Մեծ յոթնյակի գագաթնաժողովը կկայանա Մեծ Բրիտանիայում. նախատեսվում է առկա ֆորմատով հանդիպում
Մեծ Բրիտանիան, որը 2021 թվականին կդառնա Մեծ յոթնյակի (G7) նախագահող երկիրը, 2021 թվականի հունիսին առկա ֆորմատով կհյուրընկալի G7-ի առաջնորդներին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։
Գագաթնաժողովը կկայանա 2021 թվականի հունիսի 11-13-ը՝ Անգլիայի հարավարևմտյան Քորնուել թերակղզու Քարբիս Բեյ քաղաքում։ Գագաթնաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի երկրների առաջնորդներին՝ կմիանան նաև Ավստրալիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի առաջնորդները։ Գագաթնաժողովի օրակարգում ներառված հարցերից զատ, մասնակիցները կքննարկեն նաև կորոնավիրուսի համավարակը և կլիմայական փոփոխությունները։
Վերջին անգամ Մեծ յոթնյակի առաջնորդները առկա ֆորմատով հանդիպել էին 2019 թվականին՝ ֆրանսիական Բիարիցե քաղաքում։ 2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Մեծ յոթնյակի առաջնորդները չեն հանդիպել։
1994-2014 թվականներին Մեծ յոթնյակը եղել է Մեծ ութնյակ։ Առաջին անգամ Ռուսաստանը, Մեծ յոթնյակի գագաթնաժողովին որպես իրավահավասար մասնակցի, հրավիրվել է 1994 թվականին, Նեապոլում։ 2014 թվականին, երբ նախագահությունը պետք է փոխանցվեր Ռուսաստանին, իսկ գագաթնաժողովը պետք է կայանար Սոչիում, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, արևմտյան երկրները հանդիպումը տեղափոխել են Բրյուսել, իսկ հանդիպումն անցել է առանց Ռուսաստանի։ Բացի այդ, որոշվել է, որ հանդիպումները կայանալու են «յոթնյակի» ֆորմատով։
Մեծ յոթնյակը տնտեսական կազմակերպություն է, որը միավորում է Կանադային, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային, Ճապոնիային, Մեծ Բրիտանիային և Միացյալ Նահանգներին։ Բացի այդ, ամեն տարի Մեծ յոթնյակի երկրների առաջնորդներին միանում են նաև Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի առաջնորդները։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել