Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների նախագահները ելույթներ կունենան Սլովակիայում
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հրավերով պաշտոնական այցով Սլովակիա են ժամանել ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Այսօր նրանք մասնակցելու են Սլովակիայի Իրավաբանական ակադեմիայի կողմից կազմակերպված «Մարդկության դեմ հանցագործությունների իրավագիտական հարցերը» սեմինարին: Պարոն Գագիկ Հարությունյանը ներկայացնելու է Հայոց ցեղասպանության և ցեղասպանությունը քրեականացնող օրենքի հետ կապված մի շարք պարզաբանումներ: Վաղն` ապրիլի 3-ին, նրանց ընդունելու է Սլովակիայի գլխավոր դատախազը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումների հարցերը: Այնուհետև «Պան Եվրոպական իրավաբանական համալսարանի» կենտրոնական դահլիճում Վճռաբեկ դատարանի նախագահ պարոն Արման Մկրտումյանը ելույթ կունենա փաստաբանների և իրավաբան ուսանողների առջև «Հայաստանում նախատիպային արդարադատության կայացումը» թեմայով:
Պատվիրակությունը կմասնակցի Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատվին կառուցված խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակ մատուցելու արարողությանը:
Այցի վերջում նախատեսված է հանդիպում ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի գրասենյակում Հայաստանի հարցերով զբաղվող սլովակ հայտնի քաղաքական գործիչներ` նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկու, Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի և Չեխոսլովակիայի նախկին գլխավոր դատախազ, Սլովակիայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մարտին Լաուկոի հետ: Կքննարկվեն հիմնականում Արցախի անկախության խնդիրները և դրան տանող ուղիների պարզաբանումը:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
02.04.2012 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել