HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

USAID-ի ղեկավարի պաշտոնում Ջո Բայդենն առաջադրել է Սամանթա Փաուերի թեկնածությունը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերի թեկնածությունը։ Այդ մասին իր կայքում հայտարարել է Ջո Բայդենի թիմը։

«Այսօր ընտրված նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սամանթա Փաուերին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնում առաջադրելու մասին և բարձրացրել պաշտոնը, ինչը հնարավորություն կտա նաև լինել Անվտանգության խորհրդի անդամ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ 

Բայդենը հույս է հայտնել, որ USAID-ի ղեկավարի պաշտոնում Փաուերը կարևոր դերակատարություն կունենա ողջ մարդկության զարգացման և ԱՄՆ շահերի առաջմղման գործընթացում։ «Նա կաշխատի մեր գործընկերների հետ COVID-19-ի համավարակի կանխարգելման, խոցելի խմբերին աջակցության, յուրաքանչյուր մարդու արժեքի համար պայքարի և ամբողջ աշխարհում ամերիկյան արժեհամակարգի ու հետաքրքրությունների առաջ մղման համար»,- նշել է Բայդենի թիմը։

2003 թվականին Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, 50-ամյա Սամանթա Փաուերը 2013-2017 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios հարթակը, եթե Փաուերի թեկնածությունը հաստատվի, ապա նրա առաջնային խնդիրներից մեկը կդառնա Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ԱՄՆ վերադարձը, որից երկիրը պաշտոնապես դուրս էր եկել 2020 թվականի հուլիսին։

Փաուերը բացահայտ ճանաչում է նաև Հայոց ցեղասպանությունը։ «Շատ ակնհայտ է, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, և նրանք չեն կարող ասել դա, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, որն ահաբեկչության պայքարում գործընկեր է, ճնշում ու շանտաժի է ենթարկում: Բոլորը, ովքեր լսում են տեղի ունեցածի մասին, իրենց մտքում չունեն որևէ կասկած փաստերի վերաբերյալ: Այնպես, որ սա փաստն է՝ ճշմարտությունը, և Թուրքիան կարող է շարունակել ճնշել ու շանտաժի ենթարկել, միգուցե դա կաշխատի, և գուցե լինեն պատահականություններ, հանգամանքներ ու շահեր, բայց այս բանավեճը որպես պատմական հարց լուծված է՝ շնորհիվ հայկական սփյուռքի ու հայ ժառանգների, ովքեր պատմել են, թե ինչ է տեղի ունեցել իրենց նախնիների հետ»,- Երևանում 2018 թվականին հայտարարել էր Փաուերը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ստեղծվել է 1961 թվականին՝ նախագահ Ջոն Քենեդու նախաձեռնությամբ։ USAID-ը մտնում է ԱՄՆ Պետքարտուղարության կառուցվածքում և համարվում միջազգային օգնության ցուցաբերման գլխավոր մեխանիզմներից մեկը՝ ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության նպատակների համատեքստում։

Լուսանկարը՝ Stephen Kelleghan-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter