HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դավիթ Սարգսյան. «Վիրավորվելուց հետո կմտածեի, որ հաջորդ արկը վրաս է ընկնելու, ու ամեն ինչ վերջանալու է»

«Տղերքը մեղկ եղան՝ իմ տարեկիցները, ու ամենավատը, որ կարոտը սրտերում զոհվեցին»,-Դավիթի ձայնը հանգիստ է, դեմքը գրեթե անհաղորդ, սակայն աչքերում անբացատրելի ցավ կա: Սենյակում լռություն է տիրում: Հուզմունքը սեղմում է կոկորդս, սակայն մեզ արգելված է արտասվել. դու լրագրող ես, դու պարտավոր ես հարցեր տալ ու լսել պատասխաններ, իսկ հույզերը. դրանց կարող ես ազատություն տալ տանը:

Երիտասարդ զրուցակիցս այս մասին չգիտի, պարզապես սպասում է հաջորդ հարցին եւ երբ ուշանում է, շարունակում է պատմել ընդհատված կետից. 

«Իմ բախտը բերել է, որ ողջ եմ մնացել՝ սնարյադը կողքս ընկավ, տղեքից տեսել էին իմ ընկնելն ու բարձրանալը: Ես շատ բան չեմ հիշում, էդ պահերն էլ լավ չեմ հիշում, ուղղակի կմտածեի, որ հաջորդ արկը վրաս է ընկնելու ու վերջ, ամեն ինչ վերջանալու է»:

Սեպտեմբերի 26-ի երեկոն խաղաղ էր, արցախյան երկինքը հանգիստ էր, ու ոչինչ չէր հուշում մոտալուտ աղետի մասին: «Ես դիրքերում էի, էդ օրը մամայի հետ եմ խոսել, ասել եմ՝ մամ, մենք շատ լուրջ գործով ենք զբաղված, հայրենիքը կպաշտպանենք, բայց դե մտքովս չէր անցնի, որ առավոտյան պիտի պատերազմ սկսվի: Հետո՝ արդեն շատ ավելի ուշ ժամի, տեսանք, որ ադրբեջանական պոստեր ավտոներով ուժեր կբերեն դիքավորվելու: Մեր պոստն ավելի բարձր էր ու մենք շատ լավ կտեսնեինք շարժը: Ամսի 27-ին, ես ժամը 4-ից 8-ն էի հերթափոխի, ժամը 7:30 առաջին արկերը պայթան, ու, ասենք, կոնկրետ մի տեղի վրա չէր, իրանք սաղ տոչկեքով գցեցին»

Մի քանի ժամից արդեն պիտի պարզ դառնար, որ այն, ինչ սկսվել էր նման չէր ո'չ ապրիլյան պատերազմին, ո'չ՝ տավուշյան: Դավիթը հիշում է, որ նույն օրը, ժամը 17:00-ի հատվածում, առաջարկել է զինակից ընկերոջը՝ հայկավանցի Էլֆիկ Ավետիսյանին, որպես հիշատակ վիդեոուղերձ նկարել հարազատների համար. 

«Չեմ կարող ասել, թե ինչ էի մտածում այդ պահին, որ առաջարկեցի, բայց երեւի ենթագիտակցորեն հասկանում էի՝ հնարավոր է զոհվենք, ու հարազատներիս համար ինչ-որ բան ուզեցի թողնել` որպես հիշատակ,-պատմում է Դավիթը։-Մի հատ վատ որակի հեռախոս ունեինք, որ կամերա ուներ, դրանով նկարվեցինք, էդտեղ մի քիչ ես եմ խոսում, հետո Էլֆիկը, ոնց որ հաջող անենք էլի, վիդեոյում հրետակոծությունն էլ է լսվում, հետո վիդեոն Էլֆիկն ուղարկել էր քրոջը: Ինքը զոհվեց սեպտեմբերի 30-ին»:

Դավիթը երկու ոտքից ու թեւից վիրավորվել է սեպտեմբերի 29-ին: Պատմում է, որ մինչեւ Մարտակերտ տեղափոխելը վիրավոր տղաների կողքին եղել է Էլֆիկը: «Իմ ծառայած ամիսների չափով՝ 15 ամիս, Էլֆիկը տնեցոնց չէր տեսել: Ես Սովետաշենում ուսումնառությունս, որ անցել եմ, նորից վերադարձել եմ «Եղնիկներ»: Մենք նույն հետախուզական դասակից էինք, ուղղակի Էլֆիկը 6 ամիս շուտ էր անցել ծառայության: Սեպտեմբերի 29-ին մի տաս հոգի վիրավորվել ենք, իրանց մեջ ամենալուրջ վիրավորումն իմն է եղել՝ ձախ ոտքս բեկորային վնասվածք էր, աջ ոտքիս երկու ոսկորն էր կոտրված, ձախ ուսս էր փշրված, հիմա պլաստիկով է հավաքած: Մեր ֆելդշերը շատ էր խառնվել իրար, ինքն իմ զորակոչից էր, մեզ որ էդպես մի տեղ էին հավաքել, իրան կանչեցին, եկավ, տեսավ մեր ձեռքերը, ոտքերը արյան մեջ կորած, մենակ գլուխը բռնեց ու գնաց: Իսկ Էլֆիկը նստել էր իմ ու գյումրեցի Ռոբերտի կողքին, մեզ հույս էր տալիս, ասում էր՝ սաղ լավ կեղնի, չմտածեք: Էդ պահին լրիվ ուրիշ է զգացողություններդ, դու շատ բաների մասին չես մտածե, դու ուղղակի հույս ունես, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Մարտակերտի հիվանդանոցում Դավիթի ոտքը չեն կտրում: Ասում է՝ երեւի էլի բախտի բան էր, քանի որ արագության համար, որպեսզի մյուս վիրավորներին էլ հասցնեն օգնել, նման վիրավորման դեպքում շատ հաճախ կտրում էին:

«Վիրավորվելուցս երեք ժամ անց մեզ տեղափոխեցին Մարտակերտ: Էնտեղի հիվանդանոցում որոշ գործողություններ կատարեցին, անզգայացնող սրսկեցին ու տեղափոխեցին Ստեփանակերտ: Հիվանդանոցում աջ ոտքս Էլիզարովի ապարատով արագ հավաքեցին, ձախ ոտքից բեկորները հեռացրեցին, հետո արդեն ամսի 30-ի առավոտը շտապօգնության մեքենայով ուղարկեցին Երեւան»:

Ճանապարհից Դավիթը զանգահարել է հորը: Ասում է՝ մամայի հետ պիտի երկար խոսեի, էդքանի ուժ չունեի, պապային ասել եմ, որ վիրավոր եմ ձեռքից ու բերում են Երեւան: Հայրը՝ Արշալույս Սարգսյանը պատմում է, որ երեք օր տղայից լուր չունենալուց հետո հայկական անծանոթ համարից ստացած զանգը իրարամերժ զգացողություններ է առաջացրել: «Ասի՝ տղես, ինձ ճիշտն ասա, ինչ է եղել, ասեց՝ ձեռքից վիրավոր եմ, բերում են Երեւան հիվանդանոց: Հետո արդեն մեծ աղջկաս ամուսինն էր զանգել, ու մենք Գյումրիից Երեւան գնալու ճամփին իմացանք, որ ոտքից էլ է վիրավոր»,-պատմում է հայրը։

Երեւանում նախ գնացել են «Մուրացան» հիվանդանոց, քանի որ ասել էին, որ վիրավորներին այնտեղ են տանում: Ազատ տեղ չլինելու պատճառով Դավիթին տեղափոխել են «Վիգմոր» կլինիկա, որտեղ էլ կատարել են բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները:

«Ես մե քիչմ սրտից թույլ մարդ եմ,-խոստովանում է Արշալույսը,-Դավիթին որ տեսա էդ վիճակով, երկու անգամ պաչել եմ ու հետո բժիշկներն ինձնով են զբաղվել՝ ուշքս գնացել էր: Իրա հիվանդանոց պառկած ժամանակ ինձ թույլ չեն տվել մոտը մտնել, մի անգամ շատ խնդրելուց հետո բժիշկը մի երկու րոպեով թույլատրել է տեսնեմ. ասում էին՝ պետք չի, դու մի տես, թե չէ հետո քեզնով պիտի զբաղվենք»:

Դավիթին հիվանդանոցում խնամել է մայրը՝ Նունեն: Վերջինս կատակում է, թե ի տարբերություն ամուսնու, ավելի «ձիգ» է: Պատմում է, որ պատերազմի լուրը լսելուց հետո, ինչպես հազարավոր ծնողներ, իրենք էլ շատ անհանգիստ են եղել, չնայած իրենց ասել են, թե հյուսիսային հատվածում ու հատկապես «Եղնիկներ»-ում համեմատաբար վտանգը քիչ է: Երեք օր փորձել են զանգահարել, ինչ-որ լուր առնել տղայից, սակայն կապ չի եղել: Դավիթն ասում է, որ լեգենդար հրամանատար Քյոխը հավաքած է եղել հեռախոսները ու դրանով շատերի կյանքը փրկել:

Դավիթը Սարգսյանների 5-րդ զավակն է: Մայրը նրան լույս աշխարհ է բերել 38 տարեկանում: Նունեն ասում է, որ ինքն ու ամուսինը երեխաներ շատ են սիրում եւ վայրկյան անգամ չեն մտածել՝ ծնվելու է հինգերորդ զավակը, թե չէ: Դավիթի ավագ եղբայրը ծառայել է Հայաստանում, սակայն ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախում: Մայրն ասում է, որ այն ժամանակ էլ էին անհանգիստ, սակայն այս պատերազմի լրջությունը ստիպել է ավելի տագնապալի ժամեր անցկացնել: 

Հինգ վիրահատություն եւ եւս մեկը՝ 6-րդը, կլինի երեք ամսից: Հաշմանդամի սայլակից անցում հենակների եւ արդեն ձեռնափայտով տեղաշարժվելու հնարավորություն.  Դավիթը կամաց-կամաց կազդուրվում է, սակայն պատերազմի հետքերն այդպես էլ դաջված կմնան մարմնի վրա: Բժիշկները 100 տոկոս երաշխիք չեն տվել, որ ձախ ձեռքը հետագայում լիարժեք կգործի, երկու ոտքի միջեւ եւս կլինի որոշակի տարբերություն: Սակայն հայրն ու մայրը փառք են տալիս Աստծուն, որ թեկուզ այս վիճակով, իրենց զավակը հասել է իրենց: «Մենք արդեն փողոցում՝ ծնողներով իրար կտեսնեինք, ում տղեն, որ վիրավոր էր եկել, ումը որ գտել թաղել էին, իրար աչքալուսանք կուդայինք: Խելռելու վիճակ էր»,-ասում է Դավիթի հայրը:

Դավիթին դեռ վերականգնողական շրջան է սպասում: Կլինիկայում հոգեբան է այցելել, էտղայի հոգեվիճակը կայուն է գնահատվել: Խոստովանում է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ տանը եղած ժամանակ, առավել խնդրահարույց են եղել բարձր ձայները, դրսի աղմուկը: Դավիթն ասում է, որ սկզբնական շրջանում մղձավանջային երազներ էր տեսնում, ներկայում այդ խնդիրն էլ է կարգավորվել: Մտադիր է ուսումը շարունակել բուհում. տնտեսագետ է ուզում դառնալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter