HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով. նրա գործով նիստը հետաձգվեց

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր նշանակված էր դատական նիստ, որին Գագիկ Խաչատրյանը չէր ներկայացել: Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ դատարան համապատասխան դիմում են ներկայացրել Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ, և նիստը հետաձգվել է:

Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստին, լրագրողների մուտքը դատական նիստերի դահլիճ չի թույլատրվել՝ պայմանավորված համավարակով:

Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008թ. հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 8-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն,  իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի  պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նա մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter