HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Սան-Ստեֆանոյից մինչ այսօր, կամ պատմության դասերը

1878թ․ ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո, Կոստանդինուպոլսի  արվարձան Սան-Ստեֆանոյում փետրվարի 19-ին կնքված պայմանագրով Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 միլիոն ռուբլի ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856թ․ Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը , Բաթումը, Բայազետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը։

Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։

Սակայն, արևմտյան կայսրությունները, հանձին Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի, չհաշտվեցին  Ռուսաստանի ունեցած հաջողությունների հետ և հրավիրեցին, նույն 1878թ․հունիսի 1-ին բեռլինյան կոնգրեսը, որին բացի վերոնշյալ երկրներից, մասնակցում էին նաև Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Ֆրանսիան,Իտալիան, Գերմանիան։

Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

Արևմտյան պետությունները, հանկարծ դարձան «մեծ հայասերներ» և կոնգրեսում առաջարկեցին հայկական ինքնավարության ծրագիր։ Ինչևէ, արդյունքում Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից։ Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Օսմանյան կայսրությանը։

Այսպիսով, արևմտյան երկրների գործունեությունն ուղղված չէր հայերի  պաշտպանությանը, և ոչ էլ հակաթուրքական էր, այլ ընդամենը հակառուսական, որն էլ ձեռնտու էր պարտված Թուրքիային։

Այդպիսով, ձեռնունայն վերադառնալով Բեռլինի կոնգրեսից և հասկանալով եվրոպական խոշոր տերությունների երկդիմի քաղաքականությունը, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, Մկրտիչ  Խրիմյանը դառնացած արձանագրեց, որ անտեղի, իզուր էին հայերի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քաղաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը: Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր:

Ամեն դեպքում, հայ առաջադեմ գործիչներն արդեն հույսը դնում էին և որպես հովանավորներ ընդունում էին արևմտյան երկրներին։ Սրան հետևեցին, արդեն 1896-98թթ․ համիդյան ջարդերը, որոնց ոչ մի կերպ չարձագանքեցին արևմտյան «հայասեր» երկրները։

Ինչու՞ հիշեցի և վիքիպեդիայից լայնածավալ մեջբերումներ  արեցի այս պատմական դեպքերից։

Չե՞ք նկատում, որ պատմությունը կարող է կրկնվել։

Ս․թ․ սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական  սանձազերծված ագրեսիան Արցախի դեմ, արևմտյան ոչ մի պետության կողմից լուրջ քննադատության չարժանացավ։ Ավելին, արևմտյան շատ հեղինակավոր կառույցներ, օրինակ ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ, չէին թաքցնում իրենց համակրանքն ու աջակցությունը Ադրբեջանին։ Որքան էլ քննադատենք Ռուսաստանին, ամեն դեպքում, պատերազմն ավարտվեց հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ։ Այժմ չեմ ցանկանում անդրադառնալ, մեր, ներեցեք՝ Հայաստանի իշխանությունների կողմից 2,5 տարի վարած ապիկար քաղաքականությանը, որն էլ բերեց պատերազմի, ռազմական գործողությունների  նույնպես ապիկար «կառավարմանը» և որպես արդյունք՝ նվաստացուցիչ կապիտուլյացիայի։ Եվ եթե, Ռուսաստանի միջնորդությամբ պատերազմը չդադարեցվեր, կկորցնեինք ողջ Արցախն ու «դժգույն» Ստեփանակերտը նույնպես, ստանալով նոր ցեղասպանություն։

Եվ հանկարծ, ինչպես Սան-Ստեփանոյից հետո, արևմտյան պետություններն աշխուժացան, հանկարծ հիշեցին Արցախի կարգավիճակի մասին, այն դեպքում, երբ  արցախյան ողջ հակամարտության ընթացքում այդ բոլոր երկրները բացահայտ պաշտպանել են Ադրբեջանի   այսպես կոչված, տարածքային ամողջականությունը։ Եվ հերթական անգամ ոգևորվեցին Հայաստանի «առաջադեմ, արևմտամետ, հակառուս» գործիչները։  Սույն գործիչները ոգևորված հղումներ են անում և տարածում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «խիստ մտահոգ» հայտարարությունները, այլ եվրոպական երկրների պառլամենտների «հայամետ»  բանաձևերը, դիմումներ գրում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Շարունակվում է «Սևրի» բարդույթը։ Ի դեպ, նույն Սևրի դաշնագրով Կիլիկիան անցնում էր Ֆրանսիային։ Իսկ թե ինչ ինչպիսին եղավ Կիլիկիայի  հայերի ճակատագիրը, կարծում եմ հայտնի է բոլորին։ Լավ, միթե՞ այդքան միամիտ եք, մնացել եք 19-րդ դարի մտածողության մեջ, թե՞ ․․․ ձեզ համար ամենակարևոր հարցը Հայաստանը ռուսական ազդեցությունից հեռացնելն է, ցանկացած, այդ թվում Արցախի, Սյունիքի կորուստների գնով։ Գուցե, իսկապես դուք անհամբեր սպասում էիք Արցախի վերջնական կորստին, հայազրկմանը, որ կատարվեր ձեր երազանքը։ Արդյո՞ք այդ էր ակնարկում ձեր պաշտելի վարչապետը, երբ պատերազմը սկսվելու օրն ասաց․ «Եկեք պայմանավորվենք, որ մեզ պարտված չենք ճանաչելու» և հենց պատերազմի թեժ օրերին իրեն քաղաքագետ կոչող մեկն արդեն հաճույքով գուժում էր մոտալուտ պարտությունն ու վարկաբեկում արցախցիներին։ Գուցե, Ռուսաստանը խառնե՞ց ձեր խաղաքարտերը՝ սպառնալով Ադրբեջանին և դադարեցնելով պատերազմը։ Թե՞, չեք գիտակցում, այն պարզ հարցը, որ արևմուտքին ոչ թե  Արցախի կարգավիճակը կամ հայերի ճակատագիրն է հետաքրքրում, այլ ինչպես 19-րդ դարում, իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք հիմնականում ուղղված են Ռուսաստանի, այո՝ Ռուսաստանի, այլ ոչ Թուրքիայի դեմ։ Եվ այդ շահերն իրականացնելու համար, այո՝ կսիրաշահեն հայերին, բայց ռուսական ուժերին հեռացնելուց հետո, մատը մատին չեն տա հայ ժողովրդին սպառնացող հերթական ցեղասպանությունը կանխելու համար։ Այդ հետո՝ հումանիտար օգնություն կտրամադրեն փախստականներին, մանկատների որբերին և նորից կհռչակվեն «մեծ հայասերներ»։

Ինքս էլ ոչ միամիտ եմ, ոչ ռուսամետ և շատ լավ հասկանում եմ, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցրեց իր շահերից ելնելով, տարածաշրջանն իր ազդեցության տակ պահելու նպատակով։ Պուտին-Փաշինյան գաղտնազերված հեռախոսազրույցներն արձանագրում են այն փաստը, որ Ռուսաստանին բնավ ձեռնտու չէր պատերազմը։ Այն կարող էր ունենալ  ճակատագրական հետևանքներ Ռուսաստանի համար, Արցախը Ադրբեջանի կողմից վերջնականապես գրավելուց հետո, Ռուսաստանը դուրս կմղվեր տարածաշրջանից, այն հանձնելով Թուրքիային, այո՝ Թուրքիային, այլ ոչ արևմուտքին։ Եվ վերջին պահին Ռուսաստանը փրկեց իր դեմքը։ Բայց սա այն դեպքն է, որ մեր և Ռուսաստանի շահերը համընկան։ Եվ ամենակարևորը, Ադրբեջանի նախագահը, հաստատ չլինելով ռուսամետ գործիչ, թիկունքին ունենալով Թուրքիայի նման հզոր դաշնակից, նաև լինելով արևմտյան շատ երկրների «սիրելին» և էներգակիրներ մատակարարող, չփչացրեց և չի փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ և պատկերացնում եմ, թե ինչպես է հրճվում հայաստանյան «առաջադեմների» հայտարարություններով։ Լավ, գոնե հիմա, չե՞ք գիտակցում, որ առաջիկայում և Արցախի և Սյունիքի, այն է, նաև Հայաստանի հետագա ճակատագրերը որոշող հիմնական խաղացողը լինելու է Ռուսաստանը։ Եվ ինչ կլինի, եթե մենք շարունակենք այդ հակառուսական քաղաքականությունը։ Ասեմ, կլինի այն, որ այդ հակառուսական քաղաքականության արդյունքում կունենանք նոր տարածքների կորուստներ, որ հետո նորից ու նորից մեղադրենք Ռուսաստանին հայկական հողերը հանձնելու մեջ։ Ինչպես իմ վաղեմի ծանոթներից մեկը մի անգամ անկեղծացավ, մեջբերում եմ բառացի․  «Այո, մենք պետք է հայհոյենք ռուսներին, բայց նրանք պարտավոր են մեզ պաշտպանել»։

Ասածիցս բնավ չի բխում՝ ընկնել մյուս ծայրահեղության մեջ , դառնալ ռուսահպատակ և վատթարացնել հարաբերությունները արևմուտքի հետ։ Չնայած այն այժմ շատ ավելի բարդ է և պահանջում է շատ ավելի մեծ զգոնություն և փորձառություն, քան մինչ կապիտուլյացիան էր։ Եվ իհարկե, պետք է մեր դիվանագիտությունը լուրջ կերպով աշխատի արևմուտքի հետ։  Եվ ինչպես նշել եմ, արևմտյան երկրները եթե տեսնեն, որ մեր դիվանագիտությունը ելնում է միայն ու միայն մեր երկրի շահերից, հավատացեք, որ ոչ թե «կսիրեն» և կարհամարհեն, այլ արդեն իսկապես կհարգեն մեր ժողովրդին։ Գիտեմ որ շատ «հերոս հայրենասերներ» ինձ կմեղադրեն ռուսամոլ լինելու մեջ։ Սրանք այն գործիչներն են, որ կամ ԽՍՀՄ տարիներին եղել են անկեղծ անկախական-հակառուսներ և այդ կաղապարից չեն կարողանում դուրս գալ և չեն տեսնում նոր իրավիճակը, կամ միայն անձնական շահերով առաջնորդվող՝ նույն ԽՍՀՄ  տարիների կոմսոմոլ-կոմունիստներն են, կամ օտարերկրյա քաղաքացիներ, կամ հենց իրենք բանակից թռածներ, կամ իրենց սիրասուն զավակներին բանակից փախցրածներ, և վերջապես բոլոր վերը թվարկած գործիչների քարոզչության զոհեր։

Հ․Գ․ Ինչպես միշտ, պատրաստ եմ այս հարցերի շուրջ հրապարակային  բանավեճի  ցանկացած «առաջադեմ» գործչի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter