HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսի. Թրամփի օգտահաշվի արգելափակումը ճիշտ որոշում էր, սակայն ստեղծում է վտանգավոր նախադեպ

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին թվիթերյան գրառումների միջոցով կարծիք է արտահայտել ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելափակման վերաբերյալ։ 

Դորսին հայտարարել է, որ Թրամփի օգտահաշվի արգելափակումը ճիշտ որոշում էր։ Սոցիալական ցանցը որոշումն ընդունել է արտակարգ պայմաններում, ինչը կազմակերպությանն ստիպել է իր ջանքերը ներդնել հասարակական անվտանգության ապահովման գործընթացում։ «Վնասը, որն առցանց գրառումները կարող են առաջացնել ոչ առցանց պայմաններում, ակնհայտ են»,- ընդգծել է Դորսին։

Միևնույն ժամանակ, Դորսին նշել է, որ նման գործողությունները բաժանում են հանրությանը և ստեղծում վտանգավոր նախադեպ, որը ստիպում է մտածել այն մասին, թե առանձին մարդիկ և կորպորացիաներ ինչ իշխանություն կարող են ունենալ գլոբալ հանրային դիսկուրսի վրա։ 

Դորսին նաև նշել է, որ մի քանի սոցիալական ցանցերի որոշումն արգելափակել Թրամփի օգտահաշիվները, նախապես համաձայնեցված չի եղել։ «Ավելի շուտ, ընկերությունները եկել են այդպիսի եզրակացության կամ էլ ոգեշնչվել են մյուս ընկերությունների գործողություններից»,- հայտարարել է Դորսին։ 

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումի վրա, որտեղ այդ ժամանակ ընթանում էր Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստը։ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները հաստատում էին 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Թրամփն անձամբ աջակիցներին կոչ էր արել շարժվել Կապիտոլիումի ուղղությամբ։ 

Դրանից հետո Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը, մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը, արգելափակել էին նրա օգտահաշիվները, իսկ Twitter-ը որոշել է հավերժ արգելափակել այն։ Ընկերությունն այդ քայլը բացատրել է նրանով, որ Թրամփի գրառումները բռնություն են քարոզում, ինչից էլ ոգեշնչվում են աջ ծայրահեղականները։ ԱՄՆ գործող նախագահի օգտահաշիվների արգելափակման պատճառով՝ խոշոր սոցիալական ցանցերը մեղադրվում են գրաքննության մեջ։

Լուսանկարը՝ qz.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter