HY RU EN

Անի Հովհաննիսյան

Թբիլիսիի հայ ուսանողները վիրավորվել են Աշոտյանից

Թբիլիսիում սովորող հայաստանցի և վրացահայ ուսանողներն օրեր առաջ ստացել էին Թբիլիսիի պետական համալսարանի կրթության բաժնի հայտարարությունը, ըստ որի՝ մարտի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելելու էր Թբիլիսի՝ հանդիպելու հայաստանցի և վրացահայ ուսանողների հետ։

Հանդիպման էր եկել մոտ 20 հայաստանցի ու վրացահայ ուսանող Թբիլիսիի պետական համալսարանից և ISET-ից (Թբիլիսիի պետական համալսարանին կից տնտեսագիտության միջազգային դպրոց)։ Հայտարարության համաձայն՝ հանդիպումը պետք է տեղի ունենար համալսարանի առաջին մասնաշենքի 115-րդ լսարանում, սակայն հայ ուսանողները, մոտ 40 րոպե սպասելով փակ լսարանի դռան մոտ, չստանալով հանդիպման հետաձգման կամ չեղյալ հայտարարվելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն, հեռացել են։

«Նախ, հայտարարության մեջ նշված չէր, թե ինչ թեմայով է հանդիպումը։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչու են Վրաստանում սովորող հայ ուսանողներն արժանացել նախարար Աշոտյանի ուշադրությանը։ Մենք այս պահին չգիտենք, թե ում կազմակերպչական սխալի հետևանքով է այս իրավիճակը ստեղծվել, բայց դա արհամարհանք է ուսանողի նկատմամբ։ Ուսանողներից մեկը մի քանի զանգ կատարելուց հետո միայն պարզեց, որ հանդիպումը չի կայանալու, քանի որ Արմեն Աշոտյանը չի ժամանել»,- ասաց ուսանող Սամվել Իսրայելյանը։

ԿԳ նախարարության լրատվության վարչությունից «Հետքին» հայտնեցին, որ Արմեն Աշոտյանը Թբիլիսիում գտնվել է ոչ թե որպես նախարար, այլ ՀՀԿ փոխնախագահ և մասնակցել է ԵԺԿ խորհրդակցությանը: Որպես ԿԳ նախարար՝ նա այդ ժամանակ եղել է արձակուրդում:

Վրացական կողմն առաջարկել է, որ Արմեն Աշոտյանը հանդիպի ուսանողների հետ: ԿԳ նախարարության լրատվության վարչությունից ասացին, որ Արմեն Աշոտյանը սիրով կհանդիպեր ուսանողներին, սակայն հնարավորություն չի ունեցել, քանի որ իր գրաֆիկը շատ խիտ է եղել: