HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բորիկը զոհվեց հրադադարից ժամեր առաջ

Բորիկ Սուլեյմանյանը մեկ ամսվա զինծառայող էր, երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: 18-ամյա տղան պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ՝ նոյեմբերի 9-ը, մասնակցել է մարտական գործողություններին և զոհվել եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ:

Բորիկն ազգությամբ եզդի էր, տան միակ տղան: Ընտանիքի անդամները չեն հաշտվում նրա կորստի հետ, թեև գիտակցում են, թե հանուն ինչի է զոհվել:

Սուլեյմանյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Խորոնք գյուղի նոր թաղամասերից մեկում: Տունը ցուրտ էր, տաքացնում էին էլեկտրաէներգիայով: Թաղամասը դեռ գազաֆիկացված չէ: Բորիկը նպատակ ուներ բանակից զորացրվելուց հետո աշխատել և զբաղվել տան գազաֆիկացման հարցերով:

Սև հագուստներով ու գլխաշորերով երեք կանայք՝ Բորիկի մայրը, տատն ու ազգականը նստած էին հյուրասնյակի բազմոցին: Կանայք նստած էին այն դիրքով, որտեղից երևում էր սենյակներից մեկում դրված Բորիկի լուսանկարները: Աչքն այդ սենյակից չէին կտրում: Կանանցից միայն տատն էր մի քանի բառ ասում զոհված թոռան մասին, մյուսները լուռ էին: 

2019թ․ Բորիկն ընդունվել է «Արմֆայթինգ» սպորտային դպրոց՝ զբաղվելով «մարտեր առանց կանոննոների» սպորտաձևով: Կարճ ժամանակում հասցրել էր մրցումների մասնակցել և մեդալներ նվաճել: Սպորտային կազմվածքը, խիզախությունը տղայի ծնողների մոտ մտավախություն չի առաջացրել, որ նա դժվարություններ կունենա բանակում:

Հորեղբայրը՝ Համլետ Սուլեյմանյանը, պատմեց, որ Բորիկին 2020թ. օգոստոսի 24-ին շատ ուրախ են ճանապարհել բանակ: Չեն էլ մտածել, որ մեկ ամիս անց կարող է պատերազմ սկսվել: Կորոնավիրուսի համավարակի պատճառով Բորիկը 20 օրից ավելի գտնվել է կարանտինի մեջ։ 

Սեպտեմբերի 27-ին Բորիկը գտնվել է Ստեփանակերտի N զորամասում, սակայն նույն օրվա գիշերը նրան տեղափոխել են Հադրութ:

Հորեղբոր պատմելով՝ Բորիկն ու իր ծառայակից ընկերները Հադրութում մնացել են 25 օր: Այդ ընթացքում զոհվել են զորամասի տղաների զգալի մասը, ինչը ծանր է անդրադարձել Բորիկի վրա: Երբ Հադրութից նահանջելու հրաման են ստացել, տղաները տեղափոխվել են Մարտունու զորամասերից մեկը: 

Հայրը՝ Տիտալ Սուլեյմանյանն էլ պատմեց, որ պատերազմի օրերին ամեն օր խոսել է որդու հետ: Թեկուզ մի երկու բառ են փոխանակել, իմացել են, որ տղան ողջ-առողջ է․ ու դրանով սահմանափակվել: Նշեց, որ Հադրութից նահանջելու ժամանակ Բորիկը զանգել է իրեն: 

Մի պահ լռություն տիրեց սենյակում: Բորիկի հորեղբայրը կոտրեց լռությունը.

«Պատերազմը կարող էր չլինել: Եթե մեր դիվանագետները լավ աշխատեին գոնե այսքան զոհ չէինք ունենա: Աստված գիտի, թե ինչքան զոհ ենք տվել: Սա ցեղասպանություն էր: 44 օր մեզ խաբում էին: Զինվորը գիտեր, որ պարտվում ենք, ամեն օր ասում էին մի քաղաք, մի գյուղ տվեցինք թշնամուն: Այդ ընթացքում պաշտոնական լրատվությունը մեզ խաբում էր, ասում էին՝ նման բան չկա»:

Տիտալ Սուլեյմանյանը ասաց, որ 2020թ. նոյեմբերի 7-ին տղան զանգահարել է տուն և տեղեկացրել, որ 2 օր՝  նոյեմբերի 8-ից մինչև 10-ը, իրեն ու ընկերներին հանգիստ են տվել, քանի որ 4 հոգով 3 զրահատեխնիկա են խոցել: Ամսի 8-ին տարել են Մարտունու թաքստոցներից մեկը, որպեսզի տղաներն այնտեղ հանգստանան, փոքր-ինչ կազդուրվեն: Այդ օրը Բորիկը խոսել է տան բոլոր անդամների հետ: Սակայն հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ի առավոտյան զանգահարել է հորը և տեղեկացրել, որ հրամանատարի հորդորով իրենց նորից տանում են առաջնագիծ: Հենց այդ օրն էլ Բորիկը զոհվել է իր ընկերների հետ: Տղայի զոհվելու լուրն իմացել են դեպքից 3 օր անց՝ նրա ծառայակից ընկերներից:

Տիտալ Սուլեյմանյանին մխիթարում է միայն այն, որ Մարտունիում Բորիկի պահած դիրքերը չեն թողել: Մի առիթով հասցրել է տնեցիներին կարճ պատմել, որ իրենց վրա հարձակվել են մոտ 10 ադրբեջանական դիվերսանտներ, որոնց ինքն ու 3 ընկերները ոչնչացրել են, վերցնելով զենքերը և դիվերսանտական խմբի հրամանատարի համազգեստի վրա փակցրած նշագրումը՝ «Հուսեյնով»: Դրանք փոխանցել են հրամանատարին:

Հարազատները պատմում էին, որ Բորիկը մարդամոտ էր, ընկերասեր, շփվող, սակայն, որպես ամենամոտ ընկեր համարել է քրոջը: Վերջինիս հետ է ամեն ինչ կիսվել, պատմել ծառայության դժվարությունների մասին: 

Վերջերս Բորիկի հրամանատարներից մեկը փորձել է կապ հաստատել Սուլեյմանյանների հետ, որպեսզի պատմի տղայի ծառայության մասին. ծնողները սպասում են այդ զանգին:

«Զոհվեցին մեր խիզախ՝ 18-20 տարեկան տղաները: Եզդի ազգը ևս կորուստներ ունեցավ: Բայց ուզում եմ նշել, որ մենք դարեր շարունակ հայերի կողքին ենք եղել, հայերն էլ՝ մեր: Սա մեր հայրենիքն է ու մեր տղաները զոհվել են հայրենիքի պաշտպանության համար: Մեր տղան չկա, բայց չենք փոշմանել, որ գնացել է բանակ: Մենք հպարտ ենք իր խիզախությամբ»,-ավելացրեց Բրիկի հորեղբայրը՝ Համլետ Սուլեյմանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter