Մաշտոցի պուրակում՝ շուրջօրյա նստացույց. ոստիկանները թույլ չեն տալիս վրան տեղադրել
Մաշտոցի պուրակում քաղաքացիական պայքարը նոր փուլ է մտել: Այսօրվանից կրկին մեկնարկել է շուրջօրյա նստացույցը: Այս անգամ նստացույցի գաղափարը ավագներինն է. հատուկ արտահագուստով, սաղավարտներով ու գործիքներով «զինված» կամավորները եկել են այգի և չեն լքելու տարածքը մինչև հարցի վերջնական լուծումը:
Արդեն 50 օր պուրակում իրենց պայքարն են շարունակում նաև երիտասարդ ակտիվիստները: Նրանք ևս միացել են շուրջօրյա նստացույցին:
«Օլիգարխիան երբեք չի կարող հաղթել ժողովրդին, որովհետև ժողովուրդը կամավոր է»,- ասաց ապամոնտաժման պատրաստվող բրիգադի անդամ Տիգրան Խզմալյանը: Նա նաև նկատեց, որ ոստիկաններից մեկին յուրահատուկ ազդանշանով են դիմում:
«Երբ դուք երդվում էիք, նախատեսում էիք ծառայել հանրապետությանը, այլ ոչ թե մի քանի կեղեքիչների: Ձեզ, հավանաբար, շատ ամոթ է, որ ձեզ 2 ամիս վազեցնում են մեր հետևից, այն էլ՝ շատ հետաքրքիր ազդանշանով: Ես լսեցի՝ մի քանի անգամ ասացին՝ «Իգդիր 1», «Իգդիր 1»: Մի՞թե հայոց ոստիկանության ղեկավարը «Իգդիր» մականունն է օգտագործում: Մյուս անգամ կամ հայկական (անվանում) ընտրեք, կամ միանգամից ասեք՝ Ստամբուլ, Բաքու»,- ասաց Տ. Խզմալյանը:
Մինչ ավագ ցուցարարները խորհրդակցում էին, ապա բանակցում ոստիկանների հետ ու նորից խորհրդակցում, այգին վերադարձավ իր «առօրյային». երիտասարդները սկսեցին կիթառի ուղեկցությամբ խմբովին երգել:
Երեկոյան անձրևեց, և շուրջօրյա նստացույցի պատրաստվողները որոշեցին վրան տեղադրել: Քանի որ ոստիկանները թույլ չտվեցին, ակտիվիստները պուրակ հրավիրեցին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Սակայն վերջինիս բանակցությունները եւ հորդորները ոչ մի արդյունք չտվեցին:
«Մարդու իրավունքների պաշտպանը անձամբ վրան չի տեղադրում, ոչ էլ իմ ասելը պարտադիր է ոստիկանության համար: Միևնույն ժամանակ պետական ցանկացած մարմնի բարոյական պարտքն է պաշտպանի իրավաչափ պահանջը կատարելը: Եթե ես համաձայն չեմ, որ ապամոնտաժելն այս պահին օրինական է, ես պնդում եմ, որ վրան տեղադրելը, որպես բողոքի ակցիայի առանձին մաս, օրինական է: Իմ լիազորությունը խորհրդատվական է, և ես խորհուրդ եմ տալիս ոստիկանությանը՝ ոչ իրավաչափ ձևով չարգելել այդ 1 վրանի տեղադրմանը»,- ասաց Կ. Անդրեասյանը: Նա նաեւ նշեց, որ վրանի տեղադրումն արգելելը Երևանի փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանի անձնական որոշումն է, և վերջինս չի պատրաստվում փոխել այն պաշտպանի խորհրդով:
«Ես խնդրում եմ և առաջարկում և կարծում եմ, որ հասարակության աջակցությամբ տվյալ սպան պարտավոր է լինելու կատարել իմ խնդրանքը կամ խորհուրդը: Եթե իրենք չեն կատարում, մենք դա ֆիքսելու ենք»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ ոստիկանությունն այս հարցը կքննարկի վերադասների հետ և կփոխի իր դիրքորոշումը:
Այս պահին, չնայած ցրտին ու անձրևին, այգում հերթապահում է կամավորների երկու սերունդ: Առավոտյան նրանց կփոխարինեն այլ ակտիվիստներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել