Ապրիլմեկյան հարցում. «Արմեն Աշոտյանը ամենահասանելի նախարարն է, քանի որ օրը 24 ժամ «Ֆեյսբուքում» է»
Միջազգային անկախ «XXX» սոցիոլոգիական կազմակերպությունը հարցումներ է իրականացրել Հայաստանում: Այն վերաբերել է դատական, ոստիկանական եւ կառավարման համակարգերին, կրթության ոլորտին եւ գալիք խորհրդարանական ընտրություններին:
Հարցմանը մասնակցել է 2012 մարդ Երեւանից եւ մարզերից: Հարցին, թե վստահում եք դատական համակարգին, հարցված քաղաքացիների 65 տոկոսը դրական պատասխան է տվել՝ ասելով, թե Հայաստանի դատական համակարգն ավելի արդարադատ է, քան նույնիսկ Եվրադատարանը: 30 տոկոսը չի առնչվել դատական համակարգի հետ եւ միայն 5 տոկոսն է անվստահություն հայտնել, սակայն ոչ թե բովանդակային առումով, այլ դատավորի տրամադրությունն իր դուրը չի եկել: Հարցվածների 81 տոկոսի կարծիքով դատարաններում կոռուպցիա չկա, եւ այդ մասին առաջին անգամ են լսում, իսկ 13 տոկոսի ասելով՝ դատավորները գումար վերցնում են, սակայն այն չի գերազանցում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկը: Քաղաքացիների 6 տոկոսն էլ ցույց է տվել ՀԴՄ կտրոները՝ ասելով, թե դատավորը իրենց տված գումարի դիմաց կտրոն է տվել, որպեսզի ավելի վերահսկելի լինի իշխանությունների կողմից:
Հարցին, թե արդյոք դատավորները գործերը քննում են ողջամտության սահմաններում, քաղաքացիների 80 տոկոսը դրական պատասխան է տվել, ասելով, թե իրենց գործը դատարանում լսվել է մինչեւ 5 ամիս, իսկ 12 տոկոսը դժգոհել է, որ իրենց գործը լսվել է 5-11 ամիսների ընթացքում, միայն 8 տոկոսն է ասել, որ գործը լսել եւ որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացրել են 2 տարվա ընթացքում, սակայն դրանից այնքան էլ դժգոհ չեն, մատնանշելով, որ, օրինակ, Գվինեայում նմանատիպ գործերը քննում են 4-6 տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա հարցված քաղաքացիների 65 տոկոսի ասելով ոստիկանական բաժիններում քաղաքացիներին վերաբերում են հարգանքով, չեն վիրավորում եւ չեն նվաստացնում, ընդհակառակը՝ սուրճ եւ թեյ են առաջարկում, չափում են տարեցների արյան ճնշումը եւ հարկ եղած դեպքում իրենց «Ջիփ» մակնիշի ավտոմեքենաներով հասցնում են մոտակա հիվանդանոց: Քաղաքացիների 16 տոկոսը պատասխանել է, թե քննիչները հարցաքննության ժամանակ ոչ բանալիով, ոչ բռունցքներով, առավել եւս ոտքերով չեն հարվածել իրենց գլխին: Ավելին՝ իրենք ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո երիկամի շրջանում ցավեր չեն ունեցել: Միայն 19 տոկոսն է խոստովանել, որ ոստիկանությունում իրենց նեղացրել են: Նրանց 9 տոկոսին անիծել են, իսկ 10 տոկոսին՝ թեթեւ ապտակել, որն էլ արձանագրվել է տեսախցիկներով:
Քաղաքացիների 80 տոկոսը չեն հավատում, որ Հայաստանում ոստիկանները կարող են ուժ կիրառել անզեն ցուցարարների նկատմամբ, իսկ 15 տոկոսը վստահ է, որ ոստիկաններն անպաշտպան են եւ զինված քաղաքացիներն են ուժ կիրառում նրանց նկատմամբ, հայհոյում եւ հարվածում, քաշքշում օձիքներից: Միայն 5 տոկոսն է նշել, որ ոստիկաններին պետք չէ վստահել, քանի որ նրանք, իրենց գործառույթը թողած, Մաշտոցի այգու համար պայքարող կանանց ու աղջիկներին ծաղիկներ են նվիրում:
Հայաստանի կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից գոհ է հարցվածների 73 տոկոսը: Որպես հիմնական պատճառ նշել են հունվարի 1-ից 451 դրամով բարձրացված կենսաթոշակն ու 725 դրամով ավելացած նպաստը:
Մարզերի քաղաքացիները նշել են, որ այլեւս տանը մահացության դեպքեր չեն գրանցվում, քանի որ բուժօգնությունը մատչելի է, եւ հարկ եղած դեպքում կարող են դիմել ցանկացած հիվանդանոց: Իսկ ով էլ տանն է մահանում, պարզապես հարազատներն են ալարում իրենց հիվանդին տանել հիվանդանոց: Հիվանդանոց չի դիմի միայն հարցվածների 2 տոկոսը, այն էլ այն պատճառով, որ ընտանիքի անդամներից մեկը բուժաշխատող է:
Հարցվածները գնահատել են նաեւ մարզպետների աշխատանքը: Օրինակ՝ Արմավիրի մարզի քաղաքացիների 70 տոկոսի կարծիքով՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ոչ մարզպետարանի աշխատակիցների, ոչ մարզային ենթակայության բյուջետային հիմնարկների աշխատողների, ոչ էլ համայնքապետերի խնդիրները չի կոծկում եւ հարկ եղած դեպքում նյութերը ներկայացնում է ոստիկանություն: Որպես թարմ դեպք հարցվածները մատնանշել են Մրգաշատի համայնքապետի կողմից համայնքապետարանի շենքը բանկերից մեկում գրավ դնելն ու մարզպետի կողմից արագ արձագանքելը:
Ավելի բարձր վստահություն ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հարցված սյունեցիների 95 տոկոսը նշում է, որ իրենց մարզպետը քաղաքակիրթ է, նրա բերանից երբեք հայհոյանք չի լսվել, իսկ հասարակ քաղաքացիների հետ խոսում է «Դուք»-ով: Մարզպետից դժգոհ են միայն հարցվածների 2 տոկոսը՝ նշելով, թե նա աշխատանքից ամեն օր ուշանում է 5 րոպե: Իսկ 3 տոկոսը հարցին չի պատասխանել, նշելով՝ «շառ ու փորձանքից հեռու»:
Կրթության ոլորտին վերաբերող հարցմանը մասնակցած քաղաքացիների 85 տոկոսի կարծիքով՝ նախարար Արմեն Աշոտյանը ամենահասանելի նախարարն է, քանի որ օրը 24 ժամ «Ֆեյսբուքում» է, եւ կարիք չի լինում այցելել նախարարություն, հերթ կանգնել եւ ընդունելություն խնդրել: 8 տոկոսը դժգոհ է Արմեն Աշոտյանից՝ ասելով, թե «Ֆեյսբուքում» նա կրթությանը վերաբերող «ստատուսներ» չի գրում եւ անդրադառնում է միայն ԲՀԿ-ին: Իսկ հարցվածների 5 տոկոսն ասում է, որ Արմեն Աշոտյանի նախարար եղած ժամանակ դպրոցներից վերացել է դրամահավաքը, եւ այդ պատճառով կարգավորվել է իրենց սոցիալական վիճակը, քանի որ ուսուցչին նվեր գնելու համար այլեւս իրենց հողն ու տունը գրավ չեն դնում եւ բանկերից վարկեր չեն վերցնում: Իսկ 4 տոկոսի ասելով՝ Արմեն Աշոտյանին պետք է հեռացնել նախարարի պաշտոնից՝ պատճառաբանելով, թե նա մասնագիտությամբ բժիշկ է եւ, պաշտոնն օգտագործելով որպես «վիրաբուժական դանակ», իրենց զրկում է դպրոցում որակյալ ուսուցում ստանալու հնարավորությունից:
ՀՀ քաղաքացիները անդրադարձել են նաեւ գալիք խորհրդարանական ընտրություններին: Հարցվածների 98 տոկոսը կարծում է, որ ընտրություններն անցնելու են ազատ, արդար եւ թափանցիկ: 2 տոկոսը վստահ է, որ ընտրությունները կանցնեն թափանցիկ, որովհետեւ ընտրատուփերը թափանցիկ են, սակայն արդար չեն լինի: Քաղաքացիների 95 տոկոսն ասում է, որ ՀՀԿ-ի կողմից կեղծիքներ չեն սպասում, իսկ «Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունները, օգտագործելով խորհրդարանում ունեցած ակտիվ պատգամավորների առավելությունը, ամեն գնով կեղծելու են ընտրությունների արդյունքները, որպեսզի բացարձակ մեծամասնություն լինեն:
Հարցվածների 25 տոկոսի կարծիքով՝ ընտրացուցակներում կեղծված տվյալներ է ավելացրել ՀԱԿ-ը, 25 տոկոսն ասել է՝ ՀՅԴ-ն, 30 տոկոսը՝ Տիգրան Կարապետյանը, իսկ 20 տոկոսը վստահ է, որ մահացածներն են մեղավոր, քանի որ նախապես չեն տեղեկացրել, որ մահանալուց հետո իրենց հանեն ցուցակներից:
Հարցին, թե ընտրություններից հետո ովքեր են դժգոհ լինելու արդյունքներից, հարցվածների 98 տոկոսը պատասխանել են՝ լրագրողները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել