HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

2020-ի վերջին եռամսյակում ոստիկանությունում աշխատանքից ազատվել է 400 ծառայող

2020 թվականի ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 1199 ծառայող, որոնցից 466-ը՝ սպա, 733-ը՝ կրտսեր խմբի ծառայող։ Տարվա վերջին եռամսյակում ծառայությունից ազատվել է 400 աշխատակից, որոնցից 127-ը՝ սպա, 273-ը՝ կրտսեր խմբի ծառայողներ։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան երեկ՝ հունվարի 13-ին, հայտնել են ոստիկանության Կադրային քաղաքականության վարչությունից։

2020-ի վերջին եռամսյակն ընդգրկում է Արցախյան պատերազմի գրեթե ողջ ժամանակահատվածն, ինչպես նաև, նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության ժամանակաշրջանը։ Եռակողմ հայտարարությունից հետո, ինչպես հայտնի է, մի շարք ոստիկաններ զեկուցագրեր են ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ ու հանրայնացրել։

Դեռևս դեկտեմբերի 14-ին ոստիկանություն գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տրամադրել նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում զեկուցագրի հիման վրա աշխատանքից ազատված ծառայողների թիվը, սակայն հարցմանն ի պատասխան հայտնել են, թե «ՀՀ ոստիկանությունում ծառայության ընդունումը և ծառայությունից ազատումը մշտական, բնականոն գործընթաց է, և ծառայությունից ազատման զեկուցագրերի վերաբերյալ առանձին ժամանակահատվածների համար հաշվառում չի տարվում»։

2020-ի տարեվերջին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով զեկուցագրի հիման վրա աշխատանքից ազատված ծառայողներին՝ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ այդ հիմքով աշխատանքից ազատվածները մեծ թիվ չեն կազմում։ Ֆիդանյանի խոսքով՝ կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ հնարավոր է նրանց հաշվառում իրականացնել։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության, որի համար սահմանված է մինչև 30-օրյա ժամկետ, ուստի Ֆիդանյանի հարցազրույցից հետո, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ  նրա պնդմամբ՝ վերջին ամիսների ընթացքում զեկուցագրի հիման վրա աշխատանքից ազատվածները մեծ թիվ չեն կազմում՝ ոստիկանություն պատասխան նամակ ենք ուղարկել, որում խնդրել ենք մեր հայցած տեղեկությունը՝ զեկուցագրի հիման վրա աշխատանքից ազատվածների թվի վերաբերյալ, տրամադրել օրենքով սահմանված առավելագույնը 30-օրյա ժամկետում, եթե դրա համար լրացուցիչ աշխատանք է պահանջվում։

Ոստիկանության կադրերի վարչության պետ Ա․ Արշակյանի կողմից ստորագրված պատասխանում նշված է, թե մեր կողմից ուղարկված հարցումը ստացվել և քննարկվել է։ Բայց, այնուամենայիվ, ոստիկանությունը չի տրամադրել զեկուցագրի հիման վրա աշխատանքից ազատված ծառայողների թիվ՝ նշելով միայն, որ նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ծառայությունից ազատվել է ոստիկանության 98 ծառայող, որոնցից 37-ը՝ սպա, 61` կրտսեր խմբի ծառայող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter