HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միշտ սպասելու եմ իրեն»,- ասում է գնդապետ Արթուր Սարգսյանի այրին

Արցախյան երկրորդ պատերազմից երկու ամիս առաջ էր գնդապետ Արթուր Սարգսյանը նշանակվել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Ընտանիքն էլ պատերազմից մեկ ամիս առաջ էր տեղափոխվել Ստեփանակերտ` ծառայողական բնակարան:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արթուր Սարգսյանի կինը` Արմինե Գրիգորյանը, արթնացել է ավագ որդու մասին մտքերով, մեկ ամիս էր, ինչ նա զինծառայության էր անցել, և հանկարծ լսել է կրակոցներ, պայթյուններ:

Ամուսինը մի քանի ցուցում է տվել ու շտապել աշխատանքի, զգուշացրել է հոսանքի հնարավոր տատանումների, հեռախոսակապ չլինելու մասին, հորդորել արագ հավաքել առաջին անհրաժեշտության իրեր ու իջնել նկուղ:

Ամուսնուն Արմինեն վերջին անգամ տեսել է սեպտեմբերի 29-ին։ Կրտսեր որդու հետ նա տեղափոխվել է Հայաստան: 23 տարի զինվորական ծառայության մեջ գտնված Արթուր Սարգսյանն առաջին մասնագիտությամբ գինեգործ է:

Ագրարային համալսարանի զինվորական ամբիոնում ուսանելուց հետո ծառայությունը շարունակել է որպես սպա: 2000 թվականին՝ 25 տարեկանում, Ճամբարակում գումարտակի հրամանատար է նշանակվել, 2003 թվականին ընդունվել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, երկու տարի սովորել ու ավարտել գերազանցությամբ:

«Քսան տարի բոլոր մարզերում ապրել ենք իր ծառայությամբ պայմանավորված՝ Վանաձոր, Կարճաղբյուր, ճամբարակ, Սիսիան, Մարտունի, ամբողջ կյանքներս ճանապարներին է անցել: Երեխաներն այդպես են մեծացել, դեռ չծնված՝ ծառայել են»,-ասում է Արթուր Սարգսյանի այրին:

Հոր զինվորական կյանքն իր հետքն է թողել նաև որդիների ուսման վրա, գրեթե ամեն տարի մեկ այլ համայնքում են դպրոց հաճախել: Ստեփանակերտում կրտսեր որդին 10 օր է հասցրել դպրոց գնալ։ Մասնագիտությամբ մանկավարժ Արմինեն Վանաձորի դպրոցներից մեկում ուսուցչի օգնական էր, Ստեփանակերտում դեռ աշխատանք չէր գտել։

Երբ Սարգսյանը նշանակվել է Սիսական գնդի զորամասի շտաբի պետ, կրտսեր որդին` Սարգիսը,  ընդամենը մեկ ամսական է եղել, այնտեղ ապրել են յոթ տարի: Ապա Սարգսյանը նշանակվել է Սիսական գնդի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել են Վանաձոր, քանի որ Արթուր Սարգսյանը  նշանակվել էր երրորդ բանակային կորպուսի նախ հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա` շտաբի պետ:

Ընտանիքը երեք տարի էլ Վանաձորում է ապրել, այդ շրջանը Արմինեն բնութագրում է որպես իր կյանքի ամենաերջանիկ տարիները: Ամուսնու հետ որոշել էին Վանաձորում տուն կառուցել ու ծերությունն այնտեղ անցկացնել:

Ասում է, որ ամուսնուն երբեք մենակ չէր թողել, բայց պատերազմում թողեց, ինչի համար իրեն ներել չի կարողանում: Պատերազմի առաջին օրերից Արցախի տեղեկատվական շտաբի ասուլիսներին տեղեկատվություն հաղորդող Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Շուշիում ծանր վիրավորվել է, բժիշկներն արգելել են նորից սահման մեկնել, բայց, ինչպես նրա վարորդն է պատմել, Սարգսյանն ասել է` ինձ հենակ տվեք, ես պետք է գնամ, 19 տարեկանները զոհվում են:

Արթուրի վիրավորվելու մասին իմացել է միայն ավագ որդին, պատահական ձեւով, երբ խրախուսական պարգևներ հանձնելու համար Սարգսյանը եղել է նաև որդու զորամասում: Արթուր Սարգսյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին, Մարտունիում, այնտեղ ևս խրախուսանքի արժանի զինվորներին պետք է պարգևատրեր: 

«Շատ էր սիրում իր աշխատանքը, բոլոր ձեռքբերումներն իր վաստակն են... Լեգենդար Սիսական գնդի հրամատարն է եղել…Միշտ սպասելու եմ իրեն»,-ասում է Սարգսյանի այրին:

Զինծառայող որդուն հոր զոհվելու մասին զորամասում ոչինչ չեն ասել, նոր համազգեստ են տվել և արձակուրդ տրամադրել` ասելով, որ հայրը գեներալի կոչման է արժանացել, պետք է գնա նախագահական նստավայր` պարգևատրման արարողության: 

«Միշտ սիրում էր առաջինը լինել, իր նշանաբանն էր՝ ավելի լավ է լինել առյուծի պոչ, քան մկան գլուխ: 23 տարվա ընթացքում բոլոր պարգևներն ու կոչումներն իր արդար քրտինքով են եղել, իր վաստակն են, ոչ մեկ ոչինչ հենց այնպես նրան չի տվել: Պիտի անթերի լիներ աշխատանքում, քուն չուներ, պատասխանատվության մեծ զգացում ուներ, դրան զուգահեռ սիրող հայր էր, հոգատար ամուսին և սիրալիր զավակ»,-ասում է Արմինե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ամուսինը սեր ու հարգանք էր վայելում թե՛ շարքային զինծառայողների, թե՛ բարձրաստիճան զինվորականների շրջանում: Պատմում է, որ գրեթե ամեն օր անծանոթ անձինք սոցցանցերի միջոցով գրում են իր որդիներին՝ ասելով, որ տարբեր տարիների իրենց հոր հրամանատարությամբ են ծառայել և երախտիքի խոսք են հղում:

Սիսական գնդում էլ զինվորների մկրտության ավանդույթ է հիմնել, յուրաքանչյուր զորակոչի չմկրտվածների ցուցակ է կազմել, կազմակերպել մկրտություն, շատերի դեպքում ինքը կնքահայր դարձել:

Արմինեի խոսքով՝ ամուսինը ոգևորությամբ էր զինծառայողների հետ նշում Նոր տարին, Տյառնընդառաջը, կնոջն ասել է, թե ամանորյա օրերին իր զորանոցներն ավելի լավ տեսք են ունեցել, քան իրենց տունը:

Պատերազմի օրերին շատ չեն խոսել, կինը միայն նկատել է, որ ամուսինն անտրամադիր է, զանգելիս էլ միայն հարցրել է, թե ինչպես են, զինծառայող որդու հետ խոսել է, թե՞ ոչ:

Կրտսեր որդին դպրոցական է, 10-րդ դասարանում է սովորում, հոր հետ շատ կապված է եղել, այժմ էլ ամբողջ օրը հոր արխիվն է նայում, նկարներ տեղադրում սոցցանցերում, հոր զինվորական ծառայությանն առնչվող ամեն մանրուքի ուշադրություն է դարձնում, մորն ուղղում է, թե հայրը երբ ինչ պաշտոն է զբաղեցրել:

2020 թվականի հոկտեմբերի 27-ին գնդապետ Արթուր Սարգսյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter