
Ռոսկոմնադզորը կազմել է «արտասահմանյան գործակալ» ԶԼՄ-ներում առկա խախտումների առաջին արձանագրությունները
ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) կազմել է ՌԴ-ում «արտասահմանյան գործակալների» կարգավիճակ ունեցող լրատվամիջոցների վերաբերյալ առաջին արձանագրություններն այն պատճառով, որ ԶԼՄ-ների կայքերում բացակայել են արտասահմանյան գործակալի կարգավիճակի մասին համապատասխան մակնշումները։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
«Արտասահմանյան գործակալ-ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ կազմվել են արձանագրություններ՝ չորս կայքերում մակնշման բացակայության պատճառով։ Կազմված արձանագրությունները, երեք աշխատանքային օրվա ընթացքում, կուղարկվեն դատարան՝ վարչական տուգանքներ սահմանելու մասին վճիռներ ընդունելու համար»,- նշվում է ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին։
Փաստաթղթում չի նշվում, թե որ ԶԼՄ-ների մասին է խոսքը, սակայն «Интерфакс»-ի տվյալներով՝ վարչական գործեր են հարուցվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի չորս նախագծերի նկատմամբ։ Ռոսկոմնադզորը հիշեցրել է, որ գործակալությունը 2020 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ «առաջին արձանագրությունները կկազմվեն 9 ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք գտնվում են մեկ իրավաբանական անձի կառավարման ներքո»։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության գլխավոր տնօրեն Անդրեյ Շարին «Интерфакс»-ին հայտնել է, որ Կորպորացիան ավելի վաղ Ռոսկոմնադզորից ստացել է վարչական պատասխանատվության ենթարկման մասին ծանուցում՝ Կորպորացիայի կայքերում «արտասահմանյան գործակալ ԶԼՄ» մակնշման բացակայության համար։
«Արտասահմանյան գործակալ» ԶԼՄ-ների մասին օրենքը Ռուսաստանում ուժի մեջ է մտել 2019 թվականի վերջից և խիստ քննադատության ենթարկվել։ Ցանկում ներառվել են զանգվածային լրատվության 12 միջոցներ, որոնց մեծ մասը «Ամերիկայի ձայն»-ի և «Ազատություն ռադիոկայանի»-ի նախագծերն են։ 2020 թվականի վերջին ՌԴ Արդարադատության նախարարությունը ցանկում ներառել է 5 ֆիզիկական անձանց, որոնց թվում էր նաև «Հանուն մարդու իրավունքների» շարժման հիմնադիր Լև Պոնոմարյովը։
Լուսանկարը՝ ТАСС գործակալության
Մեկնաբանել