HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը

Էստոնիայի վարչապետ և Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է 42-ամյա քաղաքական գործիչը։

«Դատախազության այսօր հրապարակած կասկածները չեն նշանակում, որ ինչ-որ մեկը միանշանակ մեղավոր է, բայց դրանք անխուսափելիորեն լուրջ ստվեր են գցում բոլոր մասնակիցների վրա։ Նման իրավիճակում միանշանակ ճիշտ է հրաժարական տալը՝ հնարավորություն տալով լույս սփռել բոլոր հանգամանքների վրա և հասնել հստակության՝ քաղաքական և հասարակական հանգստության պայմաններում»,- գրել է Ռատասը։

Նախօրեին Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը հայտարարել էր Ցենտրիստական կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Կորբի, ֆինանսերի նախարարի խորհրդական Կերստի Կրախտի, գործարար Հիլար Տեդերի և ևս երկու անձանց վերաբերյալ առկա կասկածների մասին։ Իրավապահների վարկածով՝ Տեդերը և Կորբը պայմանավորվել են, որ գործարարը Ցենտրիստական կուսակցությանը կնվիրաբերի մինչև մեկ միլիոն եվրո, իսկ Կորբը իր հերթին կօգնի Տեդերի հետ փոխկապակցված Porto Franco ընկերությանը ստանալ 39,4 միլիոն եվրոյի վարկ՝ արտոնյալ տոկոսադրույքով։ 

Յուրի Ռատասի խոսքերով՝ իր հրաժարականը փաստացի նշանակում է ներկայիս իշխող կոալիցիայի ավարտ, որի մեջ մտնում են Պահպանողական ժողովրդական կուսակցությունը և «Հայրենիք» կուսակցությունը։ Ռատասը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի նոյեմբերի 23-ին։ 2005-2007 թվականներին եղել է Տալլինի քաղաքապետը։

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդն էլ հայտարարել է վարչապետի նոր թեկնածուի անունը։ Էստոնիայի գործադիր մարմինը կարող է ղեկավարել ընդդիմադիր Ռեֆորմիստական կուսակցության առաջնորդ Կայա Կալասը։

Լուսանկարը՝ Raigo Pajula/AFP/Getty

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter