HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը ԿՀՎ ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսի թեկնածությունը

Ջո Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսին առաջադրել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում։ Այդ մասին գրում է BBC-ն։ «Դեսպան Բերնսը ճգնաժամերի ժամանակ փորձված պետական ծառայող է, որի կարիերան նվիրված է անվտանգության և ամերիկացիների բարեկեցության ապահովման իրականացմանը»,- նշվում է Բայդենի թիմի հայտարարության մեջ։

Եթե Բերնսը հաստատվի ԿՀՎ ղեկավարի պաշտոնում, նա կդառնա առաջին կարիերային դիվանագետը, որը կգլխավորի հատուկ ծառայությունը։ Ուիլյամ Բերնսը 33 տարի աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարությունում և ավարտել դիվանագիտական ծառայությունը 2014 թվականին։ Տիրապետում է ռուսերենին և արաբերենին։ Բերնսը 2005-2008 թվականներին եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը։ Բացի այդ, եղել է նաև Հորդանանում ԱՄՆ դեսպանը, մասնակցել մերձավորարևելյան մի շարք բանակցությունների։

2008-2011 թվականներին Բերնսը աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի պաշտոնում։ Նա ԱՄՆ պատմության երկրորդ կարիերային դիվանագետն է, որը հասել է այդ պաշտոնին։ Սովորաբար, նման պաշտոնների նշանակումը քաղաքական որոշման արդյունք է, այլ ոչ կարիերային նշանակում։ 

Բերնսն աշխատել է ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ նախագահների հետ։ 2013 թվականին The Atlantic պարբերականը նրան անվանել է «ԱՄՆ գաղտնի դիվանագիտական զենք»՝ ընդգծելով, որ Բերնսին հաճախ են ուղարկել լուծելու միջազգային մի շարք խնդիրներ և հարցեր, որոնք հատուկ նշանակություն են ունեցել ԱՄՆ արտաքին քաղաքականության համար։ ԱՄՆ Պետքարտուղարությունում Բերնսի հետ աշխատած մարդիկ նշում են, որ նա առանձնանում է իր կազմակերպվածությամբ, վերլուծական կարողություններով, ինչպես նաև թիմային աշխատանքով։ 

2003 թվականին Բերնսը դեմ է արտահայտվել Իրաք ամերիկյան զորքերի ներխուժմանը: Washington Post-ի վերլուծաբան Դեյվիդ Իգնատիուսը նշում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասնագետների և քաղաքական գործիչների մեջ Բերնսը համարվում է «իր սերնդի, հավանաբար, լավագույն դիվանագետը»։  

ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Բերնսի նշանակմանը կան ինչպես կողմ, այնպես էլ դեմ արտահայտվողներ։ Ընդ որում, երկու կողմերն էլ հիմնվում են միևնույն փաստարկի վրա. ԿՀՎ-ում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ՝ աշխարհում ժամանակակից իրողություններին և մարտահրավերներին դիմակայելու համար։

Լուսանկարը՝ Drew Angerer/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter