HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Էմին Ունուսյան. «Հենց առողջացա, ջերմոց եմ հիմնելու. ուզում եմ ելակ ու ազնվամորի աճեցնել»

Երրորդ ամիսն է 20-ամյա Էմին Ունուսյանը երազներ չի տեսնում: Գուցե եւ տեսնում է, սակայն չի հիշում, քանի որ հոկտեմբերի 10-ից սկսած քնաբեր և ցավազրկող է խմում անտանելի ցավերը մեղմելու համար։

Արցախյան պատերազմի ժամանակ ստացած ծանր վիրավորումը անկողնուն է գամել Էմինին: Չլիներ պատերազմը, 2021թ-ի հունվարի 22-ին զորացրվելու էր, վերադառնար ծննդավայր՝ Շիրակի մարզի Ազատան գյուղ: Հաստատ աչքալույսի քեֆ էին անելու՝ հարազատներով, բարեկամներով ու ընկերներով, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց  իրադարձությունների հերթականությունը:

Էմինը ծառայում էր Մատաղիսում, հասցրել էր լեյտենանտի կոչում ստանալ: Սեպտեմբերի 25-ին դիրքերում էին, երկու օր անց, լուսաբացին, թշնամին սկսեց հրթիռակոծությունը: «Մատաղիսի ամենավերջին պոստն իմն էր, սարի վրա էր, իրանք որ գրավեին համ Թալիշը հեշտ կեղներ գրավելը, համ Մատաղիսը, բայց իրանք Թալիշն ավելի շուտ էին գրավել, քան իմ պոստը,-պատմում է Էմինը,-մեզ նահանջ տվեցին, պոստում 9 հոգի էինք, ես դիրքի ավագն էի: Դասակիս հրամանատարը, տաշիրցի Ազարյան Հրանտը, զոհվեց հենց սեպտեմբերի 27-ին, մյուս ընկերոջս ոտքերը կտրվավ, մի քանիսն էլ վիրավորվան, պոստում մնացել էինք հինգ հոգի: Մեր դիրքի վրա իրանց «Յաշմա» ջոկատն էր հարձակվել, մինչեւ գիշերը ժամը 3-ը հետները բոյ ենք տվել, հետո նահանջել ենք ու երկու ժամով պոստն իրանց ձեռքն է եղել, հետո իրանք վերցրեցին իրանց դիակներն ու նահանջեցին:  Մենք առավոտ շուտ գնացել ենք մեր հրամանատարի դիակը բերելու ու պոստը հետ վերցրեցինք միանգամից>: 

Էմինը մի քանի րոպե լռում է՝ հավանաբար հիշելով այդ օրվա ծանր, մղձավանջային պահերը, հետո շարունակում.«Ըդպես մե քանիմ օր մնացինք, էլ չէինք կրնա պահեինք դիրքը, համապատասխան զենքեր չունեինք, որ կրնանայիք բեսպիլոտնիկների դեմ կիրառեինք: Էնքան մնացինք, մինչեւ նահանջ տվեցին»: Էմինը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին, չի փրկել անգամ զրահաբաճկոնը: Վնասվել է տղայի ողնաշարը, կոնքազդրային հատվածը, ոտնաթաթը: «Վիրավորվել եմ էն օրը, երբ հրաման տվեցին գրավել Մատաղիսը: Մենք գնացինք, բայց չկարողացանք էնտեղից դուրս գալ: Խրամատ չկար, սովորական փոսի մեջ էինք, կրակելու տեղ էլ չկար, ուղղակի պառկած կսպասեինք, թե երբ պիտի կրակը դադարի: Չէինք կրնա դուրս գա, շատ կկրակեին՝ անընդհատ, մեր գումարտակի հրամանատարն հետո ըսեց, որ 280 հատ սնարյադ են գցել»,-Էմինի ձայնում հոգնածություն եմ զգում: Հարցնում եմ՝ ցավեր ունե՞ս: Հաստատում է գլխով, բայց չի հրաժարվում զրույցից:

Ստացած վիրավորումների պատճառով Էմինը չի կարողանում ոչ երկար նստել, ոչ էլ ոտքը գետնին դնել, ժամեր շարունակ պառկելուց էլ հոգնում է: «Անելանելի վիճակ է»,-ասում է Էմինի մայրը՝ Լուսինեն: Դրան գումարվում է նաեւ տղայի ախորժակի բացակայությունը: Էմինը միայն աղցան է ուտում, այն էլ օրվա մեջ միայն մեկ անգամ: «Ախորժակ չունեմ»,-ուսերը թոթվելով նկատում է Էմինը: «Մեկ-մեկ քյաբաբ է ուզում, բերում ենք, ջրալի ճաշ ընդհանրապես չի ուտում, չգիտեմ՝ ինչ անեմ, ախր, իրեն ուժերը վերականգնել է պետք: Մինչեւ բանակ գնալն էլ էնպես չէ, որ ասենք ուտող երեխա էր, բայց հիմա ընդհանրապես վատ է ուտում: Պատերազմի ժամանակ 4 օր շրջափակման մեջ են եղել, մենակ հաց են ունեցել, էն էլ վրեն սալյարկա թափված ու դա են կերել,-Լուսինեն հոգոց է հանում,-երեխեքը սոված, ծարավ, ինչխ են դիմացել, ես չեմ պատկերացնե»:

Էմինի հետ ծնողները խոսել են սեպտեմբերի 27-ին, հետո 4 օր կապ չի եղել, դրանից հետո զանգել է եւ երկու բառով ասել՝ հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է: Երկար ընդմիջումից հետո, հոկտեմբերի 10-ին, Ստեփանակերտից ստացած զանգը ծնողների համար ամենակարեւոր աչքալուսանքն էր. զավակը՝ թեկուզեւ ծանր վիրավոր, բայց ողջ էր: «ԱԹՍ-ը սնարյադը գցեց, մի երեք րոպե հողի տակն ենք եղել, հետո ֆելդշերը եկավ մեզի տեսավ, փորձեց հանել, չկարողացավ,-պատմում է Էմինը,-աչքերիս դեմը սեւցել էր, չէի պատկերացնե, թե ինչ է եղել, ես գիտեի ոտքս էր կտրվել, վեց հոգի էինք, հինգս ծանր վիրավորված, ու ըդպես 1 կմ-ի չափ մեզի տարել են քաշելով, հետո մոտավորապես կես ժամ սպասել ենք, որ շտապօգնության մեքենան գա»: 

Տղաներին սկզբում տարել են Մարտակերտի հիվանդանոց, հետո տեղափոխել Ստեփանակերտ, այնուհետեւ ուղարկել Երեւան: «Աստղիկ» ԲԿ-ում վիրահատել են Էմինի ողնաշարը: «Հետո արդեն բուժքույրերը պատմեցին, թե ինչպես են Էմինիս իջեցրել պատգարակից, որ ցեխի մեջ կորած է եղել՝ ձեռքերի եղունգների տակ արյուն ու հող է եղել,-հոգոց է հանում մայրը,-ես մենակ կարող եմ պատկերացնել, թե ինչ են քաշել էս երեխեքը, ինչեր են տեսել: Մոտիկ ընկերոջ՝ Սոսի մահվան մասին ահագին ժամանակ իրան չէինք ասում: Հենց աչքերը բացում էր, հարցնում էր՝ Սոսիկս ու՞ր է, խաբում էինք, թե կողքի պալատն է: Հետո, շատ ուշ ենք ասել, որ մահացել է ճանապարհին՝ ներքին արյունահոսությունից»:

Էմինը երեք վիրահատություն է տարել, 4-րդը սպասվում է հունվարի 20-ին: Վերականգնման ժամանակահատվածը բավական երկար է՝ գրեթե մեկ տարի: Բժիշկն Էմինի ծնողներին հստակ բան չի ասել, միայն խորհուրդ է տվել չհաշվել ժամերը, օրերն ու ամիսներն, այլ համբերատար սպասել ու լավատեսությամբ լցվել: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին Ունուսյաններն Ազատանի սուրբ Ստեփանոս եկեղեցում մոմ են վառել ու գոհություն հայտնել երկնային տիրոջը Էմինի կյանքը պահպանելու, բժիշկներին՝ երկրորդ կյանք պարգեւելու համար եւ առողջություն խնդրել: 

«Մեր բժիշկների առաջ պիտի գլուխ խոնարհենք, ի՜նչ ձեւով էին իրանք աշխատում, պատմելու բան չէ: Չեք պատկերացնե ինչքան վիրավոր կար: Մուրացանի հիվանդանոցի 10 հարկն էլ լիքն էին: Ու հիմի մեծ մասը պիտի վերականգնողական փուլ անցնի: Դրա համար հերթագրում են, չգիտենք էլ թե մեր հերթն երբ կհասնի: Եթե մի բարերար գտնվեր Էմինիս արտերկիր տանեին, լավ կլիներ: Ախր իրա պրոբլեմը ներվի հետ է կապված՝ երկու ներվ ներվարմատից կտրված է, մյուսները գզգզված, ինչքան շատ ժամանակ կանցնի, էնքան կթուլնա: Երկու ողն են հեռացրել, ողնաշարի հետ կապված էլ աջ ոտքը թույլ է, թաթի հատվածը երկաթներով հավաքած է ու էս ամեն ինչը հաղթահարել է պետք»,-նկատում է Լուսինեն: 

Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ապրում են պապի թոշակով: Դեկտեմբերին ապառիկ եղանակով տան ջեռուցումն են անցկացրել, ունեն նաեւ գյուղատնտեսական վարկեր: «Ամուսնուս առողջականն երկու տարի է հեչ լավ չէ, թոքը ջուր կհավաքե, երկար տարիներ Յակուտիայում աշխատելու հետեւանքներն են,-ասում է Լուսինեն,-մեծ տղաս աշխատանք չունի, տնից մենակ ես կաշխատեի հացի փռում, բայց Էմինի պատճառով դուրս եկա, որ խնամեմ: Ինչ հիվանդանոցից տուն ենք եկել, դեղորայքը մենք ենք գնում, որ բավական թանկ արժե: Էդ էլ ենք պարտքով անում»,-ասում է զրուցակիցս:

Հարցնում եմ Էմինին, թե ինչ ծրագրեր, նպատակներ կամ երազանքներ ունի: Տղան մի քանի վայրկյան լռում է, հետո թե՝ «Նիվա» ավտոմեքենա եմ ուզում: Մայրը դժգոհում է. «Ախր, Էմի'ն ջան, չոր ավտո է, անվտանգության բարձիկ չունի, գոնե մե փափուկ, անվտանգ ավտո ուզեիր»: «Զատո սիրուն է,-Էմինը ծիծաղում է, հետո լրջանում,-հենց առողջացա, ջերմոց եմ հիմնելու, ուզում եմ ելակ ու ազնվամորի աճեցնել: Սա իմ հիմնական նպատակն է: Որ ասենք օգնող լինի, գարունն անպայման կսկսեմ»:

Մեկնաբանություններ (2)

Լուսինե
Հույսով շուտ ոտքի կանգնես հայ զինվոր եվ վստահ եմ կհասնես քո բոլոր նպատակներին
Գարիկ
Առողջություն քեզի Ախպեր ջան ????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter