HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային արժեքների ցանկը դեռ ամբողջական չէ

Արցախում մասնագետներն աշխատում են ամբողջացնել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո վերջիններիս վերահսկողության տակ անցած հայկական մշակութային արժեքների ցանկը:

Պատրաստ է միայն Արցախի Շահումյանի /Քարվաճառ/ շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որտեղ ներառված է 377 հուշարձան: Մասնավորապես՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Դադիվանք վանական համալիրը (հսկվում է ռուս խաղաղապահների կողմից), Դադի եկեղեցին, վերջինիս բեմի տակ գտնվող ստորգետնյա դամբարանը, որը պեղվել և բացվել է 2008թ.-ին, իշխանական ապարանքը, Քնարավան գյուղում՝ 9-14-րդ դարերի ամրոց-հնաբերդը, 9-11 րդ դարերի ապարանք-դղյակը, Չափնիի սբ Կարապետ վանական համալիրը, բազմաթիվ խաչքարեր և այլն:

Տիգրանակերտի (անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ) հնագիտական խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատերազմի առաջին իսկ օրերից Տիգրանակերտի հնագիտական ողջ հավաքածուի մասին հոգ է տարվել, ապահով վիճակում է: Աշխատանքներն իրականացրել է Տիգրանակերտի արշավախումբը՝ Հայաստանի և Արցախի պատկան մարմինների աջակցությամբ:

«Եթե ռմբակոծվում, հրետակոծվում էին բնակավայրերը, հրթիռակոծվում էին նաև թանգարանները, շենքերը, որտեղ պահվում էին մշակութային արժեքները: Մեր նպատակն էր, քայլեր ձեռնարկել, որ այդ մշակութային արժեքները չվնասվեին»,- ասաց Հ. Պետրոսյանը:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ արդեն տեղեկություններ ունեն, որ ադրբեջանցիները Հայրենական մեծ պատերազմի հուշարձաններն են պղծում: Գյուղերում պայթեցրել են նաև Արցախի առաջին պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողները: Թիրախավորում են և հրազենով խփում: Վնասել են նաև գերեզմանաքարերը: Նախարարը ռուս խաղաղապահներին տեղեկացրել է այդ մասին:

Համացանցում տարածվել էր նաև Շուշիում Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխատված արձանի տեսանյութը:

«Հայերի նկատմամբ ունեցած բարդույթն այնքան չեն հաղթահարել, որ նույնիսկ քարի «վիզն» են կտրում: Արժանապատիվ հաղթանակի տերը նման բան չի անի: Իրենք դեռ բարդույթներ ունեն, որովհետև գիտեն, որ հաղթել են իրենց բայրաքթարները, ոչ թե իրենք: Հաղթանակը դրել են իրենց ձեռքը, հաղթանակը չեն վաստակել»,- ասում է Լ. Ղարախանյանը:

Նախարարը մտահոգված է նաև Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Քասիմ զադեի (Elbay Qasim-zade) հայտարարությամբ, ըստ որի՝ պետք է ոչնչացվեն Արցախի հայկական եկեղեցիները, մշակութային արժեքները։ Նախարարը նշում է, որ սա մշակութային եղեռն իրագործելու բացահայտ հայտարարություն է։

«Ցավոք, ուզում ենք արձանագրել, որ միջազգային կառույցներն այսօր էլ կա՛մ ի զորու չեն, կա՛մ պարզապես չեն ցանկանում կանխել մշակութային այս եղեռնը»,- ասում է Լ. Ղարախանյանը՝ հավելելով, որ հույս չունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն օբյեկտիվորեն կզբաղվի այս հարցով։

Պատերազմի օրերին, երբ ադրբեջանական զինուժը թիրախավորում էր Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարը և այլ մշակութային արժեքներ, կրթական հաստատություններ, Արցախի մշակույթի նախարարը մի քանի գրություն է ուղարկել ՄԱԿ-ի կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեին (Audrey Azoulay), սակայն մնացել է անպատասխան:

Լուսինե Ղարախանյանը նշում է, որ Օդրե Ազուլեն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ընկերուհին է, հետևաբար նրանից որևէ ակտիվ գործողություն չեն սպասում:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադրված էր գալ և մոնիտորինգ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հուշարձանների վերաբերյալ, սակայն Ադրբեջանը խոչընդոտել է, իսկ Օդրե Ազուլեն լռել է այդ մասին: Մենք պետք է այնպիսի կառույցի դիմենք, որ կարողանանք հետադարձ, արդյունավետ կապ ապահովել, ոչ թե գրենք ու մնանք անպատասխան»,- հավելում է Արցախի ԿԳՄ նախարարը:

Լուսինե Ղարախանյանը նշեց, որ հովանավորների միջոցով ցուցանակներ են պատրաստելու հայերեն և ադրբեջաներեն լեզուներով՝ կից ներկա վիճակի լուսանկարով և ռուս խաղաղապահների օգնությամբ փակցնելու են մշակութային հուշարձանների տարածքում:

«Հուշարձանների մեծ մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: 4000-ից ավել հուշարձանների մեծ մասն իրենց վերահսկողության տակ է: Ընդ որում, հաշվառումը դեռ ավարտված չէր և եթե ավարտվեր, ըստ փորձագետների՝ հուշարձանների թիվը կանցներ 10 հազարից»,- ասում է Արցախի ԿԳՄ նախարարը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Արցախի տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: Ըստ նրա՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱԳՆ-ն ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ սևեռելու միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործությունների վրա:

«Հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ին է իրազեկել ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և ֆիզիկական վտանգի մասին: Ինչպես նաև հայկական քրիստոնեական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղմանն ուղղված ադրբեջանական հետևողական քաղաքականության մասին՝ կազմակերպությանը փոխանցելով վտանգված հայկական հուշարձանների նախնական ցանկը»,- նշում է Սերոբ Բեջանյանը:

ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետը նաև փոխանցում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 10-11-ին կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի նիստ: Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է որոշում՝ 1954թ. Հաագայի Կոնվենցիայի շրջանակներում մշտադիտարկման մեխանիզմի ներդրման վերաբերյալ: Այն հնարավորություն կընձեռի ստեղծել զինված հակամարտությունների ընթացքում մշակութային հուշարձանների միտումնավոր ոչնչացման դեպքերի վերահսկման գործիքակազմ:

«Հայկական կողմն անելու է առավելագույնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործնական ներգրավման ընդլայնման համար, ինչն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում»,- հավելում է ԱԳՆ պաշտոնյան:

Գլխավոր լուսանկարում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ հրթիռակոծությունից հետո

Մեկնաբանություններ (1)

Noric Dilanchian
Thank you Grisha Balasanyan. Your article's updated information as at January 2021 is welcome and appreciated. In November 2020 I began collecting information and drafting in English a document titled "Artsakh Cultural Property Law and Related Resources". It is currently 39 pages. While the ultimate purpose for the document is evolving, part of the aim is for it to be an overview document on Artsakh’s cultural property and related resources including a glossary and overview of relevant law, history, prominent monuments and risks to them. The aim is for the focus to be on cultural property law. For discussion about this I'm happy to be contacted.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter