter