Դոնալդ Թրամփը հաստատել է Վաշինգտոնում արտակարգ իրավիճակի ռեժիմը. ԱՄՆ մայրաքաղաք կուղարկվեն Ազգային գվարդիայի հավելյալ ուժեր
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Վաշինգտոնում արտակարգ իրավիճակի ռեժիմը և հանձնարարել դաշնային հավելյալ ուժեր ուղարկել երկրի մայրաքաղաք, որպեսզի հնարավոր լինի հունվարի 20-ին ապահովել ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության անվտանգությունը։
Ինչպես հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը, արտակարգ իրավիճակի ռեժիմը սկսվել է հունվարի 11-ին և կավարտվի հունվարի 24-ին: Այդ ընթացքում Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը կորոշի, թե արդյոք անհրաժեշտ է մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսներն ու սարքավորումները՝ արտակարգ իրավիճակի հետևանքների մեղմացման նպատակով։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի իշխանությունները հունվարի 7-ին մայրաքաղաքում հայտարարել էին արտակարգ իրավիճակի ռեժիմ այն բանից հետո, երբ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները հարձակվել էին Կապիտոլիումի վրա։ Դրանից հետո Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը խնդրել էր մտցնել հավելյալ ուժեր, որպեսզի Ջո Բայդենի երդմնակալությունից առաջ մայրաքաղաքում ապահովվի անվտանգություն։
I strongly urge the United States Department of Homeland Security to adjust its approach to the Inauguration in several specific ways, and have outlined them in the following letter to Acting Secretary Wolf. pic.twitter.com/GaxUWfFbxk
— Mayor Muriel Bowser (@MayorBowser) January 10, 2021
ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար Դենիել Հոքանսոնը հայտնել է, որ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ Ազգային գվարդիան պատրաստ է մինչև 15 000 զինծառայող տեղակայել մայրաքաղաք Վաշինգտոնում։
Հունվարի 11-ին Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը, ինչպես նաև հարևան Մերիլենդ և Վիրջինիա նահանգների նահանգապետեր Լարի Հոգանն ու Ռալֆ Նորթեմը ԱՄՆ քաղաքացիներին կոչ էին արել, երդմնակալության համար, չգալ մայրաքաղաք։
Ավելի վաղ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն էլ զգուշացրել էր, որ հունվարի 16-20-ը ընկած միջակայքում աջ ծայրահեղական ակտիվիստները ամերիկյան բոլոր նահանգների մայրաքաղաքներում և ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախապատրաստում են զինված բողոքի ցույցեր։
Լուսանկարը՝ Stefani Reynolds/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել