HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդապետ Գաբրիելյանի երեխաները մտածում են, թե հայրն աշխատանքի է եւ շուտով գալու է

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի ընտանիքը Մարտունիում է եղել, Գաբրիելյանը կնոջը հրահանգել է` մնալ ապաստարանում, տեղից չշարժվել, մինչև չասի, որ կարող են դուրս գալ ապաստարանից:

Կինը` Մարինան, պատմում է, որ ժամեր անց, երբ բոլորը դուրս են եկել ապաստարանից, ամուսնու հետ կապ հաստատել չի հաջողվել, սակայն հարևանի հորդորով ինքն էլ դուրս է եկել ապաստարանից: Այդ դեպքից հետո ամուսինը երեք օր շարունակ կնոջ զանգերին չի պատասխանել, հետո ասել է՝ քեզնից նեղացել եմ, հրամանս չես կատարել:

Այս պատմությունը Մարինան ժպիտով է պատմում ու հավելում` նույնիսկ ընտանիքի անդամների հետ որպես զինվորական էր շփվում, բարեկամի տուն գնալիս ընտանիքին հրահանգում էր` ոտքի:

Գնդապետ Գեղամ Գաբրիելյանը զոհվեց արցախյան երկրորդ պատերազմում։ Առաջին պատերազմին մասնակցության ժամանակ նա դպրոցը չէր էլ ավարտել:

1994 թվականի սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, 17 տարեկանում լեյտենանտի կոչում է ստացել, զինվորագրվել բանակին։ Ինչպես ինքն է պատմել, այդ ժամանակ չի էլ մտածել, որ աշխարհում զինվորական գործից զատ այլ մասնագիտություն կա:

Գաբրիելյանն Արցախից է, ընտանիքն այժմ ժամանակավոր Երևանում է բնակվում: Երկու մանկահասակ երեխաները մտածում են, թե հայրն աշխատանքի է, շուտով գալու է:

Ավագ որդին` Էդուարդը, եղելությունը գիտի, մայրն ասում է` բոլոր արարողություններին մասնակցել է:

Դիվիզիայի շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանը զոհվել է հոկտեմբերի 16-ին, Մեխակավանում: Զոհվելու հաջորդ օրը ծառայակից ընկերները կնոջն են ուղարկել համատեղ վերջին լուսանկարը: Թե' կինը, թե' մայրը այդ նկարում չեն ճանաչել Գեղամ Գաբրիելյանին, քանի որ սափրված չի եղել: Ասում են` առաջին անգամ են Գեղամին չսափրված տեսել:

Մարինան պատմում է, որ Գեղամը շատ կենսուրախ մարդ էր, հոգատար, սիրալիր հայր, ամուսին ու որդի է եղել: Որքան էլ նեղսրտած լիներ, Գեղամի հետ խոսելով հանգստացել է, ասում է` ինչքան էլ սիրեր ծառայությունը, միևնույն է, ընտանիքը չէր անտեսում:

Մեր այցելության պահին Գաբրիելյանների վարձակալած բնակարանում էր նաև Գեղամ Գաբրիելյանի սանիկը` Արամ Թորոսյանը:

Վերջինս Գաբրիելյանի հրամանատարությամբ է պարտադիր ժամկետային զինծառայությունն անցել: Պատմում է, որ Գաբրիելյանի հրամանատարությամբ ծառայած յուրաքանչյուր զինվոր կփաստի, թե վերջինս որքան հոգատար ու գրագետ հրամանատար է եղել:

Զինծառայությունն ավարտելուց հետո հրամանատարին խնդրել է դառնալ իր կնքահայրը, Գաբրիելյանն ուրախությամբ համաձայնել է:

Պատերազմի ընթացքում Արամը մի անգամ է խոսել կնքահոր հետ, ասում է՝ վերջինս ներգրավված է եղել հարավային ուղղությամբ տարվող մարտերում և արել է ամեն ինչ ճեղքում թույլ չտալու համար: Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter