
«Коммерсант»-ը հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը
Ռուսական «Коммерсант» պարբերականը հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որի շուրջ հունվարի 11-ին` Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, համաձայնության են եկել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները։
Մինչ հանդիպումը հայտարարվել էր, որ բանակցություններն ունենալու են տնտեսական օրակարգ։ Ենթադրվում էր, որ կողմերը քննարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրագործումը, որով նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար, իսկ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Արդեն հունվարի 11-ի հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ ստեղծվելու է փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»։
«Коммерсант»-ի տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ինչպես տրանսպորտային միջանցքների, այնպես էլ երկաթուղային հաղորդակցության հարցը։ Հրապարակված քարտեզում կանաչով երևում է տրանսպորտային միջանցքը, որը Նախիջևանը կապելու է Զանգելանի հետ, իսկ այնուհետ շարունակվի դեպի Հորադիզ և Բաքու՝ անցնելով ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։ Իսկ սև կետագծերով քարտեզում պատկերված է երկաթուղային հաղորդակցությունը, որը Երևանը կկապի Սյունիքի մարզի հետ։ Քարտեզից սակայն երևում է, որ երկաթուղու մեծ մասը անցնելու է Նախիջևանի տարածքով։ Խորհրդային տարիներին երկու երթուղիներն էլ ակտիվորեն օգտագործվել են, սակայն արցախյան հակամարտության մեկնարկից ի վեր դադարել գոյություն ունենալ։
Պարբերականը գրում է, որ տրանսպորտային այդ ուղիների փակվելուց մեծապես տուժել է Ռուսաստանը։ Երբ վրաց-աբխազական հակամարտությունից հետո Ռուսաստանից Վրաստան երկաթուղային կապը կտրվել է, Հայաստանը ևս զրկվել է այդ երկաթուղային կապուղուց, իսկ Ռուսաստանը՝ թուրքական երկաթուղու հետ միավորվելուց։ Արդյունքում, այդ երկաթգծից այսօր գործում է միայն Երևան-Թբիլիսի գիծը, իսկ Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհն անցնում է Ռազմավիրական ճանապարհով (Վերին Լարսի ճանապարհ), որը եղանակային վատ պայմանների պատճառով հաճախակի փակվում է։
Քարտեզում կանաչ գծով երևում է այն ճանապարհը, որը Հայաստանը միավորելու է Իրանի և Ռուսաստանի հետ։ Ընդորում, այն դարձյալ անցնում է Նախիջևանի տարածքով և Ջուղայից մտնում Իրան։ Ռուսաստանի պարագայում ճանապարհը անցնում է Սյունիքի մարզ-Զանգելան-Հորադիզ-Սաբիրաբադ-Շիրվան-Գոբուստան-Բաքու-Սիազան-Դաղստան (Ռուսաստան) ուղղությամբ։
Պարբերականը գրում է, որ տեսականորեն Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը պետք է շահեկան լինի բոլոր երեք կողմերի համար. Ադրբեջանին անհրաժեշտ է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, որով Բաքուն կկապվի Իգդիրի հետ, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան։ Եթե Ադրբեջանում հիմնականում դրական են վերաբերում ձեռք բերված համաձայնությանը, ապա Հայաստանում այն միանշանակ չի ընդունվում։
Այսպես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ տնտեսական միջանցքների ապաշրջափակման հարցը ներառված է եղել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ուստի այն հավելյալ քննարկելն իմաստ չունի։ «Փաստացի սա այն օրակարգն է, որն առաջ է քաշվում մեր հակառակորդի կողմից, և այն շարունակում է գերակա լինել հայկական օրակարգի նկատմամբ»,- նշել է Մարուքյանը։ Մարուքյանը հավելել է, որ եթե նոյեմբերի 9-ի հայտարարության հայկական կողմի պարտավորվածությունները կատարվում են «շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ», ապա Բաքվում հայ ռազմագերիների ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։
Ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ հայտարարել է, որ պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար։ Հայտարարության առաջին կետով նախատեսվում էր, որ կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում։ «Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ: Պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար: Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր: Եվ իհարկե պետք է հստակ դրվեր և լուծվեր գերիների հարցը։ Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը, որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին»,- նշել է Մանուկյանը։
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Վահե Դավթյանը, «Коммерсант»-ին տված մեկնաբանության ժամանակ, նշել է, որ միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանի կողմից ադրբեջանական ենթակառուցվածքներով բեռնափոխադրումների իրականացումը Հայաստանի համար ավելի թանկ կնստի, քան Վերին Լարսով և Սեւ ծովի վրացական նավահանգիստներով: «Պատճառը նոր ենթակառուցվածքային լուծումների որոնման անհրաժեշտությունն է, որոնք անխուսափելիորեն արտացոլվելու են փոխադրումների ինքնարժեքի մեջ։ Կարևոր դեր կխաղա նաև քաղաքական բաղադրիչը։ Թեև Ադրբեջանը հայտարարում է տրանսպորտային ենթակառուցվածքի հավասար հասանելիության մասին, ակնհայտ է, որ այն պրոտեկցիոնիստական մոտեցում է ցուցաբերելու՝ հայ բեռնափոխադրողների համար անբարենպաստ պայմաններ ստեղծելով։ Հիբրիդային պատերազմը շարունակվում է և կունենա առավելապես տնտեսական բովանդակություն»,- նշել է Դավթյանը։
Carnegie Europe կենտրոնի ավագ գիտաշխատող և «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալն էլ կարծում է, որ եռակողմ բանակցությունների ամենահետաքրքիրը «մնացել է փակ դռների հետևում», իսկ տնտեսական օրակարգի առաջին պլան մղելն իրականացվում է միայն այն պատճառով, որ որևէ արդյունք ի ցույց դրվի։ «Փաշինյանը, անկասկած, ցանկանում էր համաձայնության հասնել գերիների և անհետ կորածների մասով, բայց Ալիևը դրանում դեռևս շահագրգռված չէ։ Ալիևը, հավանաբար, դժգոհ է խաղաղապահ առաքելության աշխատանքից, բայց Պուտինը պատրաստ չէ այդ հարցում որևէ փոխզիջման։ Ի՞նչ է մնում։ Անկեղծ և ընդհանուր հետաքրքրություն ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության վերականգնման նկատմամբ»,- նշել է Թոմաս դե Վաալը։
Այդուհանդերձ, ըստ նրա, երկաթուղային հաղորդակցման բացմանը դեռ շատ ժամանակ կա։ Անհրաժեշտ են ոչ միայն ենթակառուցվածքներ, այլև «քաղաքական կամք և բազային մակարդակի համաձայնություն, որը հիմա բացակայում է»։
Քարտեզը՝ ռուսական «Коммерсант» պարբերականի
Մեկնաբանել