HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գևորգին ծնողները զինվորական համազգեստով չհասցրին տեսնել

Գևորգին ես ճանաչեցի, երբ նա արդեն զոհվել էր: Լուսանկարից նայող ծիծաղկոտ աչքերով, դալուկ դեմքով երիտասարդը հիշեցնում է հորը, որին ճանաչում եմ դպրոցական տարիներից: Գեղամ Կարապետյանի հետ Գառնիում նույն դպրոցում էինք սովորում: Գեղամն ասում է, որ երեխաները Երևանում էին բնակվում, բայց նրանց մանկությունը գյուղում է անցել: Որդին խոտն ավելի լավ էր հնձում, քան գյուղում բնակվող իր հասակակից տղաները: 

Բայց Գևորգի երազանքը ճախրելն էր, տիեզերքի գաղտնիքներին հասու լինելը, օդանավի թռիչքը, որի մասին պատմությունները մանկուց լսել էր ավիատեխնիկ հորից: Բանակ մեկնելուց մեկ տարի առաջ ընդունվեց Ավիացիոն ուսումնական կենտրոն, ավիակարգավարի մասնագիտությամբ նա օդանավի ուղին պետք է կարգավորեր երկնքում: 

«Տանը շատ ենք խոսել ավիացիայի մասին, Գևորգն ամբողջությամբ կլանվել էր այդ մասնագիտությամբ: Մեկ տարի սովորեց գերազանց առաջադիմությամբ և ավելի տեղեկացված էր ոլորտից, քան ես իմ 34 տարվա աշխատանքային փորձառությամբ»,- պատմում է հայրը՝ ավիատեխնիկ Գեղամ Կարապետյանը:

Գևորգի ուսումն ընդհատվեց Ավիացիոն կենտրոնում, ամռանը նրան զորակոչեցին բանակ, որն արդեն մի քանի տարի հետաձգվել էր թևը կոտրելու պատճառով: «Շատ էր ափսոսում, որ ուսումը կիսատ է թողնում: Այնքան տարված էր ավիացիայով, ամեն ինչ ուզում էր իմանալ, «Քարֆուր» սուպերմարկետում աշխատանքը թողեց, որպեսզի ամբողջ ժամանակը տրամադրի ուսմանը: Բանակ գնալուց առաջ բոլոր դասախոսությունները կազմել էր, դրանք պետք է ուղարկեինք իրեն՝ ծառայության հետ մեկտեղ ուսումը շարունակելու համար»,- պատմում է մայրը՝ Հասմիկ Կարապետյանը: 

Գևորգին ծնողները զինվորական համազգեստով չտեսան: Ընդամենը 40 օրվա զինվոր էր, երբ սկսվեց պատերազմը, նա օգոստոսի 13-ին էր զորակոչվել: Կորոնավիրուսով պայմանավորված` բանակում սահմանված կարանտինը ծնողներին թույլ չտվեց մասնակցելու սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած երդման արարողությանը: Հայրենիքին անմնացորդ ծառայելու երդումն ընդունելուց հետո զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալից 300 հատ նկար ստացան, որոնց մեջ պետք է գտնեին իրենց որդուն: 

Որդու զոհվելուց հետո պատերազմի օրերից մեկ-երկու լուսանկար է հասել նրանց, որից մեկը, ինչպես մորն են հայտնել՝ տղաները լուսանկարվել են ծնողներին ուրախացնելու համար: Սոցիալական ցանցում մի տեսանյութ էր շրջանառվում, որից ճանաչել են իրենց որդուն:

Գևորգի հետ ծնողները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 19-ին: «Հոկտեմբերի 25-ին ես զանգեցի հրամանատարի տեղակալին որդուս մասին տեղեկանալու համար: Նա ասաց, որ տղաները շատ կարևոր առաջադրանք են կատարում, մոտակա ժամանակներում կապ կստեղծի նրանց հետ: Իր երկու երեխաների կյանքով երդվեց, որ ամեն ինչ լավ է նրանց մոտ: Եվս երկու օր զանգ չստանալուց հետո, զանգում եմ նրան և ասում է, թե տղադ զոհվել է հոկտեմբերի 25-ին: Ասում եմ՝ ես 25-ի երեկոյան քեզ հետ խոսել եմ, ինձ հավաստիացնում էիր, որ ամեն ինչ լավ է»,- զայրացած պատմում է Գեղամը:

Նա չի հավատում հրամանատարի խոսքին, որ որդին հոկտեմբերի 25-ին է զոհվել: Հոկտեմբերի 19-ին նրան զանգել է մի տղամարդ և ասել, թե վարորդ է, Մատաղիսում է եղել, երեխեքն իրեն ասել են, որ ծնողներին զանգի և ասի, որ ամեն ինչ լավ է: «Ես հասկացա, որ ծնողներին նախապատրաստելու համար էր այդ զանգը: Կարծում եմ, որ տղաս ավելի վաղ է զոհվել, եթե հոկտեմբերի 25-ին զոհվեր, դիակը 26-ին Երևանի դիահերձարանում չէր լինի: Բացի այդ, դիակից արդեն հոտ էր գալիս, որի պատճառով էլ դագաղը իրենց փակ են տվել»,- պնդում է Գևորգի հայրը: 

Գեղամն ասում է, որ ինքը զննել է որդու դին, նա գլխից էր վիրավորվել, բայց դատաբժիշկը գրել է, թե որովայնի և կրծքավանդակի վիրավորում է ստացել: Չի հասկանում, թե ինչու են անճշտություններ գրել: 

Մինչ օրս նրանց հայտնի չէ, թե որտեղ և ինչ հանգամանքներում է զոհվել Գևորգը: Պահեստազորի զինվորներից մի տղա է եղել հետները, նա գտել է ծնողներին և երկու լուսանկար փոխանցել Գևորգից: Պատմել է, որ մինչև հոկտեմբերի 15-ն են միասին եղել, դրանից հետո չգիտի, թե նրանց ինչ ուղղությամբ են տարել: Իմացել են, որ ինչ-որ առաջադրանք են տվել 15 հոգուն, բայց չգիտեն, թե իրենց որդու հետ ովքեր են եղել: Նրանցից 11-ը զոհվել են, 4-ը՝ վիրավորվել: Այդ չորսից երկուսը կարճ ժամանակ անց մահացել են Երևանում: «Երկուսը ողջ են, նրանցից մեկին գտել եմ, բայց նա էլ կոնտուզիա ունի, ոչինչ չի հիշում և դեռ պետք է վիրահատեն»,- ասում է Գեղամ Կարապետյանը: 

Որդեկորույս հորը դեռևս չի հաջողվում մանրամասներ իմանալ որդու մահվան մասին: Մինչև պատերազմն սկսվելը նա ծառայում էր Իվանյանի զորամասում, դրանից հետո տեղափոխվել է, բայց երբեք չի հայտնել, թե որտեղ է գտնվում: Զորամասից ուղարկել են Գևորգի անձնական իրերը, այդ թվում նաև զինվորական գրքույկը, որում գրված է, որ  նա ավագ կապավոր է եղել: Հայրն ուզում է հասկանալ՝ 22 օրում կարո՞ղ էին կապավոր պատրաստել և հատուկ առաջադրանքի ուղարկել: 

Գևորգին հատուկ հանձնարարություններում ներգրավելու հարցում, հավանաբար, նրա բանիմացությունն է դեր խաղացել: Նա արևելյան մարտարվեստի էր տիրապետում՝ «Doqando» և «Fudokan» կարատեի մարզումների էր հաճախել։ 21 տարեկանում երեք  մասնագիտություն էր ձեռք բերել՝ սովորել էր Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում՝ փորձագետի մասնագիտացումով: Այնուհետև ավարտել էր Երևանի մանկավարժական համալսարանի տեխնոլոգիա և ձեռնարկչություն բաժինը: Ավարտելուց հետո ընդունվել էր Ավիացիոն ուսումնական կենտրոն: Խոսում էր երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն: Ռուսական դպրոց է հաճախել, իսկ անգլերենն ու իսպաներենը ինքնուրույն էր սովորել: 

Մայրն ասում է, որ որդին սովորելու անհագ ծարավ ուներ: Մանկուց պրպտող էր, ամեն ինչ ուզում էր իմանալ և հնարավորինս արագ յուրացնել: Եթե զբաղվում էր մի բանով, ապա պետք է տիրապետեր լիարժեք, անթերի։ Շատ բծախնդիր էր, չափազանց պահանջկոտ իր նկատմամբ: «Երբ փոքր երեխա էր, խանութից գնումներ կատարելիս անպայման պետք է կարդար ապրանքի ժամկետները»,- ասում է Հասմիկը: 

Երբ Գևորգի ծնողները պատմում էին նրա բազմաբնույթ հետաքրքրությունների ու ուսումնատենչության մասին, ես մտովի վերհիշում էի Գևորգի պապիկին ու զուգահեռներ անցկացնում նրանց միջև: Պապը՝ Հայկազ Կարապետյանը, դպրոցում գյուղմեխանիզացիա էր դասավանդում: Չափազանց համեստ, անպաճույճ հագ ու կապով այդ մարդը գիտելիքի շտեմարան էր: Գառնիում նա հայտնի էր իր կարդացածությամբ և հաճախ էր խոսքը համեմում Պըլը Պուղու առակներից  իմաստալից մեջբերումներով: Իր առարկան անտեսող իմ դասարանի տղաներին «պատժում» էր մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից հարցեր տալով՝ դրանով ապացուցելով նրանց չիմացությունը եւ փորձում մեր գիտակցությանը հասու դարձնել, որ անճարությունից չէ գյուղտեխնիկա դասավանդում: 

Եռաբլուրում հուղարկավորված Գևորգը շատ կարճ էր վայելել պապի ֆիզիկական ներկայությունը, բայց ժառանգել էր նրա իմացությունն ու պահանջկոտությունը:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի և ընտանեկան ֆոտոալբոմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter