HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ստորագրել են 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: Արթուր Դավթյանը քննարկման ընթացքում նշել է Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում Արցախում ծառայողական պարտականություններ կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությանը, Հայաստանի և Արցախի դատախազությունների, իրավապահ մարմինների հետ նրանց գործակցության կառուցակարգերին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գլխավոր դատախազը շեշտել է, որ թեև Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, սակայն ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես մեծացրել է անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության  մի շարք ոլորտներում: 

Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման և միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ավանդ ներդնելու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ գլխավոր դատախազի պատվոգրով:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter