HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սյունիքի սահմանային հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզի սահմանային միջավայրի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակը և անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Սկսելով խորհրդակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է հետևյալը. 

«Հարգելի գործընկերներ, այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրված է Սյունիքի մարզի խնդիրներին, և մենք այսօր պետք է քննարկենք հարցերի բավական լայն շրջանակ: Հայտնի իրադարձությունների բերումով Սյունիքի սահմանային միջավայրն էական փոփոխություններ է կրել, և այսօր պետք է քննարկենք այն միջոցառումները, որ իրականացվում են Սյունիքի հատվածում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար, պետք է քննարկենք մինչ այժմ իրականացված աշխատանքները և թե ինչպես պետք է շարունակենք այդ աշխատանքները ու ինչ ուղղությամբ: Իհարկե, շատ կարևոր են սոցիալ-տնտեսական, կոմունիկացիոն խնդիրները, կարևոր են նաև բնապահպանական խնդիրները, և հարցերի բավական լայն շրջանակ ունենք քննարկելու:

Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, և մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար՝ ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ հանրապետության տարածքում, բայց Սյունիքն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն: Նաև պետք է քննարկենք, թե ինչ սոցիալական և տնտեսական ծրագրեր ենք իրականացնելու այն համայնքներում, որոնք սահմանային նոր կարգավիճակ են ստացել՝ ըստ էության, հայտնվել են սահմանային բնակավայրերի կարգավիճակում: Եվ այսօր կկայացնենք որոշումներ, ձեռք կբերենք պայմանավորվածություններ և կպայմանավորվենք նաև դրանց հետագա իրականացման ընթացքի վերաբերյալ»:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, վարչապետին զեկուցվել է Սյունիքի սահմանամերձ համայնքների և ճանապարհների անվտանգության ապահովման, սահմանային կետերի տեղորոշման աշխատանքների, քաղաքացիների հնարավոր գույքային վնասների փոխհատուցման գործընթացի և հարակից այլ խնդիրների լուծման ընթացքի մասին:

Արձանագրվել են ընթացիկ արդյունքները, քննարկվել են դեռևս առկա խնդիրների հնարավոր լուծումները և հետագա անելիքները՝ ճանապարհային, հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և այլ ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է գործընթացում ներգրավված պատասխանատու մարմիններին՝ արդեն իսկ ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև խնդիրների գույքագրման և լուծման աշխատանքները շարունակել միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, որն օպերատիվորեն կարձանագրի պրոբլեմները և լուծումներ կտա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter