Գերմանիայի ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 5 %-ով
Գերմանիայի ՀՆԱ-ն, 10 տարի անընդմեջ աճից հետո, 2020 թվականին կրճատվել է 5 %-ով։ Այդ մասին նշվում է ԳԴՀ դաշնային վիճակագրական գործակալության (Destatis) նախնական զեկույցում։
Պաշտոնական ցուցանիշն ավելի դրական է, քան Trading Economics և The Wall Street Journal պարբերականների կողմից տնտեսագետների հարցումների արդյունքները, որոնք կանխատեսում էին ՀՆԱ-ի միջինում 5,1 % անկում։
«Աճի տասնամյա ժամանակաշրջանից հետո՝ 2020 թվականին գերմանական տնտեսությունը խորը ռեցեսիայի մեջ է, որը ճգնաժամային է կորոնավիրուսի պատճառով, ինչպես դա եղավ 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ»,- նշվում է Destatis-ի հաղորդագրության մեջ։ Այդուհանդերձ, 2020 թվականին Գերմանիայում տնտեսական անկումը եղել է առավել մեղմ, քան 2009 թվականին, երբ ՀՆԱ-ի անկումը կազմել էր 5,7 %։ 2019 թվականին երկրի տնտեսությունը գրանցել էր 0,6 % աճ, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2018 թվականին՝ 1,3 %։
Destatis-ի գնահատմամբ՝ Գերմանիայի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2019 թվականին կազմել է ՀՆԱ-ի 4,8 %-ը, ինչը 1995 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակն իր ազդեցությունն է ունեցել գերմանական տնտեսության բոլոր ճյուղերի վրա, ընդորում, անկումը գրանցվել է ինչպես արդյունաբերության, այնպես էլ ծառայությունների ոլորտում։ Տնտեսության միակ ճյուղը, որը կարողացել է պահել իր դիրքերը ճգնաժամի պայմաններում, շինարարությունն է, որտեղ գրանցվել է արտադրանքի թողարկման 1,4 % աճ։
2020 թվականին Գերմանիայում սպառողական ծախսերը կրճատվել են 6 %-ով, մինչդեռ հիմնական կապիտալում ներդրումները կրճատվել են 3,5 %-ով։ 2009 թվականից հետո առաջին անգամ ապրանքների և ծառայությունների արտահանումն ու ներկրումը կրճատվել է, համապատասխանաբար, 9,9 և 8,6 %-ներով։ Միևնույն ժամանակ պետական ծախսերը աճել են 3,4 %-ով։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել