HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Կաճաճկուտի բնակիչը 8 տարի է՝ դատարանում պայքարում է իր իրավունքների համար

Լոռու մարզի Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրի բնակիչ Լուկաշ Ոսկանյանը 8-րդ տարին է՝ չի կարողանում վերականգնել իր խախտված իրավունքները։

Խորհրդային միության փլուզումից տարիներ առաջ Ոսկանյանին վարձակալության պայմանով հատկացրել են Կաճաճկուտ գյուղի տներից մեկը։ Մինչ այդ էլ բնակվել է այդ տան հարևանությամբ գտնվող արտադրական տարածքի խոնավ նկուղում։ Տարածքում գտնվող կիսաքանդ գոմը վերակառուցել է և կոոպերատիվի կազմում անասնապահությամբ զբաղվել։ Տեսնելով, որ կոոպերատիվը չի արդարացնում՝ առանձնացել է և իր տնտեսությունը հիմնել, սակայն ընտանիքի հոգսերը չի կարողացել թեթևացնել անասնապահությամբ։ Զինծառայության մեջ գտնվող որդու մոտ առողջական խնդիրներ առաջանալուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որպեսզի բուժման հարցերը կարգավորի։ Օրավարձով աշխատանք է գտել, տուն վարձակալել և որդուն խնամել։

2013 թ.-ին վերադարձել է Կաճաճկուտ և պարզել, որ տունը սեփականաշնորհվել է։ «Մեզանից թաքուն այդ տները վերցրեցին։ Գալիս ենք, ասում ենք դուրս արի, ասում են՝ էս տները մերն են։ Դե մենք էլ ի վիճակի չենք կռիվ անելու, մեծահասակ, հիվանդ, աշխատանք սիրող մարդիկ ենք»,– «Հետք»-ի հետ զրույցում պատմեց 76-ամյա Լուկաշ Ոսկանյանը՝ նշելով, որ դատարան են դիմել իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։

Այժմ վարձակալությամբ բնակվում են Ալավերդի քաղաքում։ Լուկաշ Ոսկանյանի կինը առողջական խնդիրներ է ունեցել, վիրահատվել և այժմ գտնվում է ամուսնու խնամքին։ Կինը կազդուրվում է, և հույս ունեն շուտով վերադառնալ գյուղ, հողագործությամբ զբաղվել՝ մինչև դատական գործն ավարտվի։

2013 թ.-ից գործը դատարանում է

Լուկաշ Ոսկանյանն իր ընտանիքի հետ 1991 թ.-ին բնակություն է հաստատել Լոռու Մարզի Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրում։ Համայնքից վարձակալել է տունը։ Հետագայում հաշվառվել է նաև նույն հասցեում։ 2011թ.-ին նույն գյուղի բնակիչ Ստեփան Պողոսյանն իր ընտանիքի հետ, առանց Լուկաշ Ոսկանյանի իմացության և համաձայնության, փաստացի ձևով հաշվառվել է նույն տանը։ Կաճաճկուտի համայնքապետարանը (Կաճաճկուտը նախկինում առանձին համայնք էր) և ավագանին որոշել են տունը նվիրել Ստեփան Պողոսյանին։ Լուկաշ Ոսկանյանը, իմանալով այդ մասին, 2013 թ.-ին դիմել է դատարան։

Հայցվորը վարչական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Կաճաճկուտի ավագանու 2012թ. թիվ 6 որոշումը։ Որոշման համաձայն՝ Ստեփան Պողոսյանը 2007թ.-ից ի վեր բնակվում է Կաճաճկուտ համայնքում, ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա, սոցիալապես անապահով է։ Ըստ ավագանու նույն որոշման՝ Պողոսյանը սեփական ուժերով կատարել է շենքի տանիքի մասնակի նորոգում, չունի սեփականաշնորհված բնակարան։ Քանի որ նա պարտավորվել է սեփական ուժերով արդիականացնել և վերականգնել իրենց բնակարան հանդիսացող շենքը, Կաճաճկուտ համայնքի ավագանին որոշում է կայացրել Ստեփան Աղվանի Պողոսյանին նվիրաբերել Կաճաճկուտ համայնքի 5-րդ փողոցի 4-րդ շենքը:

Հայցվոր Լուկաշ Ոսկանյանը դատարանին հայտնել է, որ 1992 թ.-ին հանդիսացել է վիճելի տան վարձակալը, ապա ընտանիքի հետ հաշվառվել տանը և տունը սեփականաշնորհելու ժամանակ նախապատվության իրավունք պետք է ունենար։

Սակայն հետագայում պարզվել է, որ 2007թ. համայնքապետարանի և նույն համայնքի բնակիչ Ստեփան Պողոսյանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որը նոտարական վավերացում և պետական գրացում չի ստացել։ Հայցվորը գտել է, որ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, նման գործարքը ևս առոչինչ է, և որ առանց վարձակալի համաձայնության՝ բնակելի տան նկատմամբ որևէ գործողություն չի կարող կատարվել։

Որպես պատասխանող և երրորդ կողմ՝ դատարանին հայցի պատասխան են ներկայացրել համայնքապետարանն ու տունը նվեր ստացած Ստեփան Պողոսյանը։ Երկուսի պատասխանները տառացի նույնաբովանդակ են։

Ըստ պատասխանողի և երրորդ անձանց՝ հայցվորը որևէ հիմնավոր ապացույց դատարանին չի ներկայացրել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ չորս վավերապայմաններից որևէ մեկը, իսկ նրանց կողմից վիճելի բնակարանում հաշվառված լինելու փաստը դեռևս հիմք չէ նշված բնակարանը իրենց սեփականությունը համարելու համար: Բացի այդ, անհիմն են համարել հայցվորի այն պնդումը, որ նվիրատվության որոշումը կայացվել է գաղտնի, առանց իր գիտության։

Դատարանը 2013 թ.-ից մինչև 2018 թ.-ը տեղի ունեցած դատավարության արդյունքում վճռել է Լուկաշ Ոսկանյանի հայցը մերժել։ Վճիռը Ոսկանյանը ստացել է 2 տարի անց` 2020 թվականին և բողոքարկել Վերաքննիչ վարչական դատարան։ Բողոքն այժմ քննվում է Վերաքննիչ ատյանում։

Լուկաշ Ոսկանյանի շահերը դատարանում ներկայացնող Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը նկատում է, որ դատարանը 2018թ.-ին կայացրել է վճիռ, որով հայցը մերժել է, իսկ վճիռը երկու տարի շարունակ չի ուղարկել հայցվորներին։

«Ինչպես արդար դատաքննության, այնպես էլ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների անքակտելի մասն է կազմում իրավունքը խախտված անձի հայցով հարուցված դատական վարույթի լուծումը ողջամիտ ժամկետում, քանի որ ուշացած արդարադատությունը, երբեմն, մերժված արդարադատություն է»,– «Հետք»-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Ծատինյանը։ Նա կարծում է, որ հաշվի առնելով քննվող գործի բարդությունը, ինչպես նաև այն, որ դատավարության մասնակիցները չեն ձեռնարկել քայլեր գործի քննությունը արհեստականորեն ձգձգելու համար՝ 6 տարին չի կարող համարվել գործի քննության ողջամիտ ժամկետ։ Փաստաբանը համոզված է, որ հայցը չի քննվել ողջամիտ ժամկետում և հայցվորի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը չի իրացվել։

Փորձագետի կարծիքը

Իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Աշխեն Դաշյանը, ուսումնասիրելով դատավարության ընթացքը, եկել է եզրակացության, որ այս գործով 2013 թ.-ի սեպտեմբերի 4-ին նշանակված դատական նիստը չի կայացել դատավորի՝ Վճռաբեկ դատարանում սեմինարի մասնակցելու պատճառով, ըստ երևույթին՝ եթե դա վերապատրաստման սեմինարների շարքից չէ՝ կարելի է այն դիտարկել որպես օբյեկտիվ պատճառ նիստը հետաձգելու համար։ 

2014թ. ապրիլի 4-ի և և 2015թ. հոկտեմբերի 2-ի հրավիրված դատական նիստերը հետաձգվել են դատավորի՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով։ Ըստ փորձագետի՝ այդ հիմքով հետաձգումը սուբյեկտիվ պատճառ է այն պարագայում, երբ արդեն իսկ դատավորը տիրապետում է դասընթացի անցկացվելու ժամանակահատվածի մասին տեղեկության, այն նախապես հաստատվում է հաջորդ տարվա համար։

Աշխեն Դաշյանը գտնում է, որ դատական գործերի քննության ձգձգումները, պայմանավորված վերապատրաստման դասընթացին մասնակցելով, տեսական առումով գուցեև օբյեկտիվ պատճառ է, բովանդակային առումով՝ սուբյեկտիվ։ Մասնավորապես, երբ Վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել այդ հիմքը որպես գործի քննության հետաձգման հիմք:

«27.10.2015թ. հրավիրված դատական նիստին հաջորդ դատական նիստը դատարանը նշանակել է 23.11.2016 թվականին՝ ուղիղ մեկ տարի անց, սա ողջամիտ ժամկետների կոպիտ խախտում է, առավել ևս, երբ դատարանը 2016 թվականին մեկ դատական նիստ է հրավիրել ընդամենը՝ այն էլ տարեվերջում: 23.11.2016թ.-ից հետո նշանակված բոլոր հերթական դատական նիստերը եղել են 4 ամիս ընդմիջումներով, սա նույնպես գործի քննության ողջամիտ ժամկետների չպահպանման վառ օրինակներ են: Ողջամիտ ժամկետների խախտում է նաև Վերաքննիչ ատյանի կողմից 20.05.2020թ. վարույթ ընդունած բողոքով հերթական դատական նիստ նշանակել գրեթե մեկ տարի անց՝  16.02.2021 թվականին»,- թվարկում է փորձագետը՝ նշելով, որ 2013 թվականից գործի՝ մինչ օրս տևող քննությունը ողջամիտ ժամկետում արդարադատություն չստանալու իրավունքների կոպիտ խախտում է

Գյուղի լուսանկարները՝ «Կաճաճկուտ» ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter