
SpaceX-ը տիեզերք է արձակել թուրքական Türksat 5A արբանյակը
Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը տիեզերք է արձակել հինգերորդ սերնդի թուրքական Türksat 5A գեոստացիոնար հեռահաղորդակցային արբանյակը, որը տիեզերք է հասցվել Falcon 9 հրթիռի միջոցով։ Արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանին գտնվող տիեզերակայանից։
Anadolu գործակալությունը գրում է, որ Falcon 9 հրթիռի արձակմանը տիեզերակայանից հետևել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը, Türksat AŞ ընկերության գլխավոր տնօրեն Ջենք Շենը և ուրիշներ։
• Türkiye'nin 5'inci nesil uydusu
— ANADOLU AJANSI (@anadoluajansi) January 8, 2021
• Manevra ömrüyle yörüngedeki frekans ve yörünge haklarını 30 yıl boyunca güvence altına alacak
• Önceki jenerasyon uydulara göre kapasitesi yüzde 45, ömrü iki kat daha fazla
?️ TÜRKSAT 5A uydusu uzaya fırlatıldı https://t.co/5IFLL5uY0A pic.twitter.com/sS37W3XTXX
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Իսմայիլօղլուն Անկարայում հայտարարել է, որ արբանյակից առաջին ազդակը ստացել են արձակումից 35 րոպե անց։ Կապի գեոստացիոնար արբանյակի հեռարձակումը կընդգրկի Թուրքիան, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրները, Աֆրիկա մայրցամաքն ամբողջությամբ, Էգեյան և Սև ծովերը։
Արբանյակի հսկողության գործընթացը կիրականացվի Անկարայի Գելբաշը շրջանում տեղակայված բազային կայանի միջոցով։
Զուգահեռաբար, Bloomberg Billionaires Index-ը Space X-ի և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկին ճանաչել է աշխարհի ամենահարուստ գործարարը։ Շնորհիվ էլեկտրոմոբիլ արտադրող ընկերության բաժնետոմսերի գների աճի, Իլոն Մասկը կարողացել է շրջանցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։
Bloomberg-ը Մասկի կարողությունը գնահատում է 195 միլիարդ դոլար, ինչը 10 միլիարդով ավելին է Բեզոսի կարողությունից։ CNBC հեռուստաընկերության հաշվարկներով՝ Մասկը դարձել է նաև աշխարհի ամենահարուստ մարդը։ Հեռուստաընկերությունը նրա կարողությունը գնահատել է 184 միլիարդ դոլար։ CNBC-ին հիշեցնում է, որ Բեզոսը միլիարդատերների վարկանիշը գլխավորում էր 2017 թվականից։
2020 թվականին Tesla ընկերության բաժնետոմսերն աճել են 743 %-ով։ Դրանք շարունակում են աճել նաև 2021 թվականին։
2020 թվականի սկզբից Իլոն Մասկի կարողությունը, Tesla ընկերության բաժնետոմսերի աճի հաշվին, աճել է գրեթե 150 միլիարդ դոլարով։ Bloomberg-ի գնահատմամբ՝ սա կարող է համարվել նորագույն պատմության մեջ գործարարի կարողության ամենաարագ աճը։
Bloomberg-ն ընդգծում է, որ Ջեֆ Բեզոսը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում էականորեն առաջ կանցներ Մասկին, եթե չբաժանվեր գրող Մաքքենզի Սքոթից, որին ամուսնալուծությունից հետո փոխանցել է բաժնետոմսերի մի մասը։ Մաքքենզի Սքոթը որոշել է բարեգործության նպատակներով օգտագործել բաժանումից իրենց բաժին հասած միջոցները։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել