HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ավանդների «փախուստը». բանկերում պահվող փողերը երեք ամսում 147 մլրդ դրամով կրճատվել են

Հայաստանի բանկերում գտնվող ավադները վերջին ամիսներին նվազում են։ Պատերազմի, իսկ ավելի վաղ կորոնավիրուսի հետևանքով  կուտակված անորոշությունները, տնտեսական հետևանքները, մարդկանց եկամուտների անկումը, երբեմն էլ՝ բանկերի ու պետական կառույցների նկատմամբ վստահության թուլացումը հանգեցրել են նրան, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ավանդները 147 մլրդ դրամով կրճատվել են։

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով (ՀՀ ԿԲ)՝ 2020 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում պահվող ավանդների ընդհանուր չափը կազմել է մոտ 3 տրլն 496 մլրդ դրամ։ Այստեղ խոսքը ոչ միայն ֆիզիկական անձանց ավանդների մասին է, այլև՝ մասնավոր ու պետական ձեռնարկությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և այլն։ Ընդ որում՝ ավանդատուները բանկերից հանել են և՛ դրամային, և՛ արտարժութային խնայողությունները։ 

Ավանդների կրճատում է նկատվել հենց սեպտեմբերից սկսած, ինչը կարող է վկայել, որ նույն ամսի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմից ընդամենը օրեր անց ավանդատուների մի մասն արդեն իսկ շտապել է գումարները հանել բանկերից։ 

Այդ վարքագիծը շարունակվել է ինչպես հոկտեմբերին, այնպես էլ՝ նոյեմբերին։ Արդյունքում օգոստոսի վերջի համեմատ նոյեմբերի վերջին ավանդները նվազել են մոտ 147 մլրդ դրամով կամ 4%-ով։

Իսկ իրականում, դոլարային արտահայտությամբ, այս նվազումն ավելի մեծ է եղել, քանի որ բանկերում մեծ կշիռ ունեն դոլարային ավանդները, և այստեղ փոխարժեքի գործոնն իր դերն է խաղացել։ 

Ինչ է կատարվել արտարժութային ավանդների պարագայում

2020 թվականի նոյեմբերի դրությամբ հայաստանյան բանկերում պահվող ավանդների 53.6%-ը արտարժույթով են, հիմնականում՝ դոլարով։ Դա կազմել է 1 տրլն 873.5 մլրդ դրամին համարժեք գումար, որից մոտ 774 մլրդ դրամը ոչ ռեզիդենտների ավանդներն են, մնացած 1 տրլն 99.6 մլրդ դրամը ռեզիդենտներինն է։ 

Օգոստոսի վերջի համեմատ արտարժութային ավանդների ընդհանուր գումարը կրճատվել է մոտ 95 մլրդ դրամով կամ 4.8%-ով։ 

Ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները կրճատվել են 69 մլրդ դրամ կամ 8%-ով, իսկ ռեզիդենտներինը՝ 26 մլրդ դրամով կամ 2%-ով։ Այլ կերպ ասած՝ ոչ ռեզիդենտներն ավելի շատ արտարժույթ են հանել բանկերից, քան ռեզիդենտները։

Ինչպես արդեն նշեցինք, արտարժույթով ավանդների պարագայում նվազումն իրականում ավելի մեծ է։ Բանն այն է, որ ԿԲ-ն վիճակագրությունը ներկայացնելիս դոլարային ավանդները վերածում է դրամի։ Ու քանի որ դոլարը սեպտեմբերի վերջից սկսած զգալի թանկացել է դրամի նկատմամբ, հետևաբար ավանդները դրամային արտահայտությամբ հաշվելիս ավելի մեծ գումար են կազմել։ 

Համեմատության համար նշենք, որ ըստ ԿԲ-ի տվյալների՝ օգոստոսի վերջին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 487.2 դրամ, նոյեմբերի վերջին՝ 506.4 դրամ։ Այդ փոխարժեքներով հաշվարկելիս կստացվի, որ ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները օգոստոսի վերջին կազմել են 4 մլրդ 30 մլն դոլար, իսկ նոյեմբերի վերջին՝ մոտ 3 մլրդ 700 մլն դոլար։ Այդպիսով, կստացվի, որ դոլարով հաշվարկելիս արտարժութային ավանդները երեք ամսում նվազել են 330 մլն դոլարով կամ 8.2%-ով։ 

Կրճատվել են նաև դրամային ավանդները

Ինչ վերաբերում է դրամային ավանդներին, ապա ռեզիդենտների դրամային ավանդները 2020 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել են 1 տրլն 471 մլրդ դրամ, որը օգոստոսի վերջի համեմատ կրճատվել է 46 մլրդ դրամով կամ 3%-ով։

Իսկ ոչ ռեզիդենտների դրամային ավանդները կազմել են 151 մլրդ դրամ՝ նվազելով մոտ 6 մլրդ դրամով կամ 4%-ով։

Ընդհանուր առմամբ, ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների դրամային ավանդները նոյեմբերի վերջին կազմել են 1 տրլն 622 մլրդ դրամ՝ օգոստոսի վերջի համեմատ նվազելով 52 մլրդ դրամով կամ 3.1%-ով։ 

Սովորաբար, ավանդատուները փոխում են իրենց վարքագիծն ու ավելի զգուշավոր են դառնում, երբ երկրում տնտեսական, քաղաքական, առողջապահական այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որն անորոշություններ է առաջացնում ապագայի նկատմամբ։ Նվազում են մարդկանց եկամուտները, թուլանում է բանկերի ու պետական կառույցների նկատմամբ վստահությունը։

2020 թվականն այդ առումով լի էր «անակնկալներով»։ Մարտի սկզբից բռնկված համավարակի պատճառով վատթարացավ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, դրամն արժեզրկվեց։ Ի թիվս բազմաթիվ վնասների՝ սա հանգեցրեց նաև ավանդների կրճատման։ 

Հետագայում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մայիսից սկսած՝ ավանդներն աստիճանաբար վերականգնվեցին։ Սակայն, սեպտեմբերից կրկին բացասական միտումներ նկատվեցին։

Ավանդները բանկերից հանելով՝ մի կողմից ավանդատուները զրկվում են դրանց դիմաց ստացվող տոկոսադրույքներից, մյուս կողմից էլ բանկերի համար է սա դառնում լուրջ խնդիր, որոնք մի ձեռքով ավանդներ են ներգրավում, մյուսով՝ վարկեր տրամադրում։

Կօգնի՞, արդյոք, երաշխավորվող ավանդների շեմերի բարձրացումը

Ֆիզիկական անձանց ավանդները, ըստ որոշակի շեմերի, երաշխավորված են Հայաստանի բոլոր բանկերում։ Հատուցումը երաշխավորում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, որին բանկերը պարբերաբար երաշխավորության գումարներ են փոխանցում։ Հիմնադրամի հիմնադիրը Կենտրոնական բանկն է։

2020 թվականի դեկտեմբերի սկզբից օրենքի ուժով գործում են երաշխավորվող ավանդների նոր՝ ավելի բարձր սահմանաչափերը։

Մասնավորապես, 

  • Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն  դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն։
  •  Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7 միլիոն դրամ՝ նախկին 5   միլիոն   դրամի փոխարեն:
  • Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:
  • Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Ավանդների երաշխավորության շեմերի բարձրացման նախագիծը, որը ԿԲ-ի հետ միասին ներկայացրել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, մշակվել, քննարկվել ու ընդունվել էր դեռևս պատերազմից առաջ։ Օրենքով այն ուժի մեջ է մտել 2020-ի դեկտեմբերի 1-ից։ Որքանով այն կօգնի կանխել ավանդների կրճատումը, պարզ կդառնա դեկտեմբերի ու հետագա ամիսների ցուցանիշներից։

Իրավիճակը փորձում են «փրկել» նաև բանկերը։ Որոշ բանկեր նոյեմբեր-դեկտեմբերին հայտարարեցին, որ բարձրացնում են ավանդների տոկոսադրույքները։

Մինչ այս փոփոխություններն էլ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մի քանի առիթով ուղերձներ է հղել ավանդատուներին, որ անհանգստանալու կարիք չկա, և որ ավանդների վերադարձելիության խնդիր չի սպառնում բանկային համակարգին։

Չնայած դրան՝ ավանդները կճատվել են, որի արդյունքում բիզնեսն ու տնային տնտեսությունները զգալի գումարներ են կորցրել չստացված տոկոսների մասով։ Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ԿԲ նախագահը հայտարարեց, որ ավանդների չստացված տոկոսների մասով ավանդատուները, որոնք խզել են իրենց պայմանագրերը ու հանել գումարները բանկերից, ընդհանուր առամամբ 5-7 մլրդ դրամ են կորցրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter