HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի նախագահը խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ:

Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հանրապետության բնականոն կյանքի վերականգնումը Կառավարության գերակա նպատակներից է, և անհրաժեշտ է արագ ու արդյունավետ լուծումներով վերացնել պատերազմական հետևանքները:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել Հանրապետության մի շարք ենթակառուցվածքներ, այդ իսկ պատճառով հարկ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր ու ցանցեր։ Այդ համատեքստում նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում մշակել նոր ծրագրեր՝ գործող ենթակառուցվածքների վերանորոգման, նոր ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև ոլորտի տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ նախատեսելով և՛ բյուջետային, և՛ արտաբյուջետային միջոցների ներգրավում։

Արցախի նախագահն ընդգծել է, որ գործադրվելու են գործուն ջանքեր առաջիկա երեք տարիների ընթացքում բոլոր բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Անդրադառնալով սակագների քաղաքականությանը՝ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ պետությունը մեկ տարվա ընթացքում շարունակելու է փոխհատուցել քաղաքացիների կոմունալ, այդ թվում՝ ջրամատակարարման ծառայությունների դիմաց վճարները՝ որոշակի ծավալներով։

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պետական լիազոր մարմիններին՝ ջրային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների արագ կազմակերպման ու հետագա ծրագրերի հստակեցման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter