HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ և ԵՄ կաջակցեն ՀՀ-ում ընտրությունների լուսաբանման բարելավմանն ուղղված դասընթացների անցկացմանը

Այսօր Երևանում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մեկնարկեց ընտրությունների պատասխանատու, ճշգրիտ և հավասարակշռված լուսաբանմանը նվիրված երկօրյա դասընթաց` 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Դասընթացը կազմակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը` Եվրամիության ֆինանասական աջակցությամբ: Միջոցառմանն աջակցում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Կլոր սեղանը նպատակ ունի բարձրացնել հայ լրագրողների իրազեկությունը  ընտրական գործընթացների և խոսքի ազատության միջազգային չափանիշների ոլորտում` ընտրությունների հետ առնչվող հարցերի  էթիկապես ճիշտ և հավասարակշռված լուսաբանումը խթանելու համար:

«Ընտրական գործընթացների հավասարակշռված լուսաբանումը հիմնարար կարևորություն ունի ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Մենք հույս ունենք, որ այս դասընթացը լրագրողներին կզինի անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով, որպեսզի կարողանան ապահովել ընտրությունների ճշգրիտ և հավասարակշռված լուսաբանում և դրանով իսկ օգնեն ընտրողներին կատարել գիտակցված ընտրություն»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

«Ըստ կառավարության, հաջորդ ընտրությունները կլինեն Հայաստանում երբևէ անցկացված ամենաազատն ու ամենաարդարը: Մենք հավատացած ենք, որ լրագրողները պատասխանատվություն ունեն տեղում ստուգելու` արդյոք դա իսկապես այդպես կլինի»,- նշեց Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: 

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբանների թիմը, ինչպես նաև  լրատվամիջոցների և մարդու իրավունքների ոլորտների փորձագետները, ովքեր անցկացնում են դասընթացը, կանդրադառնան նոր ընտրական օրենսդրությանը, ներառյալ ընտրական վեճերին, ինչպես նաև զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող օրենսդրությանն ու իրավակիրառ փորձին, տեղեկատվություն ստանալու իրավունքին ու  լրագրողական էթիկային:

«Կարևոր է, որ կարծիքներն ու ցանկացած տեսակի տեղեկատվություն ընտրություններից առաջ շրջանառվեն: Բայց հատկապես կարևոր է, որ այս շրջանում լրագրողները լուսաբանեն պատասխանատու կերպով և օրենքի համաձայն: Ակնկալում եմ մասնակցել դասընթացին, որը կքննարկի այս հարցերը»,- ավելացրեց ԵԱՀԿ բրիտանացի փորձագետ Գեվին Միլլարը:

«Այս դասընթացը միտված է նպաստել հասնելու Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման առավել մեծ նպատակին` համապատասխան օրենսդրության վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման միջոցով և տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն դատարանում, եթե քրեական կամ քաղաքացիական գործեր հարուցվեն նրանց դեմ»,- ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը:

Կլոր սեղանը Հայաստանում ընտրական գործընթացների հզորացմանն ուղղված 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մասն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter