HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Սա Ամերիկան չէ». աշխարհի առաջնորդները մեկնաբանել են Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները

Հունվարի 6-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն աննախադեպ էր ամերիկյան ժողովրդավարության համար։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները հարձակվել էին Կապիտոլիումի վրա, որտեղ ընթանում էր Կոնգրեսի երկու պալատների անդամների համատեղ նիստը։ Նրանք հաստատում էին ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը։

Աշխարհի տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների առաջնորդներն արձագանքել են Վաշինգտոնի անկարգություններին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վշտացած է Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձություններով։ Այդ մասին հայտարարել է Գուտերեշի մամլո քարտուղարը։ «Այդպիսի պայմաններում կարևոր է, որ քաղաքական առաջնորդները կոչ անեն իրենց աջակիցներին անմիջապես խուսափել բռնությունից, հարգել ժողովրդավարական ընթացակարգերը և օրենքի գերակայությունը»,- նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է անկարգությունների անթույլատրելիության մասին։ «Շոկային տեսարաններ Վաշինգտոնում։ Պետք է հարգել այդ ժողովրդավարական ընտրությունների արդյունքները»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը գրել է, որ ամբողջ աշխարհի աչքերում ամերիկյան ժողովրդավարությունն այսօր գտնվում է պաշարման մեջ։ «Սա անտեսանելի հարձակում է ԱՄՆ ժողովրդավարության, դրա ինստիտուտների և իրավունքի գերակայության վրա։ Սա Ամերիկան չէ։ Պետք է ամբողջությամբ հարգվեն նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքները»,- կոչ է արել Բորելը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հինգշաբթի հայտարարել է, որ բռնություն գործադրած փոքրամասնությունը չի կարող խանգարել ժողովրդավարական կամարտահայտմանը։ «Երեկվա շոկային իրադարձություններից հետո, ուրախալի է տեսնել ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքների վերականգնումը, և ընտրված նախագահ Բայդենի հաղթանակի ամրագրումը։ Սա կարևոր ազդակ է այն մասին, որ ամերիկյան ժողովրդի ժողովրդավարական կամարտահայտումը չի կարող հարցականի տակ դրվել կամ չեղարկվել բռնություն գործադրած փոքրամասնության կողմից։ Մեծ Բրիտանիան անշուշտ դատապարտում է երեկվա բռնությունը»,- գրել է Ռաաբը։ 

Բրիտանական ընդդիմության առաջնորդ սըր Քիր Սթարմերն էլ գրել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցողը «ուղիղ հարձակում է ժողովրդավարության վրա»։ «Սարսափեցնող տեսարաններ են գալիս ԱՄՆ-ից։ Դրանք «ցուցարարներ» չեն, սա ուղիղ հարձակում է ժողովրդավարության և օրենսդիրների վրա, որոնք իրականացնում են ամերիկյան ժողովրդի կամքը»,- գրել է Սթարմերը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրեն կատաղեցրել են Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները։ «Մենք բոլորս տեսել ենք նախորդ գիշեր Կոնգրեսի գրոհի մտահոգիչ տեսարանները։ Այդ տեսարանն ինձ կատաղեցրել է և վշտացրել։ Ես վստահ եմ, որ ինձ զգում եմ ինչպես ԱՄՆ ընկերների մեծ մասը, ինչպես միլիոնավոր մարդիկ, որոնք հիանում են ամերիկյան ժողովրդավարական ավանդույթներով»,- հունվարի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերկելը։

«Ես խորը ցավում եմ, որ նախագահ Թրամփը նոյեմբերին չի ընդունել իր պարտությունը և հաստատեց դա երեկ»,- հավելել է Մերկելը։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն էլ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է ժողովրդավարության վրա հարձակում և «վերին մակարդակի կեղծիքի» արդյունք։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դատապարտել է Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները և հայտարարել, որ ամերիկյան ժողովրդավարությունը կհաղթի։ «Կապիտոլիումում երեկվա անկարգությունները խայտառակ գործողություններ են, որոնք պետք է դատապարտվեն։ Ես կասկած չունեմ, որ ամերիկյան ժողովրդավարությունը կհաղթի, ինչպես դա եղել է միշտ»,- Նեթանյահուի խոսքերը տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Նեթանյահուն հավելել է, որ աշխարհի, Իսրայելի և անձամբ իր համար ամերիկյան ժողովրդավարությունը եղել է ներշնչման աղբյուր։ Համանման ուղերձով հանդես է եկել նաև Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազին։

Մոսկվայում էլ կարծում են, որ Վաշինգտոնում տեղի ունեցած բողոքի ցույցերը ԱՄՆ ներքին գործն է, սակայն ընդգծում ամերիկյան հանրության մեջ առկա պառակտումը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դա ԱՄՆ ներքին գործն է։ Ընդորում, կրկին ուշադրության ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամերիկյան ընտրական համակարգը արխայիկ է։ Այն չի համապատասխանում ժամանակակից ժողովրդավարական չափանիշներին՝ ստեղծելով հնարավորություններ բազմաթիվ ընտրախախտումների համար, իսկ ամերիկյան լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գործիք։ Մաղթում ենք բարեկամ ամերիկյան ժողովրդին արժանապատվությամբ դուրս գալ սեփական պատմության դրամատիկ պահից»,- նշել է Զախարովան։

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նույնպես ընդգծել է ամերիկյան ընտրական համակարգի «թերությունները»։ «Ընտրիչների ինստիտուտը իրեն այնքան է սպառել, որ ամբողջությամբ դադարեցրել է արտահայտել հանրային տրամադրությունները։ Եվ սա առաջին ընտրությունները չեն, որոնք հաստատում են այդ արխայիկությունը»,- նրա խոսքերը մեջբերել է Պետդումայի պաշտոնական կայքէջը։ Վոլոդինը կարծում է, որ ԱՄՆ-ն լավ կլինի զբաղվի «սեփական քաղաքական համակարգի թերությունների շտկմամբ»։ Նրա կարծիքով՝ ուղիղ ընտրությունների բացակայությունը քաղաքացիներին թույլ չի տալիս ինքնուրույն որոշել, թե ով կլինի իրենց քաղաքական առաջնորդը։

Չինաստանը հույս ունի ԱՄՆ-ում կայունության և անվտանգության շուտափույթ վերականգնման։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։ «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ բնակիչները ձգտում են անվտանգության և հանգստության, հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Մենք նաև հույս ունենք, որ ամերիկացիները շուտափույթ կարգով կունենան խաղաղություն, կայունություն և անվտանգություն»,- նշել է Չունինը։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը նախագահության տարիներին իր երկիրը աղետի մեջ է ներքաշել։ «Այն, ինչ մենք տեսնում ենք ԱՄՆ-ում, ցույց տվեց, թե ինչքան փխրուն է արևմտյան ժողովրդավարությունը, դրա հիմքերը թույլ են։ Եկավ մի պոպուլիստ և այդ չորս տարիների ընթացքում իր երկիրը ներքաշեց աղետի մեջ՝ բարդացնելով ԱՄՆ հարաբերությունները ողջ աշխարհի հետ»,- իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռոհանին։

Նա հավելել է, որ անառողջ մարդը, երբ ստանում է իշխանություն, ստեղծում է խնդիրներ ինչպես իր երկրի, այնպես էլ ողջ աշխարհի համար։

Լուսանկարը՝ JULIO CORTEZ/ASSOCIATED PRESS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter