
2020թ. դեկտեմբերին գնաճն արագացել է` կազմելով 3.7%
Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%:
Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, սա տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր գնաճն է: Մինչ այդ, տարվա ընթացքում ամենաբարձր գնաճը գրանցվել էր օգոստոս ամսին, որից հետո տեմպը նվազել է, սակայն նոյեմբերին կրկին գնաճի տեմպն ավելացել է:
Արդյունքում, 2020 թվականի հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 1.2 %:
Սննդամթերքը դեկտեմբերին թանկացել է 4.9%-ով
2020թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9% գնաճ: Հիշեցնենք՝ քանի որ սննդամթերքի գներն ունեն սեզոնայնություն, առավել նպատակահարմար է նշված ամսվա գները համեմատել ոչ թե նախորդ ամսվա, այլ՝ նախորդ տարվա նույն ամսվա հետ:
Բանջարեղենը 2020թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 2.8%-ով,
միրգը՝ 11.4%-ով,
յուղերը և ճարպերը՝ 13.1%-ով, այս թվում ՝ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը կազմել է 35.3%,
հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 7.4%-ով,
կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 5.8%-ով,
շաքարը և շաքարավազը՝ 38.1%-ով,
Նույն ընթացքում մսամթերքն էժանացել է 0.6%-ով:
Ոչ պարենային ապրանքների գներ
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:
2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 4.1% և 2.9% գնաճ:
2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 12.2% և 23.0%-ով:
Ծառայությունների սակագներ
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.6%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 0.3% հավելաճ։
Արտարժույթի շուկա
2020թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 518.9 դրամ, ինչը 8.5%-ով բարձր է 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478.2 դրամ):
Մեկնաբանել