
Twitter-ը արգելափակել է դավադրության տեսությունների հազարավոր կողմնակիցների օգտահաշիվներ
Twitter սոցիալական ցանցը, որը վերջերս արգելափակել էր ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, հունվարի 12-ի գիշերը արգելափակել է նաև QAnon շարժման տասնյակ հազարավոր կողմնակիցների և այլ օգտատերերի օգտահաշիվներ, որոնք տարածում էին դավադրության տարբեր տեսություններ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Twitter-ի մամլո ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ արգելափակվել է մոտ 70 000 միկրոբլոգ։
QAnon շարժման կողմնակիցները հավատում են, որ Deep State անունը կրող ազդեցիկ պեդոֆիլների միջազգային խումբը գողանում է երեխաներին, որպեսզի նրանց արյունից պատրաստի հավերժ երիտասարդության կյանքի էլիքսիրը։ Շարժման կողմնակիցների կարծիքով՝ այդպիսի հանցագործություններին մասնակից է նաև ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը։ Նրանք համոզված են, որ ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է աշխարհը փրկել Deep State-ից։
Շարժման կողմնակիցները մասնակցել են 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակմանը։ 2020 թվականի հոկտեմբերին YouTube-ը հայտարարել էր, որ արգելափակել է QAnon-ի տասնյակ հազարավոր տեսանյութեր և փակել շարժման կողմից օգտագործվող ալիքները։
Լուսանկարը՝ Saul Loeb/AFP via Getty Images
Մեկնաբանել