
Դատախազությունը չի բողոքարկել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին չկալանավորելու որոշումը
Դատախազությունը վերաքննիչ բողոք չի ներկայացրել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին չկալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազության հանրային կեպերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Փարամազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեջ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, դեկտեմբերի 25-ին մերժել է նրա նկատմամբ կալանավորումը երկու ամսով որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։
Քրեական գործը, որով Փարամազյանը որպես մեղադրյալ է ներգրավվել, քննվում է արդեն մի քանի ամիս։ Ըստ Քննչական կոմիտեի տարածված հաղորդագրության՝ Քաջարանի բնակչի և ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար Փարամազյանի կանչով, Քաջարանում վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են Փարամազյանն ու շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Դրա ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով Քաջարան համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:
Այս քրեական գործը ամիսներ առաջ մեծ հնչեղություն էր ստացել, 2020-ի մայիսի 24-ին ձերբակալվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Մարատ Ստեփանյանը, Խորեն Միրզոյանը, Լևոն Համբարձումյանն ու Աշոտ Պապյանը։ Ձերբակալված անձանց ազատ արձակելու պահանջում Կապանում բողոքի ակցիաներ էին իրականացվում։
Վերը նշված իրադարձություններից 8 ամիս անց՝ այն օրերին, երբ Սյունիքում բողոքի ակցիաներ էին ընթանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Փարամազյանը կանչվել է Քննչական կոմիտե, ու նրան մեղադրանք էր առաջադրվել։
Ինքը՝ Փարամազյանը, անհեթեթություն է որակում իրեն առաջադրված մեղադրանքն ու դա կապում քաղաքական գործընթացների հետ:
Նշենք, որ Փարամազյանի նկատմամբ այս պահին խափանման միջոց ընտրված չէ։
Մեկնաբանել