HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինդատախազ Վահե Հարությունյանը հանդիպել է Արցախում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին

Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետությունում ՌԴ ԶՈՒ խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին։

Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, Վահե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով և բարեխղճորեն իրականացնելու համար՝ շեշտելով դրա կարևորությունը Արցախում խաղաղապահ ուժերի բնականոն գործունեության, Արցախի բնակչության անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու տեսանկյունից։

Հայաստանի զինվորական դատախազը նրանց է փոխանցել պարգևները, որոնց վերջիններս արժանացել են ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ դատախազության նշված 4 աշխատակիցները Արցախի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման և ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրվել  էին «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, կամ «Հայաստանի Հանրապետություն» կրծքանշանով:  

Վահե Հարությունյանը նշել է, որ նրանց բարեխիղճ աշխատանքը նաև նպաստում է ՀՀ և ՌԴ դատախազության մարմինների հարաբերությունների սերտացմանը, ինչի համար կարևոր խթան է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ կայացած հանդիպումն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այդ պայմանավորվածությունների շրջանակներում ակտիվ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու, մինչ այդ նրանց անվտանգության, առաջնային կենսական իրավունքների պաշտպանության ապահովման  նպատակով։

Արցախա-ադրբեջանական շփման գծում զինադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ դրանք նվազագույնի հասցնելու, իրավիճակի վերահսկելության երաշխավորման տեսանկյունից կարևորվել է նաև ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում այդպիսի դեպքերի նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու, դրանց համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter