
«Առաջին պատվիրատուն չգիտեր, թե համակարգչից ինչ կարելի է սպասել». Աշոտ Խաչատրյան
«Հայկական ծրագրեր» ընկերությունը դառնում է 25 տարեկան: Երբ տարբեր հանդիպումներում առիթ է լինում խոսելու, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է «մաքուր բիզնես» անել, առանց կաշառքի ու տանիքի, ես պատասխանում եմ` այո, եւ օրինակ եմ բերում «Հայկական ծրագրեր» ընկերությանը: Այս ընկերության անցած ուղին հարթ չի եղել. այն բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Եվ ընկերության հիմնադրի` Աշոտ Խաչատրյանի մտքով երբեք չի անցել, որ պետք է նման դեպքերում կաշառք տալ:
«Հայկական ծրագրերի» օրինակը բերելով` ասում եմ` հնարավոր է «մաքուր» բիզնեսով զբաղվել, եթե չես խուսափել հարկերից և հետո գործարքի մեջ չես մտել հարկային մարմնի հետ, եթե տանիք չունես վերեւներում, եթե քո բիզնեսի մեջ փայատեր չեն զանազան պաշտոնյաներ, եթե նպատակդ միանգամից գերշահույթներ ստանալը չէ, և աշխատողներդ քո թիմակիցներն են: Այնպես որ, երբեք մի’ տրտնջացեք, թե Հայաստանում հանարավորություն չկա բիզնես անելու, պարզապես պետք է պայքարել: Խնդիրը միշտ սա է. կկոտրեն քեզ, ու կենթարկվես ընդունված խաղի կանոների՞ն, թե՞ կմնաս հավատարիմ քո սկզբունքներին:
Ես այդ ժամանակ ասում եմ` դարձրեք Ձեր ընկերությունը այնպիսին, ինչպիսին է «Հայկական ծրագրերը»: Բիզնեսում եղեք ազնիվ եւ կհասնեք հաջողությունների: Սա, իհարկե, Աշոտ Խաչատրյանի կարգախոսը չէ, սա իմ կարգախոսն է, բայց այն ասում եմ` տարիներ շարունակ հետեւելով «Հայկական ծրագրերի» գործունեությանը:
«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյան
Հարցազրույց «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ:
Ձեր ընկերությանը կարելի է շնորհավորել ոչ միայն հոբելյանական 25-ամյակի, այլև Հայաստանում երկարակյաց բիզնեսի ավանդույթ ձևավորելու համար: Որոնք են տևական բիզնես վարելու Ձեր բանալիները:
25 տարին դեռեւս տեւական չի համարվում: Բիզնեսը տեւական հաջողակ է համարվում, երբ մի քանի տնօրեններ են փոխվում, իսկ գործունեությունը շարունակում է զարգանալ: Տեւական բիզնես վարելու մասին բազմաթիվ գրքեր են գրվել: Սա ծավալուն, բազմաշերտ թեմա է: Մի քանի խոսքով կարելի է ասել հետեւյալը. պետք է ունենալ հստակ արժեհամակարգ, համառություն և համբերություն: Պետք է նախապատվություն տալ երկարաժամկետ խնդիրներին: Կարճաժամկետներից պետք լուծել միայն ամենաանհրաժեշտները: Արագ շահույթների ձգտելը բիզնեսը կործանելու ամենաարագ ուղին է:
Բիզնեսի հաջողության գրավականներից մեկը տնտեսագիտության մեջ հայտնի է հետևյալ ձևակերպմամբ. «Ճանաչեք Ձեր հաճախորդի ակնկալիքները»: Հայաստանյան հաճախորդը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարողանո՞ւմ է հստակեցնել իր ակնկալիքը, թե՞ դուք եք ձևավորում:
Մեր հաճախորդները այս 25 տարվա ընթացքում անճանաչելի են փոխվել: Հաշվապահական համակարգի մեր առաջին պատվիրատուին հարցրինք` ինչ է ուզում համակարգից: Ասաց` ուզում է ազատ ժամանակ ունենալ, «որ աղջիկներ, բան-ման»: Երբ փորձում էինք հստակեցնել, թե համակարգից կոնկրետ ինչ է սպասում, պատասխանում էր «ազատ ժամանակ եմ ուզում»: Մի խոսքով, ոչ նրանից, ոչ էլ մեր մյուս առաջին պատվիրատուների ակնկալիքները չկարողացանք հստակ իմանալ: Նրանք պարզապես չգիտեին, թե համակարգչից ինչ կարելի է սպասել: Հասկացանք, որ խնդիր առաջադրող չենք գտնելու, և մենք պետք է ինքներս հաշվապահություն սովորենք, ընդ որում` լավագույն հաշվապահների մակարդակի: Հիմա պատվիրատուները բավական առաջադիմել են այս հարցում և հաճախ շատ հետաքրքիր խնդիրներ են առաջադրում:
Եթե հաշվի առնենք, որ արտասահմանյան ծրագրային փաթեթներ գնելը բանկերի համար գումարային խնդիր չէ, ապա տեղական արտադրանքը չթերագնահատելու միակ հիմնավորումն այն է, որ դուք մրցունակ եք արտասահմանյան շուկայում: Այս դեպքում դրսի շուկայի հետ համագործակցության անհրաժեշտություն և պարտավորվածություն չի՞ առաջանում: Կա՞ համագործակցություն:
Արտասահմանյան ծրագրային փաթեթ գնելը կարող է գումարային խնդիր լինել, բայց դա խնդիրներից փոքրագույնն է: Ավելի դժվար կամ անհնար է այդ փաթեթը տեղայնացնելը` ներդնելն ու սպասարկելը: Եղել են այդպիսի փորձեր, արդյունքը` լիակատալ ձախողում : Օրենսդրական և լեզվական խնդիրներ ունեցող համակարգերի շուկան պաշտպանված է այդ առումով: Իսկ փոքր շուկան առավել եւս: Իսկ մենք կարողացել ենք մեր չափի շուկայի և առանձնահատկությունների համար օպտիմալ փաթեթներ ստեղծել: Այս ընթացքում, չհանգստանալու և չճահճանալու համար միշտ համեմատվել ենք արտասահմանյան համակերգերի հետ:
Եթե բնորոշելու լինենք Ձեր ընկերության գործունեության առաջին տարիները, ի՞նչ դեր խաղացին տեղեկատական տեխնոլոգիաները անկախության կայացման հարցում:
Երեւի ոչ մի: Անկախ Հայաստանը մեծ դեր խաղաց մեր կայացման հարցում:
Վերջերս քննարկվում էր այն հարցը, որ ՏՏ ընկերություննները հնարավորություն կունենան աշխատելու ազատ տնտեսական գոտում և արդյունքում կստանան մրցակցային լուրջ առավելություն, քանի որ նրանց արտադրանքի կեսից ավելին` 70%-ը, արտահանվում է: Դուք արտահանում իրականացնո՞ւմ եք: Ազատ տնտեսական գոտում աշխատելու առաջարկը հավակնո՞ւմ է բեկումնային դառնալ ընկերության աշխատանքների համար:
Դեռ պարզ չէ, թե այդ ազատ տնտեսական գոտին ինչ է լինելու: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ սա հերթական չմտածված քայլն է: Միայն հերթական խառնաշփոթն եմ սպասում այս նախագծից:
Ֆինանսական կառավարումը ավտոմատացնող ձեր մշակած ծրագրերը կրճատում են աշխատատեղերի քանակը համապատասխան ոլորտներում: Կարո՞ղ ենք ասել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները գործազրկությանը տանող ուղիներց մեկն են:
Սա, ինչպես կասեք դուք, լրագրողներդ, մի կարծրատիպ է: Ավտոմատացված համակարգերը աշխատատեղ չեն կրճատում: Նրանք կրճատում են սեւ աշխատանքի վրա ծախսվող ժամանակը: Զերծ են պահում սխալներից: Ավելի կարեւոր խնդիրների, վերլուծությունների, պլանավորումների, կանխատեսումների վրա աշխատելու ժամանակ և միջոցներ են տալիս: Մեր Պատվիրատուների մոտ դեռեւս աշխատատեղ չի կրճատվել, ուղղակի նույն աշխատակազմով շատ ավելի արդյունավետ կառավարում են ունենում:
Փոխարենը գնալով ավելանում է Ձեր ընկերության աշխատակիցների թիվը` կարծես հուշելով, որ ապագա աշխատող կլինի միայն նա, ով կունենա ստեղծագործ միտք և չի փոխարինվի համակարգչային ծրագրով: Ընթերցողներից շատերը կցանկանան ոչ միայն տեղեկանալ Ձեր ընկերության մասին, այլև վերապատրաստվել: Կրթական ի՞նչ բազա ունենալու դեպքում կարող են դիմել Ձեզ:
Համակարգչային ծրագիրը չի փոխարինում մարդուն. սա ևս կարծրատիպ է: Պարզապես ավելի արդյունավետ աշխատաձեւը փոխարինում է քիչ արդյունավետին: Պատկերացնու՞մ եք` ինչ կլիներ, եթե հակառակը լիներ:
Մենք ունենք ուսումնական կենտրոն` նախատեսված մեր աշխատակիցների վերապատրաստման համար: Այնտեղ մեր պատվիրատուների հաշվապահները անվճար սովորում են աշխատել մեր համակարգերի հետ: Գալիս են նաեւ ոչ պատվիրատու հաշվապահներ` այդ համակարգերը սովորելու. այդպես նրանք կարողանում են ավելի լավ աշխատանք գտնել. չէ՞ որ մեր համակարգերը ամենատարածվածն են, եւ միշտ դրանց լավ տիրապետող հաշվապահների կարիք կա:
Մենք նաև կարճատև դասընթացներ ենք կազմակերպում ծրագրավորման ֆակուլտետների լավագույն ուսանողների համար:
Ձեր մշակած ծրագրերի պատվիրատուների ցանկում են հայաստանյան բանկերի և ձեռնարկությունների մեծամասնությունը: Շուկայում գերակշռող դիրք ունենալը ինչքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում:
Չափազանց է պարտավորեցնում: Մեր համակարգերը ոչ միայն հաշվապահության ավտոմատացման, այլև կարևոր բիզնես-գործընթացների լիարժեք կառավարման միջոցներ են. նրանց խափանման դեպքում բանկերի և ձեռնարկությունների բիզնես-գործընթացները պարզապես կանգ են առնում: Սա նաև նշանակում է, որ տուժում են նրանց գործընկերները, այսինքն` մեր պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն մեր պատվիրատուներով: Պատկերացնենք` մեր բանկային ծրագիրը չաշխատի: Բանկի պատվիրատուն չի կարող իր գործընկերներին փոխանցումներ կատարել, չի կարող ստանալ իրեն փոխանցված գումարները, աշխատավարձեր վճարել: Մենք պատասխանատվություն ենք կրում նաեւ մեր պատվիրատուների գործընկերների և նրանց աշխատողների առաջ: Մենք պատասխանատու ենք Հայաստանի ձեռնարկությունների և անձանց 80-90%-ի առջև: Սա ահռելի պատասխանատվություն է: Այս կարգի ծրագրային համակարգերում ֆունկցիոնալությունը ամենակարևորը չէ: Ավելի կարևոր են դառնում համակարգերի հուսալիությունը, արտադրողականությունը, գաղտնիությունը և մեր կողմից համակարգերի սպասարկման մակարդակը: Այս խնդիրները ավելի բարդ են, քան ֆունկցիոնալությունը զարգացնելը:
Սա իր հերթին նշանակում է, որ մեր ընկերությունը պետք է լինի կայուն և կանխատեսելի: Աշխատակազմը պետք է լինի պրոֆեսիոնալ և բավարար համալրված` փոխարինելիություն ապահովելու համար:
Կրթական հաստատությունները կարողանո՞ւմ են ձեր չափանիշներին համապատասխան մասնագետներ ապահովել: Երբ նշում են, որ ՏՏ ոլորտը զարգանում է առավելապես մասնավոր սեկտորում, նկատի ունեն նաև կրթակա՞ն համակարգը. այսինքն` մասնավոր բուհերը այս ոլորտում գերազանցո՞ւմ են պետականին:
Կրթական հարցը շատ ցավոտ է: Տարեցտարի վիճակը վատանում է: Եթե մի տասը տարի առաջ մի բուհից կարելի էր 50 լավ շրջանավարտ ընտրել, ապա այսօր երկու բուհերից` ընդամենը 10-15 հոգի, որոնց նաև պետք է լուրջ վերապատրաստել: Մեր բնագավառի մասնավոր բուհեր Հայաստանում չկան: Բայց մի շարք ընկերություններ, այդ թվում` մերը, աշխատում են հնարավորինս օգնել կրթական համակարգին:
Ձեր աշխատակիցները արտասահմանում վերապատրաստվո՞ւմ են, թե՞ դրա կարիքը չկա:
Մասնագիտական կրթության հարցերը մենք լուծում ենք այստեղ, բայց ընդլայնվելու հետ մեկտեղ զգում ենք մենեջերական, ադմինիստրատիվ ունակությունների պակաս: Այս սեպտեմբերին մեր բաժնի վարիչներից մեկին ուղարկելու ենք Լոնդոն` MBA-ի մեկամյա դասընթացներին:
Արդեն ծրագրե՞լ եք Ձեր առաջիկա անելիքները:
Ե'ւ բանկային, և' ձեռնարկությունների ֆինանսական կառավարման ոլորտում շեշտը դնելու ենք ինտերնետ կիրառությունների և համակարգային ինտեգրացիայի վրա:
Բանկային համակարգում անցում կատարվեց նոր հաշվային պլանի և դրա հետ կապված շատ խնդիրներ հետ մնացին, հիմա աշխատում ենք դրանց վրա: Վերջացրել ենք ԻնտերնետԲանկինգ մոդուլի նոր տարբերակը, որն ունի մեծ ֆունկցիոնալություն և ավելի հղկված ինտերֆեյս:
Խոշոր ձեռնարկությունների հաշվապահական համակարգում մշակվում է պատվիրատուներից պատվերներ ընդունելու և առաքումները կազմակերպելու մոդուլը, կարճ ասում ենք` դիստրիբուցիա: Սա նախատեսված է այն առևտրական կամ արտադրական ձեռնարկությունների համար, որոնք իրենց արտադրանքն ուղարկում են շատ խանութներ:
Հիմնովին վերամշակվում է միջին և փոքր ձեռնարկությունների համար նախատեսված համակարգը: Սա լրիվ նոր սերնդի համակարգ է լինելու, մշակված .Net միջավայրում և իր մեջ պարունակելու է ԻնտերնետԲանկիգի ֆունկցիաներ:
Մեր համակարգերին զուգահեռ պատվիրատուներին առաջարկում ենք նրանց գործունեությանն անհրաժեշտ, այլ ընկերությունների մշակած մոդուլներ: Microsoft CRM, SharePoint, Lync, Outlook և այլն: Մշակել ենք այս մոդուլները, մոդուլների ինտեգրացիան մեր բանկային և հաշվապահական համակարգերի հետ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել