HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արցախյան շարժման վավերագրողը

«Էն ժամանակ չկար նման զարգացած տեխնիկա, ոնց որ հիմա` գունավոր, թվային: «Զենիթ», «Կիեւ» ապարատներով սեւ-սպիտակ էինք նկարում: Ես նկարները մեր տանն էի հանում` բաղնիքում: Լաբորատորիա էի ստեղծել»,- պատերազմի տարիներն է հիշում 60-ամյա ստեփանակերտցի լուսանկարիչ Աշոտ Երամիշյանը: Նրան շատերն են ճանաչում ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ Արցախում ու հատկապես` Պաշտպանության բանակում:

«Փոքրուց սիրում էի լուսանկարչությունը ու, երբ 1976-ին տեքստիլի գծով ավարտեցի տեխնիկումը, որոշեցի լուսանկարիչ դառնալ: Սկսեցի աշխատել կենցաղսպասարկման կոմբինատում: Երեք ամսով ուղարկեցին Բաքու` գունավոր ֆոտո սովորելու: Վերջացնելուց հետո եկա Ստեփանակերտ ու լուսանկարչական տուն բացեցի: Էդպես աշխատեցի մինչեւ 88-ի Շարժումը»,- պատմում է լուսանկարիչը:

Շարժումը ըստ էության մի նոր փուլ բացեց լուսանկարչի ստեղծագործական կյանքում` հանրահավաքներ, ցույցեր, միտինգներ` պատմական ճշմարտությունը վերականգնելու, Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու, Ադրբեջանի ու Մոսկվայի քաղաքականությունը դատապարտող կոչերով: Այս ամենին ի պատասխան` հայերի ջարդեր Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, մարզի օրինական իշխանությունների լուծարում, հատուկ կառավարման համակարգ, արտակարգ դրություն, «անձնագրային ռեժիմի» ստուգում, կամայականություններ, ռեպրեսիաներ, տնտեսական շրջափակում, տեռոր, «Օղակ» տխրահռչակ օպերացիա, պատերազմ…

«1991-ից, երբ սկսեցին Ստեփանակերտի ռմբակոծությունները, մարդիկ ինձ շատ էին պատվիրում զոհվածների նկարները հանել, մեծացնել, փոքրացնել, բազմացնել,- պատմում է Աշոտ Երամիշյանը:- Էդ ժամանակ էր, որ հոսանքի սղության պատճառով լուսանկարները մեծացնող սարքը էս ու էն կողմ քաշ չտալու համար ես մտածեցի ակումուլյատորով (կուտակիչ) աշխատեցնել: Ու արդեն նկարները մեր տան բաղնիքում էի հանում»:

Զինված ընդհարումների ու ռազմական գործողությունների այս սկզբնական շրջանում, երբ ղարաբաղցի ինքնապաշտպանները մեծապես զենքի կարիք էին զգում, Ա. Երամիշյանը իր հիմնական գործին զուգահեռ նաեւ բանվորությամբ է զբաղվել. «Կենցաղկոմբինատից գնում էինք ավտոբատ, էստեղ հասցված զենք-զինամթերքը բեռնում էինք մեքենաների մեջ, ուղարկում շրջաններ»:

1992-ի դեկտեմբերին մտել է Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) շարքերը: Որպես զինվոր-լուսանկարիչ ԿՊՇ-ի հետ անցել է մարտական գործողությունների վայրերով: Ասում է, որ չնայած այդ ընթացքում ավտոմատ ունեցել է, երբեք չի կիրառել: 1993-ի մարտից Ա. Երամիշյանը սկսել է աշխատել Պաշտպանության բանակի «Մարտական թերթիկ» (հետագայում` «Մարտիկ») պաշտոնաթերթում, որը տպագրվում էր շենքի նկուղում, տեխնիկապես սուղ պայմաններում:

«Տանը նկարները հանում էի, տանում թերթին, էնտեղ մերոնք պատճենահանման սարքով տպում էին: Էն ժամանակ բավականին դժվար էր. մեքենա չունեինք, ստիպված ճանապարհին հանդիպած մեքենաներով ես ու լրագրողներից մեկը մի կերպ գնում-գալիս էինք շրջաններ,- հիշում է լուսանկարիչը:- Պատերազմի ժամանակ քաղաքացիական հագած տղաներին թերթում չէին թողնում դնել, ասում էին, որ պիտի անպայման համազգեստով լինեն, այսինքն` որպես Պաշտպանության բանակի զինվորներ: Նույն արգելքը կար նաեւ էստեղ եկած կամավորական տղաների դեպքում»:

Հրադադարից հետո Աշոտ Երամիշյանը մինչեւ 2006 թվականը աշխատել է «Մարտիկ» թերթում: ՊԲ զորամասերում, թանգարանում, Ստեփանակերտի զոհված ու անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարաններում, գրքերում, տարբեր ցուցադրական պաստառների վրա այսօր էլ կարելի է տեսնել նրա հեղինակած լուսանկարները: 1996-ին, 1999-ին ու 2009-ին Ա. Երամիշյանը Ստեփանակերտում կազմակերպել է իր ստեղծագործությունների ցուցադրություններ:

14-ամյա զինծառայության ընթացքում լուսանկարիչը երկու անգամ պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով: 2006-ին կապիտան Երամիշյանը անցել է թոշակի:

«Մարտիկում» նրան փոխարինել է ավագ որդին` Արմենը: Հայրն ասում է, որ, ճիշտ է, կրտսերի` Վարդանի մեջ էլ դեպի լուսանկարչությունը հետաքրքրություն եղել է, բայց Արմենն ավելի շատ է տարվել դրանով. «Կռվի ժամանակ, երբ նկարահանումներից գալիս էի տուն` նկարները հանելու, ժապավենները հենց կախում էի, Արմենը գալիս էր, նայում, թե` «Պապա, էս ինչ լավ կադր ա, էս ով ա, էս ինչ ա…»: Գիշերը, եթե լույս չէր լինում, ակումուլյատորով նկարները հանում էինք, տանում էի թերթին, էնտեղ էլ արդեն ընտրում էին»:

Մինչեւ «Մարտիկում» ծառայության անցնելը, զորավարժությունների, զորահանդեսների, տարբեր նկարահանումների ժամանակ Արմենը երբեմն օգնել է հորը, հիմա դերերով փոխվել են` հայրն է օգնում որդուն:

Աշոտ Երամիշյանը դժվարանում է ասել, թե թեկուզ մոտավորապես որքան լուսանկար կա իր արխիվում` Շարժման, պատերազմի ու Պաշտպանության բանակի վերաբերյալ: Բայց հիմա այդ հսկայական արխիվը Արմենը պատրաստվում է իր ուժերով թվայնացնել, մշակել ու արխիվավորել համակարգչի առանձին էլեկտրոնային կրիչի վրա: Ճիշտ է` հիմա էլ խտասկավառակների վրա որոշ քանակությամբ նկարներ կան, բայց, ինչպես ասում է Արմենը, դրանք թվայնացվել են ֆոտոսրահներում հոր ժապավեններից նկարներ հանելիս, սակայն որակն այն չէ:

Աշոտ Երամիշյանի լուսանկարները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter