
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծերի փաթեթը
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այս փոփոխություններով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան, որը մասնագիտացված է լինելու կոռուպցիոն գործերի ուսումնասիրմամբ: Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը:
Տեղեկացնենք, որ հակակոռուպցիոն դատարանի նախագահի աշխատավարձի գործակիցն առաջարկվում է ամրագրել 13.50, դատավորինը` 13, ըստ այդմ նախագահի աշխատավարձը կլինի 892620 դրամ (հարկերը ներառյալ), դատավորինը` 859560 (հարկերը ներառյալ):
Մեկնաբանել