HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ հարկեր և վճարներ պետք է վճարեք 2021 թվականից, եթե գրանցված աշխատող եք

Այս տարվանից սկսած Հայաստանում գրանցված աշխատողները հարկվելու են ավելի ցածր եկամտային հարկով, սակայն զուգահեռ բարձրանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող գումարները։ 

Հարկային դրույքաչափերը ամրագրված են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով»։

Եկամտային հարկը բոլորի համար 23%-ից դառնում է 22%

2020 թվականից Հայաստանում գործում է եկամտի հարկման համահարթ համակարգը: Սա նշանակում է, որ բոլոր գրանցված աշխատողները նույն տոկոսաչափով եկամտային հարկ են վճարում։

Եթե նախկինում գործում էր պրոգրեսիվ համակարգը և քաղաքացիները հարկվում էին ըստ եկամտի չափի (որքան բարձր էր եկամուտը, այնքան բարձր էր եկամտային հարկի տոկոսը), ապա 2020 թվականին բոլորը վճարել են 23% եկամտային հարկ։ 

Ըստ 2019 թվականին ընդունված փոփոխությունների՝ եկամտային հարկը մինչև 2023 թվականն աստիճանաբար նվազեցվելու է՝ հասնելով 20%: Այս տարի այն կկազմի 22%:

 Այսպես.

  • 2020-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը սահմանվել է 23%,
  • 2021-ի հունվարի 1-ից՝ 22%,
  • 2022-ի հունվարի 1-ից՝ 21%,
  • 2023-ի հունվարի 1-ից՝ 20%:

Կուտակվող կենսաթոշակին կուղղվի աշխատավարձի 3.5%-ը՝ նախկին 2.5% փոխարեն

Եկամտային հարկի դրույքաչափերի նվազմանը զուգահեռ սոցիալական վճարներն աճում են։

Հայաստանում գրանցված աշխատողները կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից են, եթե ծնվել են 1974 թվականին և դրանից հետո: Ավելի բարձր տարիքի անձինք համակարգին կարող են միանալ կամավոր։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ աշխատողի աշխատավարձի 10%-ի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10%-ի մի մասը աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ Հարկային ձևակերպմամբ՝ այդ գումարը կոչվում է սոցիալական վճար։ Ներկայում պետության մասնակցությունն ավելի մեծ է։

Սակայն հարկային փոփոխությունները մշակվել են այնպես, որ 2023 թվականից նշված 10%-ում պետության և աշխատողների մասնակցությունը հավասար լինի՝ 5-ական %։

2020 թվականին որպես սոցիալական վճար գանձվել է աշխատողի աշխատավարձի 2.5%-ը, պետությունը դրան ավելացրել է աշխատողի աշխատավարձի 7.5%-ի չափով։ 

2021 թվականից պետության մասնակցությունը նվազում է մեկ տոկոսային կետով՝ դառնալով 6.5%, իսկ աշխատողի մասնակցությունը նույնքանով ավելանում՝ դառնալով 3.5%:

Այսպես, պարտադիր կենսաթոշակային վճարների՝ սոցիալական վճարների դրույքաչափերը հետևյալն են.

  • 2020թ. հունվարի 1-ից՝ 2.5%,
  • 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5%,
  • 2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5%,
  • 2023-ի հունվարի 1-ից՝ 5%:

Միևնույն ժամանակ, սոցիալական վճարի հաշվարկում որոշակի նրբություններ կան։ Համակարգն այնպես է պլանավորված, որ պետության կողմից մեկ մասնակցի համար կուտակվող կենսաթոշակի գումարը չգերազանցի 32 500 դրամը։

Եթե աշխատավարձը 500 000-1 020 000 դրամի սահմաններում է, ապա պետության կողմից վճարվում է 32 500 դրամ, իսկ մասնակցի կողմից աշխատավարձի 10%-ից հանած 32 500 դրամը։

Իսկ եթե աշխատավարձը գերազանցում է 1 020 000 դրամը, ապա ֆիքսված գումար է վճարվում՝ պետության կողմից 32 500 դրամ, իսկ անձի կողմից` 69 500 դրամ։

Բարձրանում են նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները

Մինչև 2020 թվականին Հայաստանում գրանցված աշխատողներից յուրաքանչյուրի աշխատավարձից ամսական 1000 դրամ է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Սա համարվում է դրոշմանիշային վճար։

Անցած տարեվերջին ընդունված փոփոխություններից հետո այն դադարում է լինել «1000 դրամների հիմնադրամ». դրոշմանիշային վճարները սահմանվել են պրոգրեսիվ սանդղակով՝ դառնալով 1500-15 000 դրամ։ Որքան բարձր է աշխատավարձը, այնքան աշխատողն ավելի մեծ գումար է ուղղելու հիմնադրամին։

Այժմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները գանձվելու են հետևյալ սանղակով.

  • Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ
  • 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ
  • 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ
  • 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ
  • 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ

Մաքուր աշխատավարձը

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2020 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 186 167 դրամ։ Խոսքը «կեղտոտ» աշխատավարձի մասին է։

Եթե այս աշխատավարձը հարկվի ըստ վերևում նշված հարկային շեմերի, ապա դրա մաքուրը կկազմի 135 694 դրամ։ Սա այն դեպքում, երբ աշխատողը կենսաթոշակայինի պարտադիր մասնակից է։ Նրա վճարած եկամտային հարկը կկազմի 40 957 դրամ, սոցիալական վճարը՝ 6516 դրամ, դրոշմանիշային վճարը՝ 3000 դրամ։

Մեկ այլ ավելի պարզ օրինակ։ Այս անգամ հաշվարկը կատարենք ըստ մաքուր աշխատավարձի, ինչպես որ Հայաստանում հաճախ պայմանավորվում են գործատուն ու աշխատողը։ Եթե ենթադրենք, որ նրանք պայմանավորվել են 150 000 դրամ մաքուր աշխատավարձի շուրջ, ապա աշխատողի գրանցված՝ «կեղտոտ» աշխատավարձը պետք է կազմի 208 725 դրամ, որից 150 000 դրամը կլինի նրա մաքուր աշխատավարձը, 45 920 դրամը՝ եկամտային հարկը, 7305 դրամը՝ սոցիալական վճարը, 5500 դրամն էլ՝ դրոշմանիշային վճարը։

Մեկնաբանություններ (14)

Վրեժ
Դրոշմանիշային վճարը հաշվարկվում է մաքուր թե կեղտոտ աշխատավարձի նկատմամբ, մեկել կասեք 1 դրույքից պակաս ստացող աշխատողից պահվումա դրոշմանիշային վճար,թե պահվումա գործատույից:Կանխավ շնորհակալ եմ:
Եվա
Բարև ձեզ ,հարցս հետևյալն է եթե ամուսինս աշխատել է ԱԻՆ համակարգում ծառայության ըթացքում մահացել է ,մինչ այդ բնականաբար աշխատավարձից պահվել է համապատասխան հարկերն ու վճարները։Հիմա ես որպես օրինական կին կարող եմ ստանալ նրա կուտակային կենսաթոշակի և դրոշմանիշային վճարի գումարները?
Նարինե
ԱՁ-ների մասին փոփոխությունները կներկայացնե՞ք
Արևիկ
Հղիության և ծննդաբերության /մայրության նպաստի 140 օր/ հաշվարկման ժամանակ արդյոք հաշվարկվում է նաև դրոշմանիշային վճարը:
Էլեն
ներեցեք զինվորի մայր եմ և հարց ունեմ ԱՁ պետք է վճարեմ գումար՞
Սաթիկ
Գրանցված աշխատողոմ ,ունեմ զինվոր ,դրոշմանիշի գումար աշխատավարձից պահվումե
Լիաննա
ԱՁ-ների մասին փոփոխությունները կներկայացնե՞ք
Լիլիա
Կասեք ԱՁ-ների համար ինչ փոփոխություններ են գործում դրոշմանիշային վճարի և սոց վճարի վճարման մեջ:
Նելլի
Բարև ձեզ, որ խնդրեմ կպարզաբանեք թե որքան գումար են վճարում ԱՁ -ները Զինվորների ապահովագրության հիմնադրամին?
Սյուզաննա
Խնդրում եմ պարզաբանել. աշխատանքային պայմանագրում ֆիքսվող հիմնական աշխատավարձը դա <<կեղտոտ>> աշխատավարձն է?? Դրոշմանիշային վճարը հաշվարկվում է մաքուր թե կեղտոտ աշխատավարձի նկատմամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Marianna
Կասեք ԱՁ-ների համար ինչ փոփոխություններ են գործում դրոշմանիշային վճարի և սոց վճարի վճարման մեջ:
Էլեն
Բարեվ ձեզ։Խնդրում եմ կպարզաբանեք( ես գրանցված աշխատող եմ մաքուր ստանում եմ 100000 իսկ կեղտոտ 120000 ։Մինչեւվ հիմա ես չէի վճարում այդ սոցիալական վճարները,իսկ հիմա ասել են որ պետք է մեր 100000- ից պահեն որքանով է ճիշտ շնորհակալություն
Մարինե
Բարև ձեզ, որ խնդրեմ կպարզաբանեք թե որքան գումար են վճարում ԱՁ -ները Զինվորների ապահովագրության հիմնադրամին
Ani
իսկ ինչպես է ազդում դրոշմանիշային վճարը և կուտակային կենսաթոշակի վչարը ԱՁ-ների վրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter