
Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել մոտ 100 մարդ
Ղազախստանում, ընդդեմ խորհրդարանական ընտրությունների տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն 100 մարդու։ Այդ մասին գրում է Vласть պարբերականը։
Պարբերականի լրագրողների տվյալներով՝ Ալմա Աթայի «Աստանա» հրապարակում ոստիկանությունը բերման է ենթարկել 30-40 մարդու։ «Ազատություն ռադիոկայան»-ի ղազախական ծառայությունը նաև հայտնում է, որ նույն հրապարակում բերման ենթարկվածներից զատ, որոնք տարվել են ոստիկանական մեքենաներով, հրապարակից հեռացել են նաև ցուցարարներով լցված չորս միկրոավտոբուսներ։
Сейчас на площади Республики в Алматы. Фотографии Данияра Мусирова, Vласть pic.twitter.com/z3yOgHEUrc
— Svetlana (@Rosvet26) January 10, 2021
Vласть-ը գրում է, որ ավելի վաղ ոստիկանությունը, Հանրապետության հրապարակի մոտից, բերման է ենթարկել ևս 30 մարդու, երբ բողոքի ցույցի էին դուրս եկել չգրանցված Դեմոկրատական կուսակցության աջակիցները։ Եվս 70 մարդ հայտնվել է շրջափակման մեջ։ «Интерфакс»-ի տվյալներով՝ ցուցարարները բղավել են «Բոյկո՜տ», իսկ հրապարակ տանող փողոցներն ու հրապարակը շրջափակված են եղել ոստիկանների կողմից։ Գործակալությունը հայտնում է, որ Սատպաևի փողոցում ևս շրջափակել են ցուցարարներին։
«Ազատություն ռադիոկայան»-ի ղազախական ծառայությունը հայտնել է, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Նուր Սուլթանում (նախկին՝ Աստանա)։ Այնտեղ ոստիկանությունը բերման էր ենթարկել 6 ցուցարարի։ Ցուցարարներին բերման են ենթարկել նաև Ակտոբեում և Շիմքենտում տեղի ունեցած ցույցերի ժամանակ։
Ավելի վաղ, Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը խոստացել էր ցուցարարների նկատմամբ չիրականացնել «ռեպրեսիվ գործողություններ»։ «Ինչպես պարզվեց, բողոքի տրամադրություններն առկա են աշխարհի բոլոր երկրներում։ Այդ իսկ պատճառով, ինչ վերաբերում է ոստիկանությանը, այն ամբողջությամբ կգործի օրենքի սահմաններում»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Ղազախստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում են հինգ կուսակցություններ. իշխող «Նուր Օթան» կուսակցությունը, Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը, «Աուըլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, «Ակ ժոլ» և «Ադալ» դեմոկրատական կուսակցությունը։
Լուսանկարը՝ AP Photo/Vladimir Tretyakov
Մեկնաբանել