HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արզնի-Շամիրամ ջրատարում անհետ կորած համարվող տարեց կնոջ դի է հայտնաբերվել

Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2020թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 21:55-ին, Նոր Երզնկա գյուղի բնակչուհուց հաղորդում է  ստացվել այն մասին, որ իր 86 տարեկան մայրը տանից դուրս է եկել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում:

Ոստիկանությունն իրականացրել է օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև՝ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են վկաներ:

2021թ. հունվարի 17-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի վարչական տարածքի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ, հայտնաբերել է Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին:

Դիակի մասամբ սառցապատ լինելու պատճառով, ինչպես հայտնում է ՔԿ-ն, հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային և աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter