HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի և ևս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարվել է դատարան

Դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 1-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ ՎՎ-ն իր մտերիմ ՆՉ-ի անվամբ հիմնադրել է ճարտարապետական և նախագծային աշխատանքների կատարման ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող առևտրային կազմակերպություն, մասնակցել դրա կառավարմանը, կազմակերպությանը արտոնություններ և առավելություններ տրամադրել:

Այնուհետև, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է Ն.Չ.-ին աշխատանքի ընդունել Քաղաքաշինության պետական կոմիտեում, փաստացի ազատել նրան ծառայողական պարտականությունների կատարումից՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրա կողմից իր ապօրինի մասնակցությամբ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար և ՆՉ-ի կողմից փաստացի չաշխատելու պայմաններում պետության միջոցների հաշվին վերջինիս վճարել 1478483 ՀՀ դրամ աշխատավարձ:

Դրանից հետո, ՎՎ-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ուղղորդել է շինարարական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործարքներ կնքել իր անմիջական մասնակցությամբ գործող առևտրային կազմակերպության հետ, անձամբ վերահսկել է նախագծերի կազմման գործընթացը, հանձնարարել իրեն ենթակա պաշտոնատար անձանց մասնագիտական և այլ օգնություն ցուցաբերել փաստաթղթերի ապահովման գործընթացում, ինչի արդյունքում ՎՎ-ի անմիջական մասնակցությամբ գործող առևտրային կազմակերպության հետ կնքվել են ավելի քան 27 մլն ՀՀ դրամի գործարքներ, որնց կատարման արդյունքում ստացված ֆինանսական միջոցները ՎՎ.-ն և ՆՉ-ն տնօրինել են համատեղ։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Վ.Վ.-ն շինարարության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների տնօրեններ Գ.Գ-ից և ՎՊ.-ից՝ ՀՀ պատվավոր կոչում շնորհելուն, նշված անձանց պատկանող շինարարական կազմակերպություններին պետական և մասնավոր պատվերներով ապահովելուն նպաստելու համար 2019թհոկտեբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.379.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար և շուրջ 1290000 ՀՀ դրամ արժողությամբ շինարարական նյութեր և ապրանքներ։

2019թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ՎՎ-ն փաստացի իր մտերիմ ՋՖ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների և սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու և Քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից  չբխելու հանգամանքը: Ապա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն՝ դրա դիմաց ՋՖ-ից ստանալով խոշոր չափի՝ 952.000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դրանից բացի, ՎՎ.-ն Երևան քաղաքում բազմաբնակարան  շենքի կառուցման աշատանքներ նախաձեռնած ԶՀ-ից խաբեությամբ՝ հափշտակել է 1193575 ՀՀ դրամ գումարին համարժեք 2500 ԱՄՆ դոլար գումար։

Պարզվել է նաև, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին ՎՎ-ն ընդունել է ինքնակամ կառույցն օրինականացնելուն, դրանով ծանրաբեռնված հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար իրեն խոշոր չափերով կաշառք տալու ՌԽ-ի առաջարկը։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մաս 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2 կետերով` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Կաշառք տալու, փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև դրա օժանդակության համար քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ անձանց:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է քրեական գործից անջատված մասով կազմված մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է:   

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter