HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը հաստատեց դատական համակարգում նախատեսվող փոփոխությունների փաթեթը

Կառավարությունն այսօր՝ հունվարի 14-ին, հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավա­­րու­թյան օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծերի փաթեթով ներդրվում է 2 ենթամասնագիտացում: Մասնավորապես՝ կստեղծվի մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:

Նախագծի անհրաժեշտությունն արդարադատության նախարարը պայմանավորեց այն հանգամանքով, որ ըստ դատական իշխանության վիճակագրական տվյալների՝ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը՝ կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ:

«Կարծում ենք, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումն անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է, որ պետք է ներդրվի մասնագիտացում նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով՝ կրկին քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

Նախարարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց կոռուպցիոն գործերի քննության վերաբերյալ, որի համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 1-ից 2020 թականի հուլիսի 1-ի դրությամբ դատարանում քննվում է 275 կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված քրեական գործ, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացնում է դատախազական հսկողություն:

«Կարելի է եզրահանգել, որ դատական համակարգում կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը մոտավորապես 30% աճի միտում ունի»,- հավելեց Բադասյանը:

Ըստ նախարարի՝ նախագծով լուծվում է ևս մեկ խնդիր: Դատարանների նստավայրերը և հերթապահող դատավորների ժամանակացույցը հրապարակվում է: Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմնի և բոլորի համար ակնհայտ է դառնում, օրինակ, կալանքի միջնորդության քննության դեպքում ո՞ր դատավորին է մակագրվելու այդ գործը:

Նախատեսվում է նաև դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում: Նախատեսվում է ավելացնել մինչև 21 դատավորի հաստիք առաջին ատյանի դատարանում և մինչև 3 դատավորի հաստիք Վերաքննիչ քրեական դատարանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ կստեղծվի դատարանի նոր կազմը:

Բադասյանը նշեց՝ չնայած նրան, որ փաթեթն անհետաձգելի է, սակայն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ԲԴԽ-ն պետք է դիմի Կառավարությանը, որպեսզի ստանա համաձայնություն հաստիքների ավելացման վերաբերյալ: Անհրաժեշտ կարգավորումներից հետո կձևավորվի դատարանի նոր կազմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter