HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսի 21-ը` համաքաղաքային շաբաթօրյակի օր

Մայիսի 21-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին' գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:

«Շաբաթօրյակ ասելով միայն չի նշանակում, որ պետք է իջնենք և թափված թղթերն ու պոլիէթիլենային տոպրակները հավաքենք: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև բարեկարգմանն ու կանաչապատմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել բակային տարածքների մաքրման և կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքի աշխատանքներին: «Ցանկալի է, որ մեր բնակիչները հրաժարվեն որոշ բակերում առկա «բոստանային» տարածքներից: Փոխարենն այդ տեղերում, համոզված եմ, ավելի բարեկարգ ու աչք շոյող միջավայր կունենանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երևանցիներին անհանդուրժողականություն քարոզել քաղաքն աղտոտողների նկատմամբ:

Քաղաքապետը հանձնարարել է նաև շարունակել վերահսկողությունը մայրաքաղաքում գործող շուկաներում և ավտոշուկաներում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:

Անդրադառնալով տնտեսավարողների վարձակալած տարածքների հարակից հատվածները բարեկարգելու և կանաչապատելու խնդրին' քաղաքապետը աշխատակազմի համապատասխան կառույցներին հանձնարարել է ամբողջ քաղաքի մասով ընդհանուր պատկեր ունենալու համար ստեղծել տեղեկատվական բազա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ' Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել գլխավոր մայրուղիների, կամուրջների, ինչպես նաև շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման, մաքրման և կանաչապատման խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter